▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսեսի ժողովրդի ճանապարհը դեպի Ավետյաց երկիր, Երիքովի գրավումն ու մեր հեղափոխությունը

Քաղաքական վերջին իրադարձություններն ամենաքննարկելին դարձան ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում: Այսուհետև հայկական հեղափոխության նոր տեսակը ավելացավ համաշխարհային պատմության մեջ՝ թավշյա, անարյուն, սիրո, լույսի, վուվուլեզային...հեղափոխություն: Այս հեղափոխության համար շատ մակդիրներ կարող են ընտրվել, քանզի հեղափոխության կիրարկած նոր ստրատեգիան ուներ ամենատարբեր լուծումներ՝ լրատվական, քարոզչական, լրաստեղծ միջոցների ակտիվ ներգրավվում, նոր իմիջի դրսևորում, հնարամիտ մոտեցումներ՝ վուվուլեզներ, շերեփ-կաթսա, ինքնաբուխ հավաքներ, ավտոմեքենաների ազդանշաններ, ճանապարհներին տեղաշարժի խափանումներ: Այս լուծումներից մի քանիսը ունեն հետաքրքիր նախատիպեր: Դրանց մի քանի օրինակներ նկարագրվում են նաև Աստվածաշնչում:

Մի առիթով Նիկոլ Փաշինյանն ասել է՝ մի գիրք կա, որը անընդհատ վերընթերցում է՝ Աստվածաշունչը: Գուցե նաև այս պատճառով շարժման դրվագները ակամա հիշեցնում են Աստվածաշնչյան պատմությունները:

Ծննդոցից կամ մարդու ու իր շրջապատի արարմանը հաջորդում է Ելքը՝ Տիրոջ կողմից Մովսես Մարգարեի առաջնորդությամբ իր ժողովրդին ազատելն ու քայլելը դեպի ավետյաց երկիր: Հին Կտակարանյան մի ուրիշ դրվագում, որը հաջորդում է այս ճամփորդությանը,  Հեսուի գրքում նկարագրված է Երիքովի պարիսպների կործանումը. այո՛, չզարմանաք, նույն տեխնիկայով, ինչը կատարվեց այս օրերին Փաշինյանի ու նրան աջակցող բազմության կողմից:

ԱԺ-ում իրենց հաղթանակին հասնելը  ցույցերով, ազդանշաններով, վուվուլեզներով, հիշեցնում է հենց այս դրվագը:

Երիքովի գրավումը Հեսուի առաջին հաղթանակն էր Ավետյաց երկրում .  «...6 Երիքովն ամուր փակուած եւ ամրացուած էր իսրայէլացիների պատճառով, ոչ ոք դուրս չէր գալիս այնտեղից եւ ոչ ոք չէր մտնում։ 2Տէրը Յեսուին ասաց. «Ահա ես քո ձեռքն եմ տալիս Երիքովը, նրա մէջ գտնուող թագաւորին եւ զօրաւոր քաջերին։ 3Բայց դուք, երբ լսէք եղջերափողի ձայնը, բոլոր մարտիկներդ շեփորներով շրջապատեցէ՛ք քաղաքը։ Երբ փողերը հնչեցնէք, բոլոր պատերազմող մարդիկդ քաղաքի շուրջը պտոյտ տուէ՛ք օրական մէկ անգամ։ Այսպէս արէ՛ք վեց օր։ 4Եօթը քահանայ թող առնեն տանեն տօնական եղջերափողերը տապանակի առջեւից։ Եօթներորդ օրը քաղաքի շուրջը պտոյտ տուէ՛ք եօթն անգամ, քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը, 5եւ առհասարակ ամբողջ ժողովուրդը թող աղաղակի։ Երբ նրանք աղաղակեն, քաղաքի պարիսպներն իրենք իրենց հիմնայատակ կը կործանուեն, ամբողջ ժողովուրդը կը մտնի քաղաք՝ ամէն մէկն ընթանալով ուղիղ իր դիմացը»։ ...18Բայց դուք զգուշացէ՛ք նզովքից. չլինի, թէ ցանկանաք մի բան առնել այդ նզովուածից. իսրայէլացիների բանակատեղին նզովքի կ՚ենթարկէք եւ կը կործանէք մեզ։ 19Ամբողջ ոսկին, արծաթը, պղինձը եւ երկաթը Տիրոջ սրբութիւնը պիտի լինեն եւ Տիրոջ գանձարանը պիտի մտնեն»։ 20Եւ ժողովուրդն աղաղակեց, ու քահանաները հնչեցրին փողերը։ Երբ ժողովուրդը լսեց փողի ձայնը, բոլորն աղաղակեցին մեծ եւ ուժգին աղաղակով, պարիսպն ընկաւ շուրջանակի, եւ ժողովուրդը բարձրացաւ մտաւ քաղաք...»։

Ահա հենց այսպես, վերջին 7 օրերը եղան ճակատագրական. մայիսի 1-ին տապալվեցին վարչապետի ընտրությունները եւ ժողովրդի ընդվզումը շարունակվեց մինչև մայիսի 8-ը. առանց ավելորդ ուժի գործադրման, ընկան պարիսպները:

Հուսանք կկարողանանք մեզ համար հերթական նմանությունը գտնել մյուս դրվագի մեջ, որտեղ խստորեն հրահանգվում է ներսում եղած ողջ գանձերը Տիրոջ կամ Տիրոջ պահած երկրի գանձարանը տանելուն:

 

Զար Դիլանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին