▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես արդեն փոխվել եմ, հին Վաղարշը չեմ... «Ժողովուրդ»

Երեկ փոքր բիզնեսի ներկայացուցիչները կրկին բողոքի ակցիա անցկացրին ՀՀ Կառավարության շենքի առջեւ: Նրանք պահանջում էին ոչ միայն կասեցնել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունները, այլեւ պաշտոնանկ անել ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին:

 

Սակայն մարդկանց դժգոհությունը կրկին լսող չկար: Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցել են ոչ միայն Երեւան քաղաքի, այլեւ ՀՀ որոշ մարզերի տոնավաճառների աշխատակիցներ: Երեկ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպի իրենց հետ, սակայն վերջինս այդպես էլ չիջավ: Վարչապետի վերաբերմունքից զայրացած ձեռներեցներն ակցիայի ընթացքում մեջքով կանգնեցին դեպի Կառավարությանը: Բացի այս՝ առեւտրականներին զայրացրել էր նաեւ նախօրեին ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի հայտարարությունը, թե չնայած ցուցարարների պահանջին՝ օրենքը ենթակա չէ փոփոխման, եւ Կառավարությունը մտադիր չէ զիջման գնալ:

Մինչ Կառավարության առջեւ ձեռներեցները բողոքի ակցիա էին անցկացնում, այդ ընթացքում «Ժողովուրդ»-ը Երեւանի ոսկու շուկայի առեւտրականներից դժգոհություններ ստացավ այն մասին, որ իրենց պատկանող ոսկին, որը սովորաբար պահպանվում է զրահապահեստում (բունկեր), չեն տալիս, որպեսզի վաճառեն՝ պատճառաբանելով, որ մասնակցել են բողոքի ակցիային: «Ժողովուրդ»-ը եղավ ոսկու շուկայում, որտեղ անվտանգության աշխատակիցներն ուղեկցեցին զրահապահեստ եւ հայտարարեցին, որ նման բան չի եղել: Մինչդեռ տեղում պարզեցինք, որ բողոքի ակցիային չէին մասնակցում միայն «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ի աշխատակիցները, ովքեր առիթից օգտվելով՝ մեծ եռանդով իրենց ոսկին էին վաճառում:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի հետ:

-Պարո՛ն Աբրահամյան, ինչո՞ւ բողոքի ակցիային մասնակցած աշխատակիցներին չեն տվել իրենց ունեցվածքը:

-Նման բան չի եղել: Շառ են անում:

-Այս անգամ է՞լ են Ձեզ հրահանգել խոչընդոտել մարդկանց՝ բողոքի ակցիային մասնակցելու համար:

-Ես իրենց աղաչել եմ, խնդրել եմ, որ չգնան, չեն լսում ինձ: Ինձ ոչ ոք չի հրահանգել: Ես ո՛չ աթոռ եմ կոտրել, ո՛չ էլ սեղան: Ես փոխվել եմ, հին Վաղարշը չեմ:

Հ.Գ. Հավելենք, որ բողոքի ակցիային մասնակից ձեռներեցները հայտարարեցին, թե շարունակելու են իրենց պայքարը: Եւ այն չեն դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ օրենքում կատարված փոփոխությունները չեն կասեցվել: Հակառակ դեպքում նրանք կդիմեն կտրուկ գործողությունների, այդ թվում նաեւ՝ հացադուլի ու նստացույցի:

Հեղինակ` ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին