Ստամբուլահայ սիրված երգչուհի Սիպիլ Փեքթորոսօղլուն օրեր անց՝ փետրվարի 11-ին, կներկայացնի իր նոր՝ «Սեր» ձայնասկավառակը:
Սա երգչուհու արդեն երկրորդ ալբոմն է, որտեղ ընդգրկվել են 12 երգեր՝ մեծ մասը նոր, իսկ երեքը՝ հանրությանն արդեն ծանոթ:
Երգչուհին համագործակցել է Ջիվան Գասպարյանի, Արա Գևորգյանի, Անդրեի, «Արևներ»-ի, Ավետ Բարսեղյանի, Արթուր Սաֆարյանի, Զարուհի Բաբայանի, Արսեն Սաֆարյանի, Արսեն Գրիգորյանի, Ալլա Լեւոնյանի, Էրիկի, Սոֆի Մխեյանի, Հասմիկ Կարապետյանի, Մհերի, Աննա Խաչատրյանի, Սյուզան Մարգարյանի, Վարդան Բադալյանի, Ինգա, Անուշ Արշակյանների, Լեյլա Սարիբեկյանի հետ:
Շնորհավորում ենք Սիպիլ Փեքթորոսօղլուին և ներկայացնում ASEKOSE.am-ի հետ նրա զրույցը՝ նոր ալբոմի մասին.
-Շնորհավորում եմ, սիրելի Սիպիլ, նոր ալբոմ թողարկելու կապակցությամբ: Ինչու՞ «Սեր» կոչեցիք…
- Շնորհակալություն… Աշխարհում սիրուց ավելի գեղեցիկ զգացմունք գոյություն չունի, ալբոմս այդպես անվանելու պատճառը դա է… Ալբոմիս անունը «Սեր» է, և թող այն սեր բերի բոլորին: Երաժշտությունը մարդկանց միջև հաղորդակցության ամենալավ միջոցն է: Ես՝ Թուրքիայում ծնված և մեծացած լինելով, փափագեցի երգել իմ մայրենի լեզվով՝ իմ երգերի, իմ ձայնի սիրո հունդը ցանելով մարդկանց սրտերում:
-Քանի՞ երգ է ընդգրկված ալբոմում: Ովքե՞ր են հեղինակները…
- Ալբոմում ընդգրկված են 12 երգեր, որոնցից 8-նոր երգեր են, 1-ը՝ ռեմիքս տարբերակ, 3-ը հին, բայց սիրված ու անմոռանալի երգեր՝ «Ադանայի ողբը», «Բարի Արագիլը» և «Տարիներ, տարիներ»-ը: 7 նոր երգերի երաժշտության հեղինակը Մաժակ Թոշիկյանն է: Քանի որ Հովհաննես Շիրազի պոեզիան շատ հոգեհարազատ է ինձ, այդ պատճառով «Սեր» ալբոմում 2 Երգ Շիրազի բառերով են: Մյուս նոր երգերի համար հրաշալի խոսքեր են գրել Ավետ Բարսեղյանը, Մաքրուհի Հակոբյանը, Արթուր Սաֆարյանը, մեկ երգի երաժշտությունը շատ սիրելի Արա Գևորգյանինն է: Ալբոմում ընդգրկվել է մեկ երգ՝ արամերենով՝ Հիսուս Քրիստոսի լեզվով, որի հեղինակը ասորի Թումա Սելիկն է:
-Սիրելի Սիպիլ, համագործակցել եք նաև Ջիվան Գասպարյանի, ինչպես նաև հայ երգիչ-երգչուհիների հետ…Ի՞նչ է տվել այդ համագործակցությունը Ձեզ..
-«Սեր» ալբոմիս շնորհիվ բախտ ունեցա համագործակցելու Ջիվան Գասպարյանի հետ: Ինձ համար իսկապես նրա արվեստը հրաշքի նման մի բան է: Բախտ ունեցա աշխատել իմ շատ լավ բարեկամ Արա Գևոգյանի, իմ սիրելի ընկեր Անդրեի, Արմեն Դիվանյանի «Արևների», թուրք երաժիշտ Մերչան Դեդեի, Պեդրոյի և Հայաստանի սիրված երգիչ-երգչուհիների՝ Զարուհի Բաբայանի, Արսեն Սաֆարյանի, Արսեն Գրիգորյանի, Ալլա Լեւոնյանի, Էրիկի, Սոֆի Մխեյանի, Հասմիկ Կարապետյանի, Մհերի, Աննա Խաչատրյանի, Սյուզան Մարգարյանի, Վարդան Բադալյանի, Ինգա, Անուշ Արշակյանների, Լեյլա Սարիբեկյանի հետ:
- Հայաստանցի հանդիսատեսը ևս, անշուշտ, սպասում է Ձեր երգերին: Ե՞րբ կարող ենք հայաստանցիներս ծանոթանալ նոր ալբոմին: Այստեղ ե՞րբ է նախատեսվում շնորհանդես կազմակերպել:
- Ես էլ շատ կփափագեմ երգերս ծանոթացնել Հայաստանի ժողովրդին: Կարծում եմ՝ Հայաստանում շնորհանդես կլինի: Հուսամ՝ կիրականանա իմ ցանկությունը:
-«Սեր»-ը Ձեր արդեն երկրորդ ալբոմն է, ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար...
-Առաջին ալբոմս մանկությանս երազանքն էր, իսկ «Սերը» պիտի լինի Սիպիլի համակիրների, Սիպիլին սրտանց սիրողների երազը: Գիտեմ, որ անհամբեր սպասում են իմ երգերին: Մենք էլ ամեն ինչ արեցինք, որ երգերը որակյալ լինեն: Իսկապես շատ աշխատեցինք, շատ անքուն գիշերներ անցկացրինք, բայց, կարծում եմ, արժեր…
Հարցազրույցը՝ Հասմիկ Գյոզալյանի