Հայկական շոու բիզնեսում մյուս Արսեն Գրիգորյաններից նրան տարբերելու համար հաճախ օգտագործում են «խուճուճ» բառը: Սակայն պետք է փաստենք, որ գանգրահերությունը միակ բանը չէ, որով նրան կարող ենք տարբերել: Լինելով մասնագիտությամբ դերասան` Արսենը տարիների ընթացքում իրեն կարողացավ դրսևորել արվեստի տարբեր ճյուղերում, ինչպես նաև հեղինակեց թևավոր դարձած «Բարևևևևև Ձեեեեզ»-ը: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Արսեն Գրիգորյանի հետ` նրա ներկայիս հոգեվիճակի, տևական դադարի պատճառների և «Կամիլ»-ի վերադարձի մանրամասների մասին:
-Արսեն, տևական հեռուստատեսային դադարից հետո կրկին վերադառնում եք, ինչո՞ւ որոշեցիք դա անել միայն «Կամիլ»-ի շնորհիվ:
-Հրավեր եղավ 21TV-ի կողմից և այն ուղղված էր Կամիլին: Սիրով համաձայնվեցի, որովհետև Կամիլին կրկին կյանքի կոչելու հրաշալի առիթ է, մանավանդ, որ անչափ կարոտել էի այդ կերպարը: Ծիծաղելու և ծիծաղեցնելու առաջարկությունից երբեք չեմ հրաժարվի:
-Շատ հաճախ փորձում ենք հումորի միջոցով խոսել լուրջ խնդիրներից: Կան մտքեր, որոնք կարո՞ղ եք հնչեցնել միայն Կամիլի շուրթերից:
-Կան մտքեր, որոնք, կարծում եմ, Կամիլից բացի էլ ոչ ոք չի կարող այդքան համեմված հնչեցնել: Կերպարի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նա չի փորձում ավելորդ անգամ լրջացնել առանց այն էլ այսքան լուրջ իրականությունը:
-Իսկ չունե՞ք մտավախություն, որ Ձեզ կարող են ընկալել միայն այդ կերպարում, արդյո՞ք Կամիլը չի խանգարի դերասան և հաղորդավար Արսենին:
-Քանի որ Կամիլը միակ կերպար չէ, որ երբևէ խաղացել եմ, բնականաբար, մտավախություն չունեմ: Մինչ օրս ճիշտ հակառակը կարող եմ ասել` Կամիլի կերպարը միայն օգնել է ինձ: Մարդիկ հաճախ ավելի համարձակ են իրենց սերն արտահայտում հորինած կերպարի նկատմամբ, քան իրական մարդու:
-Կամիլն այս անգամ ի՞նչ թեմաների է անդրադառնալու:
-Թեմաները շատ տարբեր են և կոնկրետ մեկ ուղղվածություն չունեն. լինելու և շոու բիզնես, և սպորտ, և քաղաքակություն: Կամիլի համար թեմաներն անսպառ են:
-Սովորաբար շոու բիզնեսում այն մարդիկ, ովքեր տևական ժամանակ չեն երևում էկրաններին համարվում են «անհետացած», ինչո՞վ էիք զբաղվում այս ընթացքում:
-Եվրոպա Արմենիա tv-ի եթերում վարում եմ «Միայն լավագույները» տեսահոլովակների հիթ շքերթը: Այն միայն արբանյակով է հեռարձակվում, ինչպես նաև ինձ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդելու հնարավորություն է ընձեռվել: Ավելի ճիշտ` իմ և ուսանողների հանդիպումներն ավելի շատ «work shop» են հիշեցնում:
-Դասավանդելը Ձեզ համար նոր փորձարկո՞ւմ է: Եվ որպես մարդ, ով շոու-բիզնեսում հնարավոր ամեն բան արել է և ումից միշտ ինքնատիպ աշխատանքներ են սպասում, հետագա անելիքների մասին խորհելիս սպառման խնդրի առաջ չե՞ք կանգնում:
-Դասավանդելը նոր փորձարություն է և պրոցեսն այնպիսին է, որ դժվար է միանշանակ ասել` ավելի շատ սովորեցնում ես, թե սովորում ես ուսանողներից: Երբ ստեղծագործական փուլի մեջ ես, երբեք չես սպառվում: Այս կյանքն այնքան գունեղ ու բազմազան է, որ անդադար նորը գտնելու, ճանաչելու և կյանքի կոչելու անսպառ հնարավորություն է տալիս: Իսկ հորինած վախերով ինձ երբեք չեմ սահմանափակում, սիրում եմ մասնագիտությունս, իսկ սիրո մեջ վախ չկա: Չեմ վախենում սպառվելուց:
-Եթե չեք վախենում սպառվելուց, հոգնածություն էլ չե՞ք զգում, որովհետև շատ հաճախ շահարկվում է շոու-բիզնեսի միապաղաղությունը, և շատերն իրենց տևական դադարը պատճառաբանում են հենց այդ գործոնով:
-Իհարկե, մարդու մոտ տարբեր փուլեր են լինում. և հոգնածության, և էներգիայի առատության, և տխրության, և ուրախության, և հիասթափության, և ոգևորվածության, բայց այս ու այլ երևույթների հետ մեկտեղ չեմ հոգնում կյանքից: Սիրում եմ կյանքը և, փառք Աստծո, այդ սերը փոխադարձ է: Այսօր չունեմ հոգնածության զգացողություն այն բանից, որով զբաղվում եմ և, կարծում եմ, երբեք էլ չեմ ունենա:
-Իսկ ներկայումս Ձեզ մոտ ի՞նչ փուլ է:
-Խաղում եմ Կամերային թատրոնում և «Սիրո կամուրջ» ներկայացման մեջ: Ինչպես նաև 32 ատամ-ի հետ «Կամիլբլոգ» հաղորդումն ենք պատրաստում: Ինչպես վերը նշեցի նաև վարում եմ «Միայն լավագույները» հաղորդումը:
-Իսկ եթե փորձենք նաև հասկանալ, թե հոգեկան առումով, որ փուլո՞ւմ եք:
-Հոգեկան առումով այս պահին շատ երջանիկ և օրհնված եմ: Շնորհակալ եմ Տիրոջը, որ այդքան ծիծաղելու հնարավորություն ու առիթ է ստեղծում. սիրում եմ ծիծաղել:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան