▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրով կներկայացնեմ Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում, բայց ինքս երբեք չեմ խնդրի.Մարգարիտա Պոզոյան

Ինչպես փորձն է ցույց տվել, ռուսական երաժշտական նախագծերը հայ հանդիսատեսին հնարավորություն են ընձեռնում լսել, գնահատել, ինչպես նաև ճանաչել հայրենիքից հեռու գտնվող, բայց իրենց իսկական հայ զգացող տաղանդավոր մասնակիցներին: Այդպիսիններից է Մարգարիտա Պոզոյանը, ով արժանացավ քմահաճ հայ հանդիսատեսի դրական վերաբերմունքին, հետո արդեն՝ հոտնկայս ծափահարություններին: Իսկական հայ ընտանիք, հայկական ավանդույթներ ու «յան» վերջավորությամբ հայկական ազգանուն՝ հպարտությամբ նշում է իր կյանքում դժվարությունների պակաս չզգացող Մարգարիտան, ով դանդաղ, բայց հաստատուն քայլերով փորձում է միայնակ իր դիրքերն ամրապնդել ռուսական շոու բիզնեսում: Asekose.am-ի թղթակիցը զրուցեց Մարգարիտա Պոզոյանի հետ՝ ազգանվան «յան» վերջավորությունը իրեն խոչընդոտելու, «Голос» նախագծից հետո ճանաչում ձեռք բերելու, Հայաստանում միայն հրավերի դեպքում համերգներով հանդես գալու և այլ թեմաների մասին:

 

Կուզեի մեր զրույցը սկսել քո հայկական արմատներից: Հետաքրքիր է՝ ինչքանո՞վ է իրեն հայ զգում Կրասնոդար քաղաքում ծնված, այժմ Մոսկվայում բնակվող Մարգարիտա Պոզոյանը:

Ես ինձ լիարժեք հայ եմ զգում: Եվ այսպես միշտ է եղել:  Դաստիարակվել եմ հայկական ընտանիքում, իսկ հայկական ավանդույթների պահպանման հարցում, որոնք ինչպես հայտնի է, հայ ժողովուրդը փոխանցում է սերնդեսերունդ, մեր ընտանիքն էլ բացառություն չէ:

Արտերկրում ապրող մի շարք հայտնի մարդիկ գրեթե միշտ իրենց խոսքերում շռայլ են արտահայտվում և նշում են, որ հպարտանում են հայ լինելով: Որքանո՞վ է դա հպարտություն քեզ համար:

 Ինձ համար շատ կարևոր հանգամանք է այն, որ ես կրում եմ հայկական ազգանուն «յան» վերջավորությամբ, որը ոչ ոք երբեք չի շփոթի: Չնայած կան մարդիկ, ովքեր ինձ հարց են տալիս. «Դու հայուհի ես»,- որին ի պատասխան՝ հպարտությամբ պատասխանում եմ՝ «այո»: Ուրախությամբ եմ գիտակցում այն, որ հանդիսանում եմ բազմադարյա պատմություն ունեցող մշակույթի մի մասնիկը, որն ունի հարուստ պատմություն, ավանդույթներ, որ ես այն ժողովրդի մի մասնիկն եմ, որն ունի բազմաթիվ շնորհալի և տաղանդավոր ներկայացուցիչներ: 

 Դեռ մանկուց կարծես թե պայքարի մեջ ես եղել և պայքարել ես հաջողությանդ համար: Գնալով Մոսկվա քո երազանքի հետևից՝ ի հեճուկս քեզ՝ կարծես թե այն գրկաբաց չընդունեց Մարգարիտա Պոզոյանին: Ինչպես նշել ես, բազմաթիվ խնդիրների առջև ես կանգնել և միայնակ հաղթահարել ես դրանք: Ի՞նչ տեսակ խնդիրների մասին է խոսքը: 17,18 տարեկան միայնակ աղջնակին ի՞նչն էր պայքարելու ուժ տալիս:  

 Ես միշտ եղել եմ, այսպես ասած, «տան աղջիկ» և ինձ շատ դժվար էր լինել ընտանիքիցս հեռու և միայնակ: Դժվարությունների պակաս չեմ ունեցել: Գրեթե միշտ ամենադժվար խնդիրը իմ ապրելատեղի հարցն է եղել: Ես, կարծես թե, ապրել եմ Մոսկվայի բոլոր թաղամասերում՝ տեղափոխվելով մեկ վայրից մյուսը: Այնուհետև սկսել եմ աշխատել, քանի որ արդեն չէի կարող ընդունել ընտանիքիս ֆինանսական աջակցությունը: Բավական շատ եմ աշխատել, որպեսզի կարողանամ հոգալ իմ ծախսերը և վերջում, արդեն ես սկսեցի օգնել ընտանիքիս, քանի որ մայրս միայնակ է մեծացրել ինձ, քրոջս և եղբորս: 

 Շոու բիզնեսի շուկա փորձել մտնող նորեկները գրեթե միշտ իրենց գործունեությունը սկսում են ակումբներում երգելուց: Մինչ հայտնի նախագծերից մեկին մասնակցելը, ինչպիսի՞ քայլեր ես ձեռնարկել քո հաջողության համար, ինչո՞վ ես զբաղված եղել:

 Մինչ մրցույթը Մարգարիտա Պոզոյանն ավելի շատ հայտնի էր Արիշատա անվամբ: Երբ տարիներ առաջ մասնակցեցի «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին, հանդես էի գալիս հենց այդ անվամբ: Բացի այդ, ելույթ էի ունենում տարբեր ակումբներում, տարբեր բեմահարթակներում: Եղել եմ և այժմ էլ կամ «Jazz Parking» ջազային խմբի մենակատարը և մինչ այսօր ելույթ եմ ունենում այդ խմբի համերգների ժամանակ: Այնպես որ, չեմ հասցրել ձանձրանալ: 

Բազմաթիվ քասթինգներից հետո, որտեղ, ինչպես նշում ես, քեզ պարզապես շնորհակալություն էին հայտնում և վերջ, «Голос» նախագծում վերջապես լսվեց քո շնորհակալությունը՝ ուղղված հանդիսատեսի ծափահարություններին և մարզիչների գովեստներին: Շրջված երեք մարզիչներից ընտրեցիր Դիմա Բիլանին, ով գրեթե խնդրում էր, որպեսզի ընդգրկվես իր թիմում: Ինչո՞ւ նման որոշում կայացրեցիր և արդյո՞ք բոլոր այն սպասումները, որոնք կապում էիր նրա հետ, արդարացվեցին:

 Դիման շատ հստակ բացատրեց, թե ինչու ես պետք է հայտնվեմ իր խմբում: Որպես արտիստ, ես նրան միշտ համակրել եմ, և բացի այդ ամենը, նա առաջինն էր, ով ուշադրություն դարձրեց իմ ելույթին: Երբ ես պատրաստվում էի մասնակցել նախագծին, փորձում էի մեծ ակնկալիքներ չունենալ դրանից, որպեսզի հետո ցավոտ չլիներ ընկնել ներքև: Այդ իսկ պատճառով նախագծի ընթացքում ունեցած բոլոր հաջողություններս ընդունում էի մեծ ուրախությամբ: Դիմա Բիլանի հետ աշխատելը ինձ շատ հաճելի էր, նա ինձ հասցրեց մինչև եզրափակիչ փուլ. ինչը կարող էր սրանից առավել լինել:

Քո բոլոր ելույթներից հետո դահլիճի հոտնկայս ծափահարությունները չէին դադարում: Ընդամենը մի քանի փոքրիկ քայլ և դու կարող էիր դառնալ հաղթող, բայց այնուամենայնիվ դուրս մնացիր նախագծից: Մոսկվայի հոտնկայս  ծափահարությունների մեջ ի՞նչն էր պակասում, որ հաղթանակը և հաղթանակի քվեն քոնը չեղավ և չկարողացար համոզել հեռուստադիտողներին:

 Նման մակարդակ ունեցող նախագծում հաղթանակը չէ, որ կարևոր է: Ես կարծում եմ, որ բոլոր եզրափակիչ անցած մասնակիցներն արժանի էին հաղթող դառնալու: Ինձ համար առավել կարևոր էր լավ կատարումը, այսինքն՝ փորձում էի հեռուստադիտողին փոխանցել այն, ինչ զգում էի: Հաղթողին ընտրեցին հեռուստադիտողները, ովքեր ունեն իրենց սուբյեկտիվ կարծիքները և ճաշակները: Ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա:

Բացի այդ, խոսակցություններ էին պտտվում, որ քեզ ինչ-որ մի տեղ խանգարեց նաև «յան» ազգանունը: Դու ի՞նչ կարծիքի ես: Արդյո՞ք այստեղ գործ ունեինք ազգային խտրականության հետ:

 Գերադասում եմ, որ բամբասանքները այդպես էլ մնան բամբասանք, քանի որ վստահ եմ, որ դրանք անհիմն են: Եթե մտածենք այդպես, ապա ես հենց սկզբից պետք է դուրս մնայի նախագծից և չհասնեի եզրափակիչ:

«Մարգարիտան ունիկալ երգչուհի է»,- այսպես է քո մասին արտահայտվել Դիմա Բիլանը: Արդյո՞ք նախագծի ընթացքում ձեռք բերած ձեր մտերմությունն անցել է նաև իրական կյանք: Նախագծից հետո որևէ աջակցություն ունեցե՞լ ես և ունե՞ս Դիմայի կողմից:

 Մենք, իհարկե, մնում ենք լավ ընկերներ, ովքեր շարունակում են միմյանց հետ կապի մեջ լինել: Հոգեպես Դիման ինձ միշտ է աջակցում: Իսկ եթե ինձ պետք լինի նրա մասնագիտական օգնությունը, կարծում եմ, անպայման կստանամ դա նրա կողմից:

Չնայած ներկայիս խիստ աշխատանքային գրաֆիկիդ, մենահամերգներիդ և ճանաչվածությանդ՝ դեռ չես հաջողել ամրապնդել քո ամուր դիրքերը ռուսական շոու բիզնեսում: Կողքիդ չունես նաև մասնագետ մարդիկ, ովքեր կխթանեն դրա արագ իրագործմանը: Ինչո՞ւ: Գուցե վերջիններիս աստղաբաշխական վարձատրությունն է պատճառը, թե՞ նախընտրում ես ինքդ տնօրինել քո ստեղծագործական ուղին:

 Ինչպես հասկանում եմ, խոսքը պրոդյուսերի մասին է: Իհարկե, ես կցանկանամ կողքիս ունենալ գրագետ և լավ պրոդյուսեր, ավելի ճիշտ՝ PR մենեջեր, ով կօգնի և կաջակցի ինձ իմ մասնագիտության մեջ: Շատ դժվար է ամեն ինչ ինքնուրույն ղեկավարել, որովհետև ես ոչ միայն երգչուհի եմ, այլ նաև՝ իմ երգերի հեղինակը: Բայց այդուհանդերձ, ավելի շատ այն  մտքին եմ, որ ես ինքս պետք է տնօրինեմ իմ ստեղծագործական ճակատագիրը:

Դանդաղ, բայց հաստատուն քայլեր անելիս վախ չկ՞ա, որ Մոսկվան իր արագընթացությամբ  ուղղակի «կուլ կտա» քեզ, քանի որ ինչպես փորձն է ցույց տալիս, Մոսկվան «վազում է» և նրան հասնելու համար մեծ քայլեր են պետք:

Ինչը և ես անում եմ: Ուզում ես ապրել, հաջողությունների հասնել, սովորիր պտտվել: Եվ ես մաքսիմալ պտտվում եմ աշխարհի շուրջ և կարծում եմ, որ իմ աշխատանքը ցույց է տալիս իր պտուղները: Իսկ ապագայում ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Անցած տարի  «Հայաստանի ձայնը»  նախագծի շրջանակներում այցելեցիր Հայաստան: Կուզեի իմանալ քո վերաբերմունքը հայաստանյան նախագծի, հայերի վերաբերմունքի, պայմանների մասին:  Եվ քանի որ շատ հաճախ համեմատականներ են  անցկացվում հայկական և ռուսական շոու բիզնեսի միջև, հետաքրքիր է՝ արդյո՞ք համեմատելի է այս դեպքում հայաստանյան նախագիծը «Голос» նախագծի հետ:

Իմաստային առումով երկու նախագծերը շատ նման են միմյանց: Նույն կանոններն են բոլորի համար: Ինձ, իհարկե, ավելի հոգեհարազատ է ռուսական տարբերակը, քանի որ ես եղել եմ դրա անմիջական մասնակիցը: Սակայն կարող եմ հստակ ասել, որ երկու նախագծերն էլ ունեցել են բավական պրոֆեսիոնալ մակարդակ, և այդ թվում նաև մասնակիցները՝ բավական տաղանադավոր և ուժեղ էին: Ես նախկինում էլ եմ եղել Հայաստանում, սակայն վերջին այցս եղավ ավելի հիշարժան, քանի որ այս անգամ ես Հայաստան եկա որպես հայտնի արտիստ: Մեզ բոլորիս աներևակայելի հյուրընկալություն ցուցաբերեցին այդտեղ, և արդեն մեկնելուս օրը ես հասկացա, որ ուզում եմ մնալ Հայաստանում որքան հնարավոր է երկար:

Բացի Մոսկվայում բնակվող քո հայ ընկերներից, որոնցից մի քանիսը նախագծում նաև հակառակորդներդ էին համարվում, ընկերություն ես անում մի շարք հայ հայտնիների հետ՝ Սոֆի Մխեյան, Նազենի Հովհաննիսյան, Արման Մարգարյան, Մարտ Բաբայան և այլք: Արդյո՞ք հեռավորությունը և ժամանակի սղությունը չեն խանգարում ձեր մտերմությանը և կուզեի նշեիր, թե էլ ովքե՞ր են մտնում քո ընկերների շարքերը:

Այո, իսկապես ես շատ մտերիմ եմ Սոֆիի, Նազենիի, Անդրեի, Արմանի և Մարտի հետ: Ի դեպ՝ վերջինիս հետ մենք ընկերություն ենք անում արդեն ավելի քան  տաս տարի: Բաժանումն այդքան էլ կարևոր չէ, եթե դու կարողանում ես իսկական ընկեր լինել: Եվ ի երջանկություն մեզ՝ Ռուսաստանը և Հայաստանը մոտ են գտնվում միմյանց. ընկերներս շատ հաճախ գալիս են այստեղ ելույթ ունենալու և հենց այդ ժամանակ էլ մեր հանդիպումները տեղի են ունենում, ինչպես նաև մենք անընդատ կապի մեջ ենք լինում, փառք Աստծո, ժամանակակից տեխնոլոգիաները դա թույլ են տալիս:

2009թ-ին Ռուսաստանում մասնակցել ես  «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի նախընտրական փուլին, 2010թ-ին Հայաստանում մասնակցել ես «Նոր ալիք» մրցույթի նախընտրական փուլին, բայց դեռևս արդյունքներն այդքան էլ բավարարող չեն: Արդյո՞ք կրկին փորձեր կարվեն գուցե քեզ հարազատ երկրներից որևէ մեկը միջազգային մրցույթներում ներկայացնելու:

Իսկ ինչու բավարար չեն: Այն ամենը, ինչ մեզ Աստված տալիս է, ինչ-որ մի բանի համար է: Ես վստահ եմ, որ այս երկու փորձությունները ինձ համար ևս բացառություն չէին: Ինչ վերաբերում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին, ապա դա ինձ համար մեծ փորձ էր:  Առաջին անգամ ես կարողացա աշխատել ուղիղ եթերում: Եթե երբևէ ինձ բախտ վիճակվի ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում, ապա ես առանց վարանելու կհամաձայնվեմ: Բայց ես ինքս երբեք չեմ խնդրի:

Ի դեպ՝ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի մասին:  Այն արդեն անցյալում է, սակայն կուզեի քո կարծիքը նշեիր այս տարի Հայաստանը ներկայացնող մասնակցի՝ Արամ Mp3-ի և նրա «Not Alone» երգի վերաբերյալ:

Ինձ շատ ուրախացրեց Հայաստանի ընտրությունը: Եվ երգը և երգիչը բոլոր հնարավորությունները ուներ հաղթելու: Իմ գործընկերներից շատերն էին Արամին առանձնացնում որպես հաղթող: Առաջիկայում նրան մեծ հաջողություն եմ մաղթում:

Եվ վերջում, պատմիր հետագա անելիքներիդ մասին: Հարցազրույցներումդ գրեթե միշտ նշում ես քո առաջին ձայնասկավառակը կյանքի կոչելու մասին, որը կապում ես ֆինանսական խնդիրների հետ: Ո՞ր փուլում է գտնվում դա, ե՞րբ ենք հնարավորություն ունենալու դիտել քո տեսահոլովակները, և, վերջապես, ե՞րբ կտեսնենք Մարգարիտային իր ջազային խմբի հետ միասին Հայաստանում:

Շատ հաճախ, երբ ես տուն եմ վերադառնում գրեթե կեսգիշերին, հարազատներս չեն հավատում, որ երգի ձայնագրության աշխատանքներն այդքան երկար ժամանակ են ինձանից խլում: Ես միշտ անձամբ եմ հետևում գործիքավորման աշխատանքներին, քանի որ դա շատ կարևոր է ինձ համար, չէ որ ինքս եմ գրում իմ երգերը, ինչը նշանակում է, որ հենց սկզբից էլ գիտեմ, թե դրանք ինչպես պետք է հնչեն : Շուտով դուք հնարավորություն կունենաք տեսնելու իմ և Մարտ Բաբայանի համատեղ տեսահոլովակը, որը նկարահանված է արդեն ձեզ ծանոթ «Было или нет» երգի հիման վրա: Իսկ ինչ վերաբերվում է հայ հանդիսատեսին, ապա նրանց մաղթում եմ մեծ քանակությամբ որակյալ երաժշտություն. չմոռանանք, որ  մենք շատ տաղանդավոր ու երգել սիրող ազգ ենք: Եվ, իհարկե, առողջություն, խաղաղություն և երազանքների իրականացում: Երազեք և հավատացեք ինքներդ ձեզ: Հաջողություն ձեզ: Ես անպայման կգամ ձեզ մոտ, միայն թե հրավիրեք:

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին