▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աստղ»` առանց աստղային հիվանդության

Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) բարի կամքի դեսպանի այցը Երեւան` հայկական ԶԼՄ-ներին խանդավառել էր: Պարզվում է` Հայաստանում բոլորը ճանաչում էին Վերա Բրեժնեւային:

Ինքս, օրինակ, նրա բարի կամքի դեսպան նշանակվելու մասին տեղեկացել եմ այցից մեկ օր առաջ: Բրեժնեւային լուսանկարելու պատվեր ստանալով` դիմեցի ինտերնետի օգնությանը ու մտածեցի, որ դժվար աշխատանք է սպասվում ինձ…

Գեղեցիկ կանանց լուսանկարելը միշտ էլ դժվար է: Հատկապես` եթե ինքն էլ գիտի, որ գեղեցիկ է: Բայց սա դեռ դժբախտության կեսն է, չէ՞ որ նրա գեղեցկության մասին գիտեն նաեւ միլիոնավոր երկրպագուները:

«Աստղերին» լուսանկարելու դառը փորձ ունեմ. 90-ականներին ինձ հաջողվեց Յան Գիլանին լուսանկարելու համար նրա դիմահարդարանոց մտնել ճակատամարտելով, իսկ մի անգամ էլ ցուցադրական լքել եմ այն վայրը, որտեղ Շերը լրագրողներին ներկայացավ ավելի քան մեկ ժամ ուշացումով: Այնպես որ` առանձնապես պատրանքներ չունեի:

Գիտեի, որ բարի կամքի դեսպան Վերա Բրեժնեւան Երեւան է հասել ուշ գիշերին` ժամը երկուսի ու երեքի միջակայքում, եւ վստահ էի, որ կուշանա առողջապահության նախարարի հետ վաղ առավոտյան նշանակված հանդիպմանը:

Հավատարիմ իմ մասնագիտական սովորույթին` նախարարությունում էի նշված ժամից 15 րոպե շուտ: Կանգնել էի մուտքի մոտ, անիծում էի անձրեւոտ եղանակը, մեկ էլ հանկարծ մոտեցավ ավտոմեքենան, որից դուրս եկավ Վերա Բրեժնեւան:

Ժամացույցը վկայեց, որ ուղիղ 9.45 է:

Հենց այդ ժամին էլ ինձ կանչել էին նկարահանման: Սա առաջին անակնկալն էր, բայց ամենեւին էլ վերջինը չէր: Պաշտոնական հանդիպումից հետո շտապեցի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն` փորձելով առաջ անցնել բարի կամքի դեսպանի ավտոմեքենայից, որն ընթանում էր առանց ուղեկցող մեքենաների, առանց թիկնապահների, հաղթահարելով խցանումները եւ խոչընդոտները` ինչպես հազարավոր այլ մեքենաներ մեր գերբեռնված քաղաքում:

Վերա Բրեժնեւան Կենտրոն հասավ ճիշտ ժամանակին. սա երկրորդ անակնկալն էր: Երեւանցիներիս համար 15 րոպե, նույնիսկ կես ժամ ուշանալը սովորական բան է, միշտ կարելի է պատճառ բերել փողոցների խցանումները: Բայց նա չուշացավ: Շարունակ նույնը չկրկնելու համար միանգամից ասեմ, որ հինգ հանդիպում կայացավ, եւ դրանցից ոչ մեկից չուշացավ:

Կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը պատմեց Բարի կամքի դեսպանին` իր «զավակի» մասին: Ես հետեւում էի Վերա Բրեժնեւային եւ զարմանում ու զարմանում: Նրան հետաքրքրում էին բոլոր մանրամասները:

Ուշադիր լսում էր հետազոտությունների անցկացման միջոցների, ինչ-որ կարմիր մարմնիկների ու լեյկոցիտների, թեստերի, հիվանդության գաղտնի շրջանի եւ բազմաթիվ այլ խնդիրներ մասին, որոնք ես նույնիսկ ունակ չեմ կրկնել:

Ոչ միայն լսում էր, նաեւ հարցեր էր տալիս: Եվ, ինչպես պարզվում էր` թեմային քաջատեղյակ էր: Իսկ դրանք ինձ չինական հիերոգլիֆներ էին թվում:

Այստեղ պետք է փոքրիկ հետդարձ կատարեմ:

Սամվել Գրիգորյանին ճանաչում եմ դեռեւս այն տարիներից, երբ պաշտպանեց դոկտորական թեզը. այդ ժամանակ դեռ 30 տարեկան չկար: Ավելի ճիշտ` դեռ թեկնածուականը գրելու տարիներից գիտեմ նրան: Հիշում եմ, երբ գլխավորում էր ՁԻԱՀ-ի կենտրոնը, այդ հիմնարկը հարգրվանել էր Պուշկինի փողոցի վրայի մի քանի սենյակներում:

Հիմա կենտրոնը հսկա բուժհաստատություն է` հագեցած ժամանակակից սարքավորումներով` ինչպես թեստերի անցկացման, այնպես էլ` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գիտական հետազոտությունների համար: Վերա Բրեժնեւան ապշած էր Հայաստանում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի թափից:

Մի բան է` վիճակագրական տվյալներ կարդալ հաշվետվություններում, մեկ այլ բան` այդ ամենը տեսնել սեփական աչքերով… Նրա հիացմունքը վարակեց ինձ… Խոստովանեմ. շատ հաճելի էր հիացմունքի խոսք լսել Վերա Բրեժնեւայի շուրթերից:

25 տարվա ընթացքում ոչ մի անգամ հիացական խոսք չեմ ասել իմ հին ընկերոջը: Իսկ կատարված աշխատանքն արժանի է հիացմունքի: Հուսով եմ, այս պատմությունը ինչ-որ չափով կփափկեցնի իմ կոշտությունը նրա աչքում: Վերադառնանք մեր հերոսուհուն: Երրորդ հանդիպմանն արդեն քամված էի: Մինչեւ ժամը հինգը չէի ձգի, եթե չլիներ այն եռանդը, որ ճառագում էր Վերա Բրեժնեւայից:

Կատակներ, խելացի դատողություններ, հմայք, մարդկանց հետ անմիջական, պարզ շփում. նրանից ճառագող եռանդն ինձ ստիպեց մոռանալ, որ ես «աստղի» եմ լուսանկարում: Իմ առջեւ կամային կին էր` վճռականորեն տրամադրված օգնել մարդկանց, որոնց կյանք է ներխուժել այդ դաժան հիվանդությունը:

«Որպեսզի օգնես մարդկանց, ում հասել է այս համաճարակը, պետք է դրա մասին խոսես»- ասաց Վերա Բրեժնեւան ՄԱԿ-ի առաքելության գրասենյակում կայացած ասուլիսում, - դա փրկության առաջին քայլն է»: Երբ հանդիպումներն ավարտվեցին, նա մեկնեց օդանավակայան, եւ ես մտածեցի, որ հինգ ժամից պակաս ժամանակահատվածում ինքս չէի կարող հինգ միջոցառում անցկացնել:

Միայն սուրճի եւ ծխախոտի վրա կծախսվեր երկու ժամ, եթե ոչ` ավելի:

Իսկ ոչ մի բանի մասին քննարկումների վրա` մնացած երկուսը… Իսկ հետո մտածեցի բազմաթիվ այլ «աստղերի» մասին…

Բայց դրա մասին` ոչ այս հոդվածում…

Հեղինակ` Գերման Ավագյան

Asekose.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին