Life.panorama.am-ը գրում է.Երգչուհի Նառան վերջին շրջանում հարաբերական դադար է վերցրել, որի պատճառների մասին նա այսօր պատմեց:
«Արվեստագետն, անպայման, ասելիք պետք է ունենա, արվեստում սխալ է մի բան անել միայն, որպեսզի այն համարակալվի, միայն անելու համար: Ես երգով գումար չեմ վաստակում, ուստի պետք էլ չէ անընդհատ երգել, ես սիրում եմ երգել այնպիսի երգեր, որոնք մնայուն կլինեն, որոնք չեն սպառվի ու գուցե տասը տարի անց երգելու դեպքում էլ դարձյալ հաճելի լինի լսել, այդպիսին են իմ բոլոր երգերը,- նշեց Նառան ու հավելեց,- իմ բոլոր երգերի միջոցով ես ինչ-որ բան եմ փորձում կանանց հաղորդել, իմ երգերով ես կանանց ուժեղ կերպար եմ փորձել ստեղծել, ես ցույց եմ տվել, որ կինը պետք է լինի կոկետ, թիթիզ, նաև ուժեղ և ուժեղության հետ միասին էլ կանացի, ես իմ երգերի ներկայացրած կին եմ իրականում, այդպես եմ ճիշտ համարում. Իմ երգերը պատմում են իմ բնավորության մասին: Ես անգամ հայրենիքի մասին երգելիս եմ ուրիշ կերպ ներկայացրել այն: Ինձ համար երգելը գոռալը չէ, ինձ համար գլխավորը ազնվությունն է, ինձ մոտ պետք է ներքին ինչ-որ բան հասունանա, որ ես դարձյալ ասելիք ունենամ»,- ընդգծեց երգչուհին:
Նառան պատմեց, որ երգեր ընտրելիս խիստ բծախնդիր է. «Ես ունեմ երգեր, որ հասկանում եմ, որ դրանք իրավունք չունեն տեսահոլովակ ունենան: Օրինակ՝ կարող է մի ամբողջ երգի բառեր գրվի և ես դրանից թեկուզև մի բառը չհավանեմ, կամ գործիքավորումը արվի, բայց ես հետո հասկանամ, որ դա իմը չէ. նման դեպքերում բավական է ես զգամ, որ այն իմը չէ և դա չի ծնվի»:
Նառան ևս այն արվեստագետների թվին է պատկանում, ով կարծում է, թե Հայաստանում շոու բիզնես չկա. «Հայաստանում առանձնապես շոու բիզնես գոյություն չունի: Այս շրջանում բոլորի համար ծանր ժամանակաշրջան է, ժողովրդի ծանր պայմանները ազդում են նաև արվեստագետների վրա, քանի որ նրանք էլ ժողովրդի մի մասնիկն են, արդյունքում երգիչներից գրեթե բոլորն էլ լռում են, բոլորն էլ այդ խնդիրը ունեն: Այսօր մարդկանց ծանր պայմանները թույլ չեն տալիս, որ նրանք հետաքրքրվեն երգով, իսկ արվեստագետը ավելի նուրբ է, ավելի շուտ է նա դրանք տեսնում»,- ընդգծեց երգչուհին:
Զրույցում Նառան պատմեց, որ չնայած շատ լավ տեսնում է այսօրվա բացասական երևույթները, բայց տեսակով լավատես է. «Ես շարունակում եմ, ուրախ լինել, ինքս ինձ համար հետաքրքրություններ գտնել, միաժամանակ նաև ռեալիստ լինել, բայց չհուսահատվել, քանի որ հուսահատությունն է բերել այսօրվա ազգովի դեպրեսիային»,-ասաց նա՝ հավելելով, որ երեխաներին դաստիարակելիս էլ հնարավորին չափ փորձել է առաջնորդվել լավատեսության սկզբունքով. «Որքան հնարավոր է նման կերպով եմ դաստիարակել, բայց նրանցից յուրաքանչյուրն ունի իր գենետիկ բնավորությունը»,- նշեց նա:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում