▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Մաթևոսյանը՝ ապագա ծրագրերի և անձնական կյանքի մասին

Life.panorama.am-ը գրում է. Այսօրվա զրուցակիցն է «Քաղաքում» հեռուստասերիալից հայտնի Սոֆան՝ դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը:

-Սոնա, առաջինը կցանկանայի պատմեք, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված:

- Այս շրջանում զբաղված եմ միայն թատերական գործունեությամբ: Աշխատում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ վերջերս բավականին ծանրաբեռնված թատերաշրջան ունեցա, ինչը միայն հաճելի է: Համագործակցում եմ «Էպսիդոն» թատերախմբի հետ, իսկ նրանց հետ համագործակցության հրավեր ստացա «Էպսիդոն» թատերախմբի հիմնադիր եւ ռեժիսոր Արմեն Սարգսյանի կողմից, նա առաջարկեց մասնակցել արդեն երկար կյանք ունեցող ներկայացման մեջ, որին էլ մեծ սիրով համաձայնեցի, իսկ ներկայացման արդեն իսկ իմ մասնակցությամբ պրեմիերան կկայանա դեկտեմբերի 14-ին՝ Համազգային թատրոնում:

-Գիտեմ, որ դերասանական արվեստին շատ լուրջ եք վերաբերվում, հետեւաբար կարելի՞ է ենթադրել, որ Ձեզ համար կերպարների գլխավոր եւ երկրորդական լինելը էական չեն:

- Իսկապես ինձ համար էական չէ ես կխաղամ գլխավոր, թե երկրորդական դեր: Թատրոնում չկան երկորդականա դերեր, թերեւս նույնը կարող եմ ասել նաեւ կինոյի մասին: Որպես դերասանուհի անհիմն ամբիցիաներ չունեմ:

-Սոնա, Ձեզ համար ե՞ւս առաջնային տեղում է թատրոնը, թե գլխավորը դերասանի մասնագիտությունն է:

- Ես չեմ հավատում այն դերասաններին, ովքեր ասում են, թե չեն ցանկանում թատրոնում աշխատել: Յուրաքանչյուր դերասանի համար թատրոնում աշխատելը շատ կարեւոր է, իհարկե, նկարահանումները, ֆիլմերն ու սերիալները եւս պետք են, բայց թատրոնը դերասանին միշտ «ֆորմայի» մեջ է պահում, եւ հետո, հանդիսատեսի հետ կենդանի շփման զգացողություններն անհամեմատելի են:

-Հետաքրքիր է՝ ի՞նչ պալաններ կան առաջիկայի համար թե թատրոնի, թե հեռուստատեսային աշխատանքի եւ թե գեղարվեստական ֆիլմերի հետ կապված:

- Ես պատրաստ եմ յուրաքանչյուր առաջարկի կապված թե թատրոնի, թե կինոյի հետ: Ինձ հետաքրքիր է աշխատել պրոֆեսիոնալ մարդկանց հետ: Իմ պլաններում միշտ թատրոնը կա, իսկ սերիալներից եւ ֆիլմերից առաջարկներ կստանամ, թե չէ, ցույց կտա ժամանակը:

-Սոնա, գիտեմ, որ Ձեր մասնագիտության մեջ անընդհատ կատարելագործվելու համար ջանք չեք խնայում, որքանով տեղյակ եմ, նաեւ արտերկրում եք մաստեր կլաս անցել, կպատմե՞ք դրանց մասին՝ համեմատականներ տանելով դրսում եւ մեր երկրում այս մասնագիտության նկատմամբ վերաբերմունքի միջեւ:

- Ամռանը մեկ ամսով եղա Մոսկվայում: Ռուսաստանի թատերական գործիչների նախագահ Ալեքսանդր Կոլյագինի միջազգային թատերական ամառային դպրոցի մասնակիցներից էի. աշխարհի 22 երկրներից ընտրվել էին 85 դերասաններ, որոնց թվում նաեւ ես էի: Մի բան կարող եմ ասել՝ ռուսական թատերական դպրոցը համար մեկն է աշխարհում, նրանցից մենք շատ բան ունենք սովերելու: Ես ուղղակի ինձ համարում եմ այն երջանիկներից, ով հնարավորություն է ունեցել մեկ ամիս շարունակ լսել, տեսնել եւ սովորել հիասքանչ մասնագետներից, ովքեր հայտնի են ամբողջ աշխարհում: Նրանք շատ ուրիշ կերպ են մոտենում իրենց մասնագիտությանը, նրանք հարգում են իրենց մասնագիտությունը, չկար ոչ մեկը, ով դերասանական կրթություն չուներ, իսկ մեր երկրում բոլորը դերասաններ են: Մեզ մոտ, ով ցանկանում է, դերասան է դառնում, կցանկանայի, որ մեր երկրում էլ փոխվեր դերասանի մասնագիտության նկատմամաբ վերաբերմունքը, կուզեի մեծանար հարգանքը այս մասնագիտության նկատմամբ: Որպես դերաասանուհի՝ ես շատ եմ հարգում մյուս մասնագիտությունները, եւ երբեւէ առանց գիտության չեմ ներխուժի մեկ այլ ասպարեզ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում




Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին