Newmag.am-ը գրում է. Youtube-ում և iTunes-ում հայտնվել է Գոռ Սուջյանի մասնակցությամբ նոր նախագիծ` Project LA: Երաժշտի նոր նախագիծը newmag-ի խնդրանքով լսել և գնահատել է երաժշտագետ Ալիսա Քալանթարյանը:
Project LA անվանումը ոչինչ չի ասում և նախագծի գոյության մանրամասները երաժիշտները դեռ գաղտնի են պահում երևի իրենց հայտնի պատճառներով:
Ալբոմում ինը երգ կա: Տեքստերի ընտրությունը ստիպում է խոնարհվել ընտրողի առջև` Էմիլի Դիկինսոն, Էդգար Պո, Վահան Տերյան և Ջեֆ Լիմ: Երեք դասականների և անհայտ չորրորդի ընկերակցությունը պատահական չէ և թելադրված չէ միայն բանաստեղծությունների գեղարվեստական արժեքով: Նրանց գաղափարապես միավորողն այստեղ դեպի Աստված տանող ճանապարհի փնտրտուքն է և այլ կերպ չես անվանի գիծը, որը, սկսվելով Դիկինսոնի «Նախանձ» բանաստեղծությամբ, անցնում է Պոյի իրականության և երազի խորհրդավոր մշուշով, երջանկության ոսկե քաղաքի՝ Էլդորադոյի որոնումներով, մեռած քաղաքի սարսափով, կորցրած սիրո տերյանական քաղցր ու տառապալից հուշերով, վերագտած սիրո կենսահաստատ ուժով, և Լիմի փառաբանությամբ առ Աստված:
Երևի կարող ենք ալբոմն անվանել կոնցեպտուալ: Այս դեպքում նաև երաժշտության հեղինակի առջև լուրջ խնդիր կար, որը գերազանց լուծում է ստացել, անսպասելիորեն, բազմաոճության մեջ:
Թեև ալբոմը բնութագրվել է որպես ալտերնատիվ ռոք, այստեղ լսելի են պրոգրեսիվ ռոքի տարրեր, ծանր ռոք, բալլադ, գոսպել, նույնիսկ ռոմանս: Տրամաբանությունը, ըստ իս հետևյալն է. ապրած կյանքը փուլերի շարան է, մեկը անհոգ, մյուսը հոգսաշատ, մեկը հանդարտ, մյուսը խռովահույզ, մեկը երջանիկ, մյուսը հուսահատ, և դրանցից յուրաքանչյուրը, եթե արտահայտենք երաժշտությամբ, կունենա այլ դինամիկա, այլ հնչողություն, տեմպ, ռիթմ, խտություն: Բայց այդ ամենը պարփակված է մի մարմնի և մի հոգու մեջ, ուրեմն՝ բազմազանությամբ հանդերձ միաձույլ է:
Չեմ կարծում թե կարիք կա մեկ առ մեկ վերլուծել երգերը: Դրանք գրված են պրոֆեսիոնալի ձեռքով, գրագետ, լակոնիկ, շատ գեղեցիկ, երբեմն ուղղակի շքեղ գործիքավորումներով, անդիմադրելի հմայք ունեն և ճիշտ դասավորություն ալբոմում: Ինքնուրույն, յուրահատուկ մտածողությունը նույնպես ակնհայտ է և ալբոմը բացող «Նախանձ» երգի տեքստն, օրինակ, կարելի էր երաժշտականացնել մելամաղձոտ բալլադի ձևով, չէ որ «նախանձում եմ ամենին, ինչը սիրելիիս մոտիկ է, մինչդեռ ես հեռու եմ»: Project LA-ի տեսանկյունից դա հիմն է սիրուն: «Երազ երազի մեջ» երգը կարող էր կիսամիստիկ-կիսափիլիսոփայական երանգ կրել, բայց նույնքան, եթե ոչ ավելի համոզիչ է System Of A Down-ին հիշեցնող գերակտիվ բնույթով: Իսկ տերյանական տողերը, ի տարբերություն մյուսների՝ հայերենով, կատարելապես ներդաշնակ են «Կարոտ» երգի ռոմանսային շրջանակին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում