▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

DJ DONZ-ը բացահայտում է հայկական ակումբային իրական կյանքը և դրա բացասական կողմերը

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ն  առիթ ունեցել է անդրադառնալու DJ DONZ-ին: Վերջինս երևանյան ակումբային կյանքի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, ով գրեթե միշտ մասնակցություն է ունենում ակումբային ամենահայտնի միջոցառումներին: Asekose.am-ը զրուցել է DJ Donz-ի` Արսեն Բեկեչյանի հետ, վերջին ստեղծագործական նորությունների, ակումբային կյանքի մասին և ոչ միայն:

-Ե ՞րբ և ինչո՞ւ որոշեցիք զբաղվել DJ-ինգով:

-Արդեն 7 տարի է, ինչ զբաղվում եմ DJ-ինգով: Ամեն ինչ սկսվեց այսպես. 6 տարեկան էի, երբ ծնողներս ինձ հայկական և արտասահմանյան ձայնագրություններով նվագարկիչ և ձայներիզներ նվիրեցին: Այդ ժամանակվանից սկսեցի լսել Լուչիանո Պավարոտտի, Ջեյմս Բրաուն, Շառլ Ազնավուր, որոնց երգերն անչափ սիրում եմ: Լսում էի ջազ, բլյուզ, ֆանկ ոճերի երաժշտություն: Այսպես առաջացավ սերը դեպի երաժշտություն, իսկ հետագայում արդեն ակումբային երաժշտությունն ինձ համար դարձավ էլ ավելի հոգեհարազատ: Սկսեցի ուսումնասիրել ակումբային կյանքը, ինչպես նաև հետևել տարբեր DJ-ների աշխատանքներին: Այնուհետև ցանկություն առաջացավ ստացածս գիտելիքները կիրառել և զբաղվել DJ–ինգով, քանի որ DJ դառնալն ինձ համար մանկական երազանք էր: Այսօր ես զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով և չեմ պատկերացնում օրս`առանց ակումբային երաժշտության:

-DJ լինելուց բացի այլ մասնագիտություն ունե՞ք:

-Երկրորդ մասնագիտությամբ բժշկական տեխնիկայի մասնագետ եմ: Այժմ այդ մասնագիտությամբ չեմ աշխատում, և ժամանակս նույնիսկ չի ներում, որպեսզի փոքր-ինչ վերանայեմ ստացածս գիտելիքները: Չնայած երկու մասնագիտություններս էլ սիրում եմ, բայց նախապատվությունը տալիս եմ ինձ համար արդեն ապրելակերպ դարձած աշխատաքին՝ DJ-ինգին:

-Երաժշտական կրթություն ունե՞ք:

-Ես որոշակի երաժշտական դասընթացներ եմ անցել ընկերոջս մոտ: Այսինքն` կարևորագույն դասընթացներից մի քանիսը, որոնք վերաբերում են կոնկրետ երաժշտություն ստեղծելուն: Իմ կարծիքով` էլեկտրոնային deep tech techno երաժշտություն ստեղծելու համար կարևոր են կրթությունը, երևակայությունը, լսողությունն ու ճաշակը:

-Առաջիկայում ի՞նչ նորությունների կարելի է սպասել DJ DONZ-ից:

-Առաջիկայում ծրագրերը շատ են: Պատրաստվում եմ նոր գործեր գրել թե' հայ, թե' օտարերկրյա արտիստների հետ, դրանից բացի սպասվում են նաև նոր ձայնասկավառակներ, նոր պրոդյուսինգ ու նոր որակ: Պարզապես ունեմ ժամանակի խնդիր, քանի որ գրեթե ամեն օր մասնակցում եմ այս կամ այն  միջացառմանը: Այժմ էլ կան մի շարք անավարտ նախագծեր, որոնք պատրաստվում եմ իրագործել, սակայն չեմ ուզում խոսել, թերևս, դա թող անակնկալ մնա:

-Իսկ  որքանո՞վ է ակտուալ DJ-ի մասնագիտությունը մեր երկրում, և ինչպես  պետք է զարգացնել  ակումբային էլեկտրոնային երաժշտության մշակույթը:

-Ունենք շատ տաղանդավոր DJ-ներ, բայց նրանք գումար են վաստակում կորպորատիվ միջոցառումների շնորհիվ, իսկ դրանք, թերևս, մասնագիտական զարգացման ամենաճիշտ վայրը չեն: Որպես կանոն` դրանք հարսանյաց կամ նմանատիպ այլ միջոցառումներ են: Ներկա պահին էլեկտրոնային երաժշտության սիրահարների և մելոմանների համար մենք կազմակերպում ենք շարունակական որակյալ ակումբային երաժշտական միջոցառումներ, որտեղ հիմնականում հնչում է deep house, tech house, techno ոճի երաժշտություն, հրավիրում ենք արտերկրից DJ-ների: Այս պահին ունենք երեք նախագիծ (Area 51, Urban trips.  Electronic Thursdays), որոնք զարգացնում են ակումբային ոլորտը և քարոզում են ակումբային որակյալ երաժշտություն:

-Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում այսօր հայաստանյան DJ-ինգը: Արդյո՞ք դրա համար Երևանում կա համապատասխան շուկա, և արդյո՞ք նկատվում է զարգացում:

Հաշվի առնելով, որ տվյալ պահին Երևանում ակումբներ գրեթե չկան, կարող եմ նշել, որ շուկան ցավալի վիճակում է, և զարգացումը շատ դանդաղ է ընթանում` հատկապես, երբ համեմատում ենք հարևան երկրների հետ: Նույն Վրաստանում  ակումբային կյանքը շատ արագ զարգացավ: Այնտեղ ելույթ են ունենում աշխարհի ամենահայտնի արտիստները, տեղի են ունենում էլեկտրոնային մեծ երաժշտական փառատոններ: Հարկ է նշել, որ Վրաստանում նմանատիպ միջոցառումները կայանալու հարցում մեծ լումա ունի երկրի ղեկավարությունը, ինչը պետք է լինի նաև մեր երկրում, որպեսզի մշակույթը և տուրիզմը զարգանան: Ինչ վերաբերում է մեր երկրին, կարծում եմ`առաջընթացը տեղի կունենա այն դեպքում միայն, երբ մարդիկ սկսեն աշխատել թիմային և ձգտումով: Կցանկանայի նաև, որ փոխվեր մարդկանց վատ կարծիքը ակումբների մասին, մարդիկ այցելեին ակումբ լիցքաթափվելու և լավ երաժշտությունը գնահատելու համար: Թեև դեռ կա ակումբասերների և մելոմանների մի զանգված, որն իր գնահատանքով հույս է ներշնչում: Հուսով եմ, որ կատարած աշխատանքներս անարդյունք չեն մնա:

-Կարմիր լապտերների փողոցը՝ Ամստերդամում, Walking street-ը՝ Պատտայայում, Բուրբոն սթրիթը՝ Նոր Օռլեանում, իսկ Երևանում որտե՞ղ է գիշերային կյանքը տեղավորվել։

-Շատ ցավալի է, բայց նման փողոց Երևանում չունենք: Վրաստանն ունի «Շարդեն» անվամբ փողոց, որտեղ տեղակայված են միայն ակումբներ: Իսկապես, շատ կցանկանայի, որ մենք էլ նման մի փողոց ունենայինք, քանի որ մեզ մոտ ակումբներն իրարից հեռու փողոցներում են: Եթե այդպես լիներ, ապա Երևանն էլ ակումբային քաղաք կլիներ, իսկ  ակումբները չէին բացվի ու անմիջապես փակվի:  Այդ ժամանակ մեր քաղաք այցելած հյուրերը կկողմնորոշվեին`ինչ ակումբ այցելել,  ում և  ինչ լսել: Բազմիցս ունեցել եմ հյուրեր թե' Եվրոպայից, թե' Ամերիկայից, ովքեր զարմացել են, որ երևանյան ակումբներում ոչինչ չի կատարվում, իսկ ուրբաթ և շաբաթ օրերին գրեթե չկա այնպիսի մի կայացած ակումբ, որտեղ հնարավոր կլինի լիարժեք լիցքաթափվել, լսել երաժշտություն և պարել:

 -Դուք` որպես ստեղծագործող, փորձո՞ւմ եք հայկական երաժշտությունը միքսել:

-Գրեթե բոլոր ելույթներիս ընթացքում լինում են հայկական մոտիվներով հնչյուններ: Ունեմ 23 ալբոմ, որից 6-ը հայկական ստեղծագործություններ են: Վերջին ստեղծագործությունը, որը մշակել եմ, եղել է «Սարերի հովին մեռնեմ» երգը deep house ոճում: Այդպիսի նախագծերը շարունակական դարձնելու և դրսում հայկական  մշակույթն ավելի ճանաչելի դարձնելու մտադրություն ունեմ` թեկուզ էլեկտրոնային ռեմիքս տարբերակներով:

-Ո՞րն է Ձեր ամենահաջողված աշխատանքը, որը մինչ օրս ստեղծել եք:

-Դա չեմ կարող ասել, ամեն աշխատանք ինձ համար յուրօրինակ է ու տարբերվող: Ամեն աշխատանքի մեջ յուրովի հոգի եմ դրել:

-Ինչպե՞ս եք պատրաստվում երեկույթներին և արդյո՞ք գիտեք ինչ պետք է անել, որպեսզի մարդիկ պարեն:

-Նշեմ, որ ցանկացած ելույթիս ժամանակ գրեթե նոր բացառիկ թրեք եմ ներկայացնում, ամեն անգամ փոխում եմ ծրագիրս, կազմում եմ իմ կողմից մշակված փլեյլիսթ: Ինչ վերաբերում է պարային մթնոլորտի ապահովմանը, պետք է նշել, որ ըստ իս` ցանկացած DJ պետք է իմանա, թե ինչ է իրենից ներկայացնում «պարային հրապարակի հոգեբանություն» հասկացողությունը, ինչը բավական կարևոր է: Կարող եմ ասել, որ ինքս որոշ չափով տիրապետում եմ այդ հոգեբանությանը:

-Ո՞րն  է Ձեզ համար այս արվեստում բարձրագույն սանդղակը:

-Իմ կարծիքով` DJ-ինգի մեջ նման սանղակներ գոյություն չունեն: Ինձ համար երաժշտությունն ամեն օր նորացվող և թարմացվող երևույթ է, հետևաբար` ամեն օր կարելի է նոր մի բան ստեղծել կամ միքսել: Միաժամանակ, կարելի է ուրախալի փաստ համարել այն, որ ստեղծում ես ինչ-որ հիթային թրեք, որը դուր է գալիս հանրությանը և ունենում է մեծ տարածում: Դա իսկապես ուրախություն է ցանկացած արտիստի համար:

-Այս զբաղվածության հետ մեկտեղ հետաքրքիր է DJ DONZ-ը հասցնում է ժամանակ հատկացնել իր անձնականին: Ի վերջո, ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր երկրորդ կեսը:

-Կա աղջիկ, ում համակրում եմ, բայց երկրորդ կեսի և ամուսնանալու մասին դեռ չեմ ուզում խոսել և պաշտոնապես հանրությանը ներկայացնել: Կարծում եմ, որ իմ երկրորդ կեսը պետք է ինձ մի փոքր նման լինի, սիրի երաժշտությունը, ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին որ ես կամ, պետք է ներդաշնակություն լինի:

   

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև` DJ Donz-ը` ակումբային իրական մթնոլորտի, վատ փաբերի, DJ-ի աշխատանքի շահութաբեր լինելու մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին