▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ծննդյանս օրը տարբերվում է, քանի որ կողքիս է սիրելիս. Ագնեսա Շահնազարյանն առաջին անգամ խոսում է ընտրյալի մասին

Դիտեք նաև՝

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։ Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ խոսելու ծննդյան մանրամասների, անակնկալների, անձնական կյաքում տեղի ունեցած փոփոխության մասին և ոչ միայն:

«Օրս շատ լավ եմ սկսել, առավոտվանից անթիվ քանակությամբ ծաղիկներ եմ նվեր ստացել, ինչն ինձ համար շատ հաճելի է:Կեսգիշերին թատրոնի անձնակազմի հետ հավաքված էինք մեր տանը։ Ինձ թվաց՝ իրենք չգիտեն, որ 12-ից հետո իմ ծննդյան օրն է, պարզվեց՝ գիտեին (ժպտում է): Ես իրենց համար տորթ էի նախապատրաստել, իրենք էլ ինձ անակնկալ մատուցեցին՝ ծաղիկներով, նվերներով»,– պատմեց Ագնեսան` հավելելով, որ բոլոր նվերներն էլ իր համար թանկ են, չնայած ինքը չի սիրում խոսել այդ մասին:

Դերասանուհին որոշակի պատճառներով  չի պատրաստվում այսօր նշել ծննդյան տարեդարձը.

«Չեմ նշում այսօր, որովհետև աշխատանքի եմ Վանաձոր քաղաքում: Երեկոյան վերադառնալու եմ Երևան, հավանաբար, մոտ ընկերներիս հետ կգնամ լավ երաժշտություն լսելու և հաճելի ժամանակ անցկացնելու»:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Ագնեսան արդեն  ընտրյալ ունի.

«Առաջինն ինձ շնորհավորել է սիրելիս: Նա ուղիղ կեսգիշերին զանգեց ու շնորհավորեց ինձ: Ցավոք, նա այս պահին Հայաստանում չէ, և չեմ կարող օրս նրա հետ հետ անցկացնել, բայց ամեն դեպքում այս տարվա ծննդյանս տարեդարձը տարբերվում է նախորդներից, քանի որ կողքիս է իմ սիրելի անձնավորությունը: Վստահ եմ, որ եթե այստեղ լիներ, օրս իսկական տոնի կվերածեր», պատմեց Ագնեսան:

Դերասանուհին չցանկացավ մանրամասնել, թե ով է իր ընտրյալը. «Պարզապես կասեմ, որ նա արվեստի բնագավառից է, սակայն թատերական ոլորտից չէ»:

Մեր այն հարցին` արդյո՞ք երբ են պատրաստվում օրինականացնել իրենց հարաբերությունները` Ագնեսան նշեց. «Դեռ վաղ է այդ մասին խոսելը, դեռ հստակ որևէ բան չենք խոսել այդ մասին, սակայն այս պահին ես երջանիկ եմ, սիրում եմ և սիրված եմ:

Ագնեսան իր կյանքի այս փուլում կարևորագույն  նպատակն անձնական կյանքը դասավորելն ու մայրանալն է համարում. «Ես հիմա երջանիկ եմ։ Եթե այսօր ինձ տեսնեք, աչքերս ժպտում են, իսկ դա շատ կարևոր է։ Ես առաջին հերթին դրան եմ նայում, քանի որ աչքերը հոգու հայելին են։ Ես զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով, ունեմ այն մարդուն, ով ինձ սիրում ու հասկանում է, և դա փոխադարձ է, ունեմ հրաշալի ընտանիք»:

Տարեդարձի օրն Ագնեսան երազանքներ չի պահում. «Կյանքին հիմա ավելի ռեալ եմ նայում, քան երբևէ, սակայն նպատակներ շատ ունեմ։ Ռեալիստ մարդ եմ և բավականին երկար տարիներ է, ինչ երազանքներ չեմ պահում: Բայց և՛ աշխատանքի հարցում, և՛ անձնականում ամեն ինչ կարգավորվում է, կարծում եմ, որ դա ամենավառ ապացույցն է, որ կյանքը շարունակվում է»:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան 

Ստորև առաջարկում ենք դիտել նաև Ագնեսա Շահնազարյանի մասնակցությամբ CV հաղորդումը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին