Դիտեք նաև՝
Hraparak.am-ը գրում է.
Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանին շատերը գիտեն ինչպես թատրոնում, այնպես էլ հեռուստասերիալներում ստեղծած վառ կերպարներով: Նրան հաջողություն է բերել մասնավորապես «Պենելոպե» մոնոներկայացումը՝ ըստ Կարինե Խոդիկյանի համանուն պիեսի, որը բեմադրել է ճանաչված ռեժիսոր Վահե Շահվերդյանը: Ագնեսա Շահնազարյանը սիրում է մարմնավորել ուժեղ կանանց: «Դժբախտ երջանկություն», «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալներից հեռուստադիտողները լավ կհիշեն կենսախինդ Ագնեսային, ով այլևս չերևաց սերիալներում: Այդ ժամանակ դերասանուհին, սակայն, որոշում է հեռանալ Հայաստանից, հաստատվել Մոսկվայում, եւ նրա ձեւակերպմամբ՝ վերջակետ դնել դերասանի մասնագիտության վրա: Սակայն որոշ ժամանակ Մոսկվայում ապրելուց հետո հասկանում է, որ ոչ առանց հայրենիքի, ոչ էլ առանց մասնագիտության չի կարող ապրել, վերադառնում է եւ նկարահանվում «Հարազատ թշնամի» սերիալում: Մենք Ագնեսա Շահնազարյանին օրերս հանդիպեցինք Ծաղկաձորում:
-Այս պահին ինչո՞վ եք զբաղվում, իմացանք, որ Հրազդանում եք, ի՞նչ ծրագրեր ունեք:
Ես հայտ էի ներկայացրել «Արմմոնո» փառատոնի շրջանակում, եւ պատրաստվում եմ ներկայացման: Ինչու Հրազդան քաղաքում՝ ասեմ: Լսելով Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն Աշոտ Սարգսյանի մասին, իմիջիայլոց նրա գործերից մեկի «Լոռեցի Սաքոյի» մասին շատ էր խոսվում, որոշեցի անձամբ ծանոթանալ Աշոտի հետ: Հանդիպեցի զրուցեցինք, եւ որոշեցի, որ իմ ռեժիսորը լինի Աշոտ Սարգսյանը: Հիմա մենք աշխատում ենք մի ճապոնական ժողովրդական հեքիաթի վրա, որ պետք է ներկայացնեմ մայիսի 3-ին «Արմմոնո» միջազգային փառատոնի շրջանակում: Իսկ Հրազդանի հետ կապված ունենք ծրագրեր, թերեւս վաղ է խոսել այդ մասին, բայց կարծում եմ հրազդանցիները ինձ կտեսնեմ իրենց թատրոնում:
-Սերիալներում խաղացած կերպարներից ո՞րն է Ձեզ ավելի հարազատ: «Հարազատ թշնամի» սերիալում դուք մարմնավորում եք բացասական կերպար, դա ձեր սիրելի կերպա՞րն է:
«Ո՞ւր է իմ տղամարդը» իմ ամենասիրելի կերպարներից է, ես միշտ կարոտում եմ Սոֆային: Ինձ հոգեհարազատ են դրական դերերը, բայց նախընտրում եմ բացասական կերպար խաղալ, որովհետեւ բացասական կերպարը խաղալը ավելի հետաքրքիր է, ես այն դերասաններից եմ, որ դժվարություներ է սիրում:
-Ագնեսա, էկրանից այն կողմ, նաև բեմում դուք բավական էմոցիոնալ եք: Իրական կյանքում այդ էմոցիաները պահպանվո՞ւմ են:
Ես մի մեծ մինուս ունեմ, որ դա երեւում է թե բեմում, թե բեմից դուրս, չափից ավելի անկեղծ եմ, ու նվիրված, չափազանց էմոցիոնալ, որը բեմում առավելություն է, իսկ կյանքում տուժում եմ: -Շատ դերասաներ, լավ առաջարկներ ստանալով, հեռանում են Հայաստանից, եթե նման առաջարկ դուք ստանաք կգնա՞ք Հայաստանից: Ես չգիտեմ, դեռեւս նման առաջարկ չեմ ստացել: Թեպետ տարիներ առաջ էլ գործնական առաջարկ եղավ: Կար ժամանակ, որ ասում էի տեղափոխվեմ ու ապրեմ Մոսկվայում, բայց չկարողացա համակերպվել: Եթե առաջարկ լինի, ես սիրով կընդունեմ, կգնամ մի քանի ամիս կաշխատեմ, բայց անպայման կվերադառնամ Հայաստան: Էստեղ քո հողի վրա ոտքդ ավելի ամուր կարող ես դնել: Սիրում եմ իմ հողն ու ջուրը, իմ ընկերներին, եւ ինձ այստեղ պահող շատ բաներ կան:
-Հաճախակի ե՞ք այցելում Ծաղկաձոր:
Ծաղկաձորը շատ լավ քաղաք է, իսկ գրողների ստեղծագործական տունն էլ մի տեսակ կանչող է, շատ խորհուրդ ու պատմություն կա այս պատերի մեջ: Էստեղ կանաչ տարածքները շատ են, ես ինձ լավ եմ զգում:
-Ի՞նչ երազանքներ ունեք:
Երազանքներ միշտ էլ ունեցել եմ, մանկուց երազել եմ տեսնել աշխարհի 7 հրաշալիքները, բայց Հայաստանի պայմաններում աշխատելով, իհարկե անհնար դարձավ, սակայն այս տարի որոշել եմ ամեն ինչ անել, որ երազանքս կատարեմ: Դրանից զատ ամենամեծ երազանքս ընտանիք կազմելն ու մայրանալն է: Երկրորդ տարին է, ինչ տրամադրվում են դրան, ցավոք հասկանում եմ, որ ուշ է: Երբ ժամանակն էր ամուսնանալու, դրա մասին չէի մտածում, ասում էի՝ մի օր կամուսնանամ: Մի քանի օրից կլրանա 36 տարիս: Հասկանում եմ, որ ամենամեծ երազանքը, որով կինը լույս աշխարհ է գալիս, անիրագործելի է թվում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում