▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակություն չէր. Գոհար Հարությունյանը՝ Լիլիի՝ «Միսս Աշխարհ»-ի եզրափակիչ չանցնելու և անգլերենի վատ իմացության մասին

​​​​​​​

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենն օրեր առաջ Չինաստանի Սանյա քաղաքում ավարտվեց «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթող ճանաչվեց Հնդկաստանը ներկայացնող մասնակիցը՝ Մանուշի Չխիլարը, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրեցին Անդրեա Մեզուն (Մեքսիկա) և Ստեֆանի Հիլը (Մեծ Բրիտանիա)։ Տվյալ մրցույթում, սակայն, Հայաստանը ներկայացնող  Լիլի Սարգսյանին, ով ամիսներ առաջ ճանաչվեց «Միսս Արմենիա», չհաջողվեց անցնել «Միսս Աշխարհ 2017»-ի եզրափակիչ փուլ: Մրցույթի, Լիլիի մասնակցության և նրա՝ եզրափակիչ փուլ չանցնելու մասին Asekose.am-ը զրուցել է «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի հետ:

«Ճիշտն ասած՝ դեռ չեմ հասցրել մանրամասն խոսել Լիլիի հետ նրա տպավորությունների և, առհասարակ, այն մասին, թե ինչպես են այս մեկ ամսվա ընթացքում Չինաստանում անցել նրա օրերը»,- ասաց Գոհար Հարությունյանը, ապա հայտնեց իր կարծիքը թե Լիլի Սարգսյանի մասնակության, թե բուն մրցույթի մասին.

«Կարևորն այն է, որ արդեն իսկ առաջին քայլն արված է ամեն տարի Հայաստանը այս հեղինակավոր մրցույթում ներկայացնելու համար: Սա մեր մասնակցության առաջին տարին էր և այն, կարծես թե, ավելի շատ փորձնական էր»,- ասաց «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահը:

Իսկ թե ինչո ՞ւ փորձնական, Գոհար Հարությունյանը մանրամասնեց.

««Միսս Աշխարհ 2017» մրցույթի կազմակերպիչները թույլ տվեցին, որ մենք առանց անդամավճարի առաջին անգամ մասնակցենք մրցույթին, քանի որ մեզ մոտ ազգային մրցույթն էլ էր առաջին անգամ անցկացվել, ինչպես նաև մենք հստակ տեղյակ չէինք մրցույթի կանոնների մասին: Օրինակ, Լիլիին ներկայացնող տեսահոլովակը, որը ըստ  իրենց փոխանցած տվյալների՝ պետք է լիներ մեկ րոպե տևողությամբ, հետագայում պարզվեց, որ դա կարող էր ավելի երկար տարբերակով ներկայացվել, որի ընթացքում մենք հնարավորություն կունենայինք ներկայացնել նաև մեր երկիրը: Այս ամենը վկայում է նրա մասին, որ հաջորդ տարի մենք ավելի պատրաստ կներկայանանք «Միսս Աշխարհ»-ին և կունենանք մրցույթի կանոններին համապատասխան մասնակից»,- նկատեց Գոհար Հարությունյանը:

Մեր այն հարցին՝ արդյո՞ք իր խոսքից կարելի է եզրակացնել, որ Լիլի Սարգսյանը համապատասխան չէր մրցույթին, ինչով էլ պայմանավորված է նրա՝ «Միսս Աշխարհ»-ի եզրափակիչ փուլ չանցնելը, Գոհար Հարությունյանը նկատեց.

«Այս օրերի ընթացքում չեմ հասցրել մրցույթի և Լիլիի մասնկացությանը վերաբերող շատ քննարկումներին հետևել: Բայց կասեմ, որ որոշների հետ համաձայն եմ, իսկ որոշների հետ՝ ոչ: Իհարկե, համաձայն չեմ այն կարծիքների հետ, որոնք վերաբերում են Լիլիի՝ անգլերենի  իմացությանը, որովհետև շատերը չեն տիրապետում այդ լեզվին: Երբ ես հետևում եմ գեղեցկության ամենահեղինակավոր մրցույթներին, օրինակ՝ «Miss Grand International»-ին,  ասեմ, որ դրա հաղթող մասնակիցն ընդհանրապես չէր կարողանում խոսել անգլերեն, փոխարենը՝ հստակ և գրագետ խոսում էր  իր երկրի մայրենի լեզվով»,- ասաց Գոհար Հարությունյանը:

Հարցին՝ արդյո ՞ք հնարավոր չէր մինչ Լիլիի՝ Չինաստան մեկնելը նախապատրաստել նրան և նրա անգլերենի իմացությունն ավելի լավ մակարդակի հասցնել, Գոհար Հարությունյանը պատասխանեց.

«Եթե ուշադիր հետևեք մրցույթի բոլոր մասնակիցներին, ապա կնկատեք, որ նրանցից շատերը «ակցենտով» էին խոսում: Նույնիսկ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը, որ բացարձակ  «ակցենտ» չուներ և չնաշխարհիկ գեղեցկություն ուներ, չանցավ եզրափակիչ փուլ: Այս ամենի մեջ մի փոքր քաղաքականություն էլ կա: Այդ իսկ պատճառով դժվար է ապացուցել, թե ով էր ավելի գեղեցիկ և թե ով էր ավելի լավ նախապատրաստված: Գեղեցկության մրցույթի ժամանակ ևս խեղաթյուրված ինչ-որ բաներ լինում են, բայց դա ամենևին չի նշանակում, որ այս կամ այն երկիրը չպետք ներկայանա տվյալ մրցույթին: Ինչ վերաբերվում է Լիլի Սարգսյանին, ապա ասեմ, որ մեր ազգային մրցույթը կայացավ սեպտեմբերի 24-ին, իսկ Չինաստան նա մեկնել է հոկտեմբերի 16-ին: Այդ փոքր ժամանակահատվածում նա այցելել է Սուսաննա Շահինյանի մոտ բանավոր խոսքի, զարգացման դասընթացների, ինչպես նաև շատ աշխատանքներ են տարվել նրա արտաքին տեսքի հետ կապված (հագուստի, լողազգեստի, աքսեսուարների ընտրություն): Շատերն առաջ են բերում «խայտառակություն» բառը, բայց լեզու չիմանալը դեռ խայտառակություն չէ: Լիլին բավական սիրվել է մրցույթի կազմակերպիչների կողմից: Այս ամենի մեջ, մեզ համար ամենակարևորը մեր խոսքի տեր լինելն էր, որն էր՝ ուղարկել Լիլիին «Միսս Աշխարհ 2017» մրցույթին մասնակցելու»,- նշեց «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը՝ հավելելով.

«Ես համաձայն եմ, որ մասնակիցը պետք է մաքսիմալ պատրաստ լինի, բայց վստահ եղեք, որ «Միսս Արմենիա» մրցույթին ով էլ հաղթեր, նման արձագանք էր լինելու թե այդ, թե «Միսս Աշխարհ» մրցույթների դեպքում: Բայց և այնպես, ես այնպիսի մարդ եմ, ով հաշվի է առնում հասարակական կարծիքը, առաջնորդվել եմ միշտ այդպես, և գուցե հենց դա է պատճառը, որ մինչ այսօր ինձ հարգում և սիրում են: Փորձում եմ այնպես անել, որ այս բնագավառը հնարավորինս ճիշտ զարգանա: Մինչև հոկտեմբերի 16-ը մենք Լիլիին, ինչքան որ հնարավոր էր, ինչքան որ հասցրինք, նախապատրաստեցինք»,- նշեց Գոհար Հարությունյանը:


Վերջինս անդրադարձավ նաև մեր մասնակցի՝ մրցույթի եզրափակիչ փուլ չանցնելուն. «Ցանությունս մեծ էր, բայց ակնկալիքներ չեմ ունեցել, որ Լիլին կընդգրկվի 120 երկրներից լավագույն 40 երկրները ներկայացնող մասնակիցների շարքում: Սա ամենևին էլ խայտառակություն չէ, ինչպես որ համացանցում շատերը հայտնում են իրենց կարծքիները: Մեր գերխնդիրն այն էր, որ նա մասնակցի «Միսս Աշխարհ»-ին: Պարզապես պետք է ամեն տարի փորձել, և գուցե գա ժամանակ, երբ մենք էլ հայտնվենք լավագույն տասնյակում: Եթե հետևենք օրինակ՝ սպորտի բնագավառին, ապա այնպես չէ, որ ցանկացած մրցույթի ժամանակ մենք հաղթանակ ենք ունենում: Չեմ հասկանում, թե ինչու է հենց մեր բնագավառն այսպես քննարկվում և քննադատվում,- նկատեց Գոհար Հարությունյանը:

Զրույցի վերջում Գոհար Հարությունյանն անդրադարձավ նաև «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության մրցույթի հաղթող մասնակցին.

«Առհասարակ, ես այնպիսի մարդ եմ, ով փորձում է դիմացինի մեջ առաջին հերթին տեսնել  նրա բոլոր առավելությունները, նոր հետո՝ թերությունը: Հաղթող մասնակիցը շատ ժպտերես, անմիջական, խելացի աղջիկ էր, բայց մի պահ պատկերացնում եմ, որ նա հաղթող դառնար մեր ազգային մրցույթում, մարդիկ ինչ կասեին (ժպտում է): Ամեն դեպքում, ես նրան հավանել եմ, բայց եթե ընտությունը լիներ իմ ճաշակով, ապա ես որպես «Միսս Աշխարհ 2017» կընտրեի Ռուսաստանը ներկայացնող մասնակցին, ով իմ կարծիքով՝ չնաշխարհիկ գեղեցկություն ունի»,- ասաց «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը:


Հեղինակ՝ Ս. Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին