▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 շաբաթում 2 վթարն ինձ համար շատ էր. Իննա Խոջամիրյանը` իր հետ կատարվածի մասին


«Վնասվածք ու կոտրվածք չունեմ, գլուխս եմ ուժեղ հարվածել: Ոչ մի լուրջ բան չկա»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Իննա Խոջամիրյանը` անդրադառնալով իր հետ կատարվածին:

Դերասանուհին օրերս գիշերը տաքսիով վթարի է ենթարկվել, սակայն, բարեբախտաբար, վթարը ողբերգական ավարտ չի ունեցել, իսկ դերասանուհին իրեն լավ է զգում:

«Ենթադրվում է, որ ուղեղի թեթև ցնցում եմ ստացել, բայց բժշկի չեմ գնացել` ախտորոշումը չհաստատելու համար, քանի որ ախտորոշումն ավելի ցավոտ է (ժպտում է): Բայց ըստ ախտանշանների` սրտխառնություն, գլխապտույտ և այլն, դա է ենթադրվում: Ինձ հետ հիմա ամեն ինչ կարգին է: Կարծում եմ` նման ուժեղ հարված չի եղել, որ լուրջ հետևանքներ լինեին: Եթե հետևանք պարունակող բան լիներ, կուշաթափվեի տեղում: Բայց ամեն դեպքում ստիպված պիտի գնամ բժշկի` հարազատներիս ու ընկերներիս սիրտը հովացնելու համար: Պարզապես շատ ուժեղ սթրես եմ տարել, այսօր նույնիսկ աշխատանքի չեմ գնացել: Շնորհակալ եմ շատ իմ անձնակազմին, որովհետև փչացրել եմ նրանց աշխատանքային օրվա առաջին կեսը, վաղն էլ ինձ հանգիստ նտվել, բայց կարծում եմ, որ վաղն արդեն կմիանամ նրանց: Այս պահին տանն եմ: Հուսով եմ` ամեն ինչ կհարթվի»,- մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց դերասանուհին:

Սա մեկ շաբաթվա ընթացքում Իննայի հետ կապված 2-րդ վթարային իրավիճակն էր. առաջինի դեպքում ղեկին եղել է հենց դերասանուհին, սակայն ամեն ինչ լավ ավարտ է ունեցել:

«1 շաբաթվա ընթացքում ինձ համար մի քիչ շատ էր 2 վթարային իրավիճակ: Ժողովրդական մի խոսք կա`«Շառից փախչում ես, բայց շառն ինքն է քեզ գալիս, կպնում» (ժպտում է): Վերջերս սովորություն ունեմ երեկոյան իջնել կենտրոն, հետո ոտքով բարձրանալ տուն: Այդ օրն էլ այնպես ստացվեց, որ ուշ ժամ էր, որոշեցի վերջին 2 խաչմերուկում տաքսի նստել, որպեսզի շատ ուշ  տուն չհասնեմ: Բացարձակ չէի պատկերացնի, որ նման իրավիճակ կստեղծվեր, որովհետև 00.00-ից անց էր, և քաղաքում հանգիստ իրավիճակ էր: Այդ պահին անծանոթ տղա կար, ով օգնեց, մեքենայից հանեց ու ճանապարհեց տուն, իսկ ես նույնիսկ շնորհակալություն չհայտնեցի, քանի որ շատ ուժեղ շոկի մեջ էի: Մեղավորը Mercedes-ի վարորդն էր, ով սահմանված արագությունից շատ ավելի արագ էր ընթանում: Փառք Աստծո, նա սթափ վիճակում էր, որովհետև մեր մեքենային հարվածելուց հետո կարողացավ կառավարել ղեկը, և արդյունքում ինքը հարվածեց ծառին: Բարեբախտաբար, վիրավորներ չկան»,- մանրամասնեց դերասանուհին:

Իննայի խոսքով` այս պահին ինքը փորձում է կազդուրվել, ավելին` այնպես անել, որ ամեն ինչ արագ մոռացվի:

«Չեմ ուզում իրավիճակը բարդացնել, և այս պահին ամենակարևորն իմ դրական վերաբերմունքը կլինի, քանի որ եթե ես բացասական վերաբերմունք ցուցաբերեմ, բոլորն ավելի շատ կանհանգստանան, իսկ ես դա չեմ ուզում»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Իննա Խոջամիրյանը:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին