▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՕԿ-ը կարծում է, որ հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք խաղերին

Նոյեմբերի 21-22-ին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը` ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ Բաքվում մասնակցել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ գլխավոր համաժողովին, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` հաջորդ տարի Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերի հետ կապված հարցը:


Համաժողովի պատվիրակները բարձր են գնահատել ՀԱՕԿ-ի որոշումը` մասնակցել Բաքվի համաժողովի աշխատանքներին: Նրանք շեշտել են, որ հայկական կողմի քայլը կարևոր ներդրում է խաղաղության հաստատման ու մարզաշխարհում համերաշխության կայացման գործում, ինչպես նաև մի նոր մակարդակի վրա է բարձրացնում օլիմպիական շարժման գաղափարները:


Բաքվում կայացած նիստի շրջանակներում ՀԱՕԿ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակությունների հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:


Եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հետ կայացած առանձին հանդիպումների ժամանակ քննարկվել է Հայաստանի մասնակցության հարցը 2015 թվականին կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերին: Հայկական կողմի բոլոր հարցադրումներին տրվել են բավարար և սպառիչ պատասխաններ, իսկ Եվրոպական մարզական առաջին խաղերի կազմակերպիչ կողմը մեկ անգամ ևս շեշտել է, որ կապահովի հայկական պատվիրակության անվտանգությունը:


Եվրոպական օլիմպիական կոմիտեի 43-րդ համաժողովի ընթացքում նաև որոշում է կայացվել հոբելյանական 45-րդ համաժողովն անցկացնել Հայաստանի մայրաքաղաք Երևանում:


Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն գտնում է, որ հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին` մեկ անգամ ևս ապացուցելով, որ Հայաստանի մարզիկներն ամենուր կարող են բարձր պահել մեր երկրի պատիվն ու հեղինակությունը:


Այսուհանդերձ, հաշվի առնելով հարցի նրբությունը և կարևորությունը ՀԱՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

 

 

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտե

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին