▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորսվող արժեքներ.Վարագավանքի պահապանը քուրդ Մեհմեդի ընտանիքն է

Վան քաղաքից հարավ-արևելք`  Վարագ լեռան արևմտյան լանջին է գտնվում Վասպուրականի նշանավոր Վարագավանքը` երբեմնի ամենահայտնի կրթական ու մշակութային կենտրոններից մեկը:

Այսօր, սակայն,  դժվար է ճանաչել երբեմնի շքեղ, այժմ`  անշուք ցանկապատների մեջ կուչ եկած, կիսավեր սրբավայրը…

Տարիներ շարունակ Վարագավանքը «պատկանել է» քուրդ Մեհմեդի ընտանիքին: Վերջինս վանքի բանալին ստացել է հորից:  Հայրը նաև փոխանցել է, որ կիսավեր կառույցը հայկական  սրբավայր է և պատվիրել է պահպանել այն: ASEKOSE.am-ի թղթակիցը տեղեկացավ, որ Մեհմեդը բանալին նվիրել է   «Անիտուր» տուրիստական  գործակալությանը` հաշվի առնելով մշտական հոգածությունը վանքի նկատմամբ:

Լուսանկարում` Մեհմեդի կինը և դուստրը

Նվիրատվությունների շնորհիվ` Մեհմեդը մաքրում է վանքը: Հանուն արդարության փաստենք, որ այն բավական մաքուր էր: Վանքի ներսը նաև լուսավորված էր էլեկտրական լամպերի միջոցով:  Իսկ ցանկապատը պաշտպանում է վանքը կենդանիներից:

Ցավոք, կիսավեր վանքին նոր վերք է ավելացել. Վանի երկրաշարժի ժամանակ փլվել է նախագավիթը:

 

Վարագավանքի մասին գեղեցիկ ավանդազրույց է պահպանվել. 3-րդ դարի վերջերին Սուրբ Գայանեն և Հռիփսիմեն Վաղարշապատ ուղևորվելիս իր պարանոցին կրած Խաչափայտի մասունքով սուրբ Խաչը տարել են Վան: Նրանց` Վասպուրականից հեռանալուց հետո մասունքը մինչև 7-րդ դար կորած է համարվել: Այն Վարագա լեռան վրա գտնել է մի վանական և բերել է Վարագավանք: Երբ 653-ին հայտնի է դարձել Վարագա Սուրբ Խաչի (ս. Նշանի) տեղը, կաթողիկոս Ներսես Գ Տայեցին Վարագ լեռան վրա կառուցել է Ս. Նշան եկեղեցին և հաստատել Վարագա Սուրբ Խաչի տոնը: 870-ին արաբները գրավել են Վարագավանքը, սակայն շատ չանցած իշխան Աշոտ Արծրունին ազատագրել է այն: Վարագավանք ծաղկում է ապրել X դ. սկզբին, Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հովանավորությամբ, որի կինը՝ Մլքեն, վանքին է նվիրել հայկական ամենանշանավոր ձեռագրերից մեկը՝ «Մլքե թագուհու Ավետարան»:

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

«Կորսվող արժեքներ» շարքի նախորդ հոդվածը` այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին