▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սայլը տեղից չի շարժվի, քանի որ անիվները չկան.Արվեստագետները` Հասմիկ Պողոսյանի` նախարար նշանակվելու մասին

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում է Հայաuտանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակույթի բնագավառում: Նախարարության գործունեության ընդհանուր նպատակը միտված է մշակութային ժառանգության պահպանմանը, համալրմանը, հանրահռչակմանը և ժամանակակից արվեստի զարգացմանը:

Նպատակներից որևէ մեկը կարծես թե չի իրականացվել, չհաշված մանր-մունր քայլերը` սա էլ թե, իբր տեսե’ք, գործ ենք անում:

Ավելին, կարելի է ասել, որ հակառակ գործընթացն է տեղի ունեցել: Հիշենք, թերևս, դրանցից մեկը: ՀՀ կառավարության` 2012 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշումը: Նշված որոշման ընդունման համար հիմք էր հանդիսացել Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպումը, որի նպատակով թույլատրվել էր Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ: Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016թ. սեպտեմբերին, դրանք, կառավարության որոշման համաձայն, պետք է վերադարձվեն իրենց գտնվելու վայրերը: Սա դեռ քիչ է`խաչքարերը տեղափոխվել են այլ երկրներ. օրինակ` Լոռի  Բերդի յուրահատուկ խաչքարերից մեկը, տարել են Լուվր, իսկ վերադարձի ժամկետն անհայտ է: Այս որոշումը քաղաքացիների շրջանում առաջացրել էր շատ լուրջ դժգոհություն գրեթե բոլոր այն տեղերում, որտեղից տեղափոխվել էին պատմամշակույթային հուշարձանները:

«Այս  ամեն ինչից հետո արդյո՞ք  հետագայում կասկածի տակ չի՞ դրվի նրա մշտապես, դարերով այդտեղ լինելու փաստը... Հետո էլ կասեն, թե հուշակոթողները բերովի են, այսինքն դուք եկվոր եք»,-ասում էին քաղաքացիները:

Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով Հասմիկ Պողոսյանին ՀՀ մշակույթի նախարար նշանակելու մասին լուրը երեկ ցնցեց շատերին: Մշակութային ժառանգությամբ մտահոգ մարդիկ ևս մեկ անգամ սրտի շրջանում ուժեղ ցավ զգացին, արցունքներ կուտակվեցին աչքերում, բայց….

Քաղաքացիները նշում են, թե հույս ունեին, որ գոնե նա չի վերանշանակվի:

 «Ափսոս է մեր մշակույթը»,-ասացին նրանք:

Երգչուհի, երգահան Մարիետա Բադալյանը ASEKOSE.am-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Հասմիկ Պողոսյանի` Մշակույթի նախարարի պաշտոնում վերանշանակվելու որոշմանը, ի՞նչ է կարծում` որևէ բան կփոխվի, պատասխանեց.

«Հիմա ոչինչ չի փոխվելու, նորից Հասմիկը Պողոսյանը կշարունակի գովազդել և հյուրախաղերի հրավիրել, խթանել հրեական մշակույթի ներկայացուցիչներին: Պետք է գիտակ մարդ լիներ, պարտադիր չէ` երաժիշտ, անհրաժեշտ է լինի արվեստագետ, որը բազարայինը կարողանում է տարբերել իսկական արվեստից: Ցավոք, մեր լավագույն արվեստագետները հեռացել են, մնացել են հաշտվողականները, որոնք ասում են, դե հիմա լավ է, որ գոնե հայերեն են երգում: Բայց ի՞նչ են երգում:  Ես վերջերս մեր Մայր բուհում «Երգող համալսարանական» մրցույթի ժյուրիի կազմում էի, քսան մասնակցից մի քանիսը երգեցին զուտ հայկական, հայ կոմպոզիտորի երգեր, իսկ մնացածը…»:

Գեղանկարիչ, լուսանկարիչ ու  բանաստեղծ Սամվել Սևադան էլ անդրադառնալով մեր կողմից հնչեցրած հարցին, թե ո՞րն է իր  հորդորն ու պահանջը.ի՞նչ պետք է արվի, որ չի արվել և ի՞նչ չպետք է արվի, պատասխանեց.

«Երբ ինձ հրավիրեն աշխատելու որպես նախարարի խորհրդական` կմտածեմ,  թե ինչ ասել արածների ու չարած բաների մասին: Իսկ հիմա` կարճ.. Պետք է արվի այն` ինչ դեռ չի արվել: Պետք չէ անել այն` ինչ արվել է..»:

Իսկ ահա, նկարիչներից մեկը մեզ հետ զրույցում խոսելով Հասմիկ Պողոսյանի` նույն պաշտոնը զբաղեցնելու որոշման մասին` ասաց, որ դեմ է նրան: Նա հրաժարվեց անգամ նշել ոլորտում առկա խնդիրները` ասելով. «Սայլը տեղից չի շարժվի, քանի որ անիվները չկան»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին