Սեպտեմբերից Վրաստանը բարդացնելու է օտարերկրացիների մուտքի վիզայի տրամադրման գործընթացը: Երկիր մուտք գործելու համար կպահանջվեն լրացուցիչ փաստաթղթեր, իսկ որոշ երկրների համար վիզային ռեժիմ կսահմանվի: Թե հատկապես, որ երկրների մասին է խոսքը, դեռևս չի հստակեցվում: Վրաստանը նաև վիզաների ստացման նոր կանոնների վրա է աշխատում, մասնավորապես, դրա համար նախատեսվում է վճարումներ սահմանել: Այդ վիզայի դիզայնի համար ևս աշխատանքներ են տարվում, այն դեռևս ամբողջովին պատրաստ չէ, սակայն հայտնի է, որ այն Շենգենյան վիզայի տեսքն է ունենալու:
Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկաձեի խոսքով` մինչ այժմ իրենց երկիրը չուներ միգրացիոն քաղաքականություն և այդ խնդրով սկսել է զբաղվել նոր կառավարությունը:
Ասոցացման համաձայնագրի կետերին համապատասխանելը շատ անելիքներ է ենթադրում, մյուս կողմից էլ, անկախ Համաձայնագրի պահանջներից, սրանք խնդիրներ են, որոնք պետք է վաղուց կարգավորված լինեին: Որոշ բաներ կբարդանան, որոշներն էլ` կհեշտանան:
Միգրացիոն հարցերով կառավարական հանձնաժողովի քարտուղար Գեորգի Ջաշի խոսքով` Վրաստանը վիզային ռեժիմի ազատականացման համար բանակցություններ է վարում եվրամիության հետ, ինչը ենթադրում է, որ օտարերկրացիների հերթական խումբը երկրում պետք է հայտնվի օրենքով:
Այդպիսի օրենքների առկայությունը և վիզային ռեժիմի սահմանումը կբերի նրան, որ երկրում մնալու համար զբոսաշրջիկների համար ժամկետներ կսահմանվեն: Գործընթացը կարգավորելու է միգրացիոն ծառայությունը, որը շատ շուտով կսկսի իր աշխատանքները: Արդեն ավարտվում է որոշակի միգրացիոն կանոններ և վիզային ռեժիմ խախտած զբոսաշրջիկների համար ժամանակավոր կացարանների կառուցման գործընթացը, իսկ այդպիսի զբոսաշրջիկների հարցերով կզբաղվի Վրաստանի ՆԳՆ-ն:
Նշենք, որ այժմ Վրաստան մուտք գործելու համար նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի համար գործում է առանց վիզայի ռեժիմ: