Ժայռապատկերները կամ իծագրերը, պետրոգլիֆը (petros - քար և glyphe - փորագրություն) քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին արված հնագույն պատկերներ ու տեսարաններ են։ Հնագույն ժայռապատկերները վերաբերվում են հին քարե դարին, վերջինները՝ միջնադարին։ Կատարման տեխնիկայով բազմազան են՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ։ Հայաստանում կան աշխարհագրական 5 տարածքներ, որոնցից են՝ Արագած, Գեղամա լեռներ, Սյունիք՝ Ուխտասարի լանջերը։ Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7000-ամյակով և ավելի հին ժամանակներով:
«Հայաստանը ժայռապատկերման հնագույն օջախ է: Ամենամեծ կուտակումը Գեղամա լեռներում է,-Բյուրականի աստղադիտարանում ընթացող «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի բաժնի գիտաշխատող, աստղագետ, ժայռապատկերաբան Կարեն Թոխաթյանը:
Նրա խոսքով՝ հայկական ժայռապատկերներում պատկերված են գրեթե բոլոր ոլորտները. երկնային լուսատուներ ու երևույթներ, բուսական, կենդանական աշխարհ, մարդու գործունեություն ու կենցաղ, գիտական արգասիք(օրացույց), խորհրդանշաններ, աստղեր, աստղախմբերի պատկերներ:
«Մեր ժայռապատկերներում չկան աչքի (թերթերունքի), ձկան, խեցեղենի, կրակի, հղիության, սպանության պատկերներ»,-ասաց ժայռապատկերաբանը:
Կարեն Թոխաթյանի ցուցադրած բազում ժայռապատկերների թվում մեծ ուշադրություն գրավեց մեկը (տե՛ս աջ կողմից երկրորդ պատկերը. կին՝ գլխին զարդ և զգեստը), որը ներկայացնելիս նա նկատեց. «Այս նկարում «բրենդ» կա. աշխարհում առաջին «բրիջի»-ն հայերն են հագել: Այսպիսի արվեստի մասին էր Գրիգոր Տաթևացին մոտ 1400 թվականին ասել. «Զնիւթ երկրաւոր գեղեցկացուցանեն զանազան նկարիւք և ճարտարութեամբ»: Նրան 400 տարի անց կրկնեց Հեգելը՝ «Красота же есть просвечивание идеи через материю»:
Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Երևանում Նոր Նորքի Տիգրան Մեծի զբոսայգում գտնվող Ուխտասարից բերված Ք.Ա. II հազարամյակի ժայռապատկերներին՝ Կարեն Թոխաթյանը ասաց.
«1960-ական թվականներին անվանի գիտնական, վաստակաշատ հնագետ-պատմաբան Գրիգոր Կարախանյանը ձեռնամուխ է լինում հայագիտության մեջ սակավ ուսումնասիրված հնագույն ժայռապատկերների ուսումնասիրությանը: Այդ տարիներին` 1963-69 թթ, ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղարը Պավել Սաֆյանն էր` Կարախանյանի համակուրսեցին: Նրանք լայնածավալ ուսումնասիրություններ են իրականացնում Ուխտասար անունը ստացած վայրում: Արդյունքում 1970 թ. հրատարակվում է «Սյունիքի ժայռապատկերները» ծավալուն ժողովածուն՝ Պ. Սաֆյանի համահեղինակությամբ»:
Բանախոսի խոսքով՝ 1972թ.-ին Պավել Սաֆյանը նշանակվում է Երևանի նորաստեղծ` Խորհրդային շրջանի, այժմ` Նոր Նորք թաղամասի կուսշրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնում, որը զբաղեցնում է ավելի քան 11 տարի` անջնջելի հետք թողնելով նորաստեղծ թաղամասի կառուցման, կայացման, զարգացման, նոր թաղամասում առկա բազմաթիվ խնդիրների լուծման գործում: Հենց այդ տարիներին (հստակ թիվը հայտնի չէ, ենթադրվում է` պաշտոնավարման առաջին 2-3 տարում) Սաֆյանի անմիջական հրահանգով ու նախաձեռնությամբ Ուխտասարի ժայռապատկերներից մի քանիսը հետաքրքրվողներին հասանելի դարձնելու նպատակով բերվել են քաղաք և Նոր Նորքի այգիներից մեկում դրվել ցուցադրության բաց երկնքի տակ:
Կարեն Թոխաթյանը նկատում է՝ «Ընդհանրապես չի կարելի հուշարձանը տեղից պոկել, այն իր տեղում է արժեքավոր: Այս ժայռապատկերները տեղանքում իրարից եղել են 5 կամ 100մ հեռավորության վրա, գուցե այն ժամանակ իրար հետ խոսում էին դրանք` մի նետաձիգը սպառնում էր այծին, որ գնա ընկնի իր ընկեր որսորդների կազմակերպած շուրջկալը: Այսպես ժայռապատկերը մոտենում է գրքին, իրենք առանձին արվեստի գործ են, բայց այնտեղ եղած ժամանակ գիտական արժեք էլ են ներկայացրել»:
Բայց, քանի որ «սև գործն» արված է եղել, առաջարկել է ժայռապատկերները գոնե Տիգրան Մեծի արձանի կողքին գեղեցիկ շարել: Ոչ մի նշանակություն չեն տվել այս առաջարկին:
Ժայռապատկերաբանը նշում է՝ քարերը անհետանում են և, բարեբախտաբար, դեռևս 2007թ.-ին հասցրել է լուսանկարել ժայռապատկերները:
«Ճշմարտությանն ամենամոտ ենթադրությունը` այգու վերջին բարեկարգման ժամանակ բանվորները, հավանաբար չնկատելով ժայռապատկերները, դեն են նետել բազալտե քարերը, կամ էլ դրանք արդեն օգտագործվել են ինչ-որ մեկի տան շինարարության ժամանակ»:
Նույն ճակատագիրն են ունեցել ու նույն «վախճանը» ԵՊՀ բակի ժայռապատկերները:
Սրանք էլ, ժայռապատկերաբանի խոսքով, հավանաբար նույն կերպ են հայտնվել այդտեղ:
«Կարախանյանը ԵՊՀ դասախոս էր, երևի 2 քար էլ այդտեղ են դրել: Ուսանող ժամանակ տեսել եմ, բայց շատ ուշադրություն չեմ դարձրել: Հետո, երբ սկսեցի ժայռապատկերների գունավոր նկարներ անել, դա 1998 թվականն էր, դրանք էլ նկարեցի: Երևի 5 տարի առաջ էր՝ տեսա, որ չկան: Փորձեցի պարզել, թե որտեղ են: Ոչ ոք տեղյակ չէր...»
Անի Կարապետյան
Կարդացեք նաև՝ Մենք որտեղի՞ց ենք. Մեկնարկել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը.
Ինչպե՞ս է առաջացել Տիեզերքը. հայերի շրջանում արված սոցիոլոգիական հարցումները ապշեցրել են.