Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր՝ Մարիա Հարությունյանի գործով հանձնաժողովային երկրորդ փորձաքննությունը: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց Մարգարյանների իրավահաջորդի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը:
«Այսօր տեղի է ունեցել բժիշկների երկրոդ քննարկումը, որին մենք թեև ֆիզիկապես չենք մասնակցել, սակայն գրավոր ձևով ներկայացրել ենք լրացուցիչ 9 հարցեր, որոնք անմիջական առնչություն ունեն գործի հետ: Այլ կերպ ասած՝ այդ հարցերի պատասխաններից է կախված, թե քանի բժիշկ պետք է համապատասխան պատասխանատվության ենթարկվի, եթե իհարկե հաստատվի նրանց բժշկական սխալը»,-ասաց Մարինե Թովմասյանը:
Վերջինս նշեց, որ այդ հարցերով խնդիրը դրել են ավելի մեծ շրջանակների մեջ, այլ կերպ ասած՝ գլոբալացրել են:
«Հիմնական շեշտը դրվել է ոչ միայն Մերի Մարգարյանի բժիշկ Շուշանիկ Բախշյանի, այլ նաև հերթապահ ողջ բուժանձնակազմի աշխատանքի վրա, քանի որ այդ օրն անձամբ Շուշանիկ Բախշյանը հերթապահ չի եղել, այսինքն՝ պարզ է, որ գործ ունենք մի քանի բժիշկների ոչ բարեխիղճ աշխատանքի հետ,- զրույցի ընթացքում ասաց իրավաբանը:
Մեր զրուցակիցը փաստեց, որ ինքն ու իր պաշտպանյալները գոհ են հանձնաժողովային փորձաքննության ընթացքից, որևէ բացթողում չեն նկատել:
«Հիմնարկության տնօրեն Մհեր Բիշարյանը և հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն օբյեկտիվորեն են նայում հարցին, իրենք էլ անում են գործի հետագա ընթացքի համար կարևորագույն հացադրումներ, ինչը մեզ թույլ է տալիս հերթական անգամ համոզվելու, որ նրանք իրենց գործի մեջ անաչառ են»,-նկատեց Մարինե Թովմասյանը:
Asekose.am-ի այն հարցին՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են շրջանառվող այն լուրերը, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժնի որոշ բժիշկներ դիմում են գրել և ազատվել աշխատանքից, որոնց մի մասն աշխատանքի է անցել «Մալաթիա» բժշկական կենտրոնում, Մարինե Թովմասյանն ասաց, որ ինքն անձամբ է ճանաչում բժշկի, ով Մերի Մարգարյանի դեպքից հետո դուրս է եկել աշխատանքից:
Զրույցի ընթացքում իրավաբանն անդրադարձավ նաև այն հարցին, որ Շուշանիկ Բախշյանը և Մերի Մարգարյանի գործի հետ առնչություն ունեցող բուժանձնակազմի անդամները դեռ շարունակում են աշխատել հիվանդանոցում:
«Ամեն ինչ օրենքի սահմաններում է, նրանք շարունակում են աշխատել, քանի որ դեռ վկայի կարգավիճակում են, այսինքն՝ իրավական մակարդկում աշխատանքային սահմանափակման մասին այս դեպքում խոսք լինել չի կարող»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց Մարգարյանների իրավահաջորդի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը:
Հիշեցնենք, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ Մերի Մարգարյանի մահը վրա էր հասել բազմաօրգանային անբավարարությունից, որն առկա էր եղել Մերիի մոտ դեռևս կենդանության օրոք:
Հավելենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին և ողջ բուժանձնակազմին:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան