▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի բարերարի ծոռը՝ Խորովածի փառատոնին

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքում արդեն 8-րդ անգամ անցկացվեց «Խորովածի և երաժշտության» ամենամյա փառատոնը, որի նպատակը  հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացումն ու հայոց ոչ նյութական մշակութային արժեքներից մեկը համարվող հայկական խոհանոցի ամրագրումն է:

Փառատոնին մասնակցում էին  մոտ երեսուն լավագույն խոհարարական թիմեր, որոնք ներկայացրել էին հայկական խորովածի իրենց մեկնաբանությունը:

«Եթե աշխարհում կա ջերմային մշակման մի քանի եղանակ՝ ասենք շոգեխաշել, տապակել և այլն, ապա  միայն հայերի մոտ է, որ խորովածն ընկալվում է որպես ջերմային մշակման առանձին եղանակ և պարտադիր արվում է բաց կրակի վրա»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատմաբան Վահե Անթանեսյանը:

Մշակութային ու քաղաքական գործիչներից բացի փառատոնին ներկա էր հայտնի բարերար Միքայել Արամյանցի ծոռը՝ Ալեքսանդր Ջանոևը: (Միքայել Արամյանց (1843 թ. մայիսի 4, Լեռնային Ղարաբաղ, գյուղ Քյաթուկ – 1924 թ., Թիֆլիս), 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր։ Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկեր ու գործընկեր։ Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու՝ նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար։ Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը՝ նվիրաբերելով հարյուր հազար ռուբլի։ Արամյանցի անվան հետ է կապված նաև Թբիլիսիի «Մարիոտ» հյուրանոցը, որը նա կառուցել է իր սիրելի նավի՝ «Մաժեստիկի» նմանությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը։ Զրկվելով հարստությունից ու դիրքից՝ 1924 թ. մահացել է սովի ու աղքատության մեջ)։

«Առաջին անգամ Ախթալա այցելել եմ 5 տարի առաջ: Ուրախ եմ, որ Հայաստան այցս զուգադիպեց փառատոնի օրվան: Միշտ ցանկացել եմ մասնակցել այս փառատոնին»,-նշեց Արամյանցի ծոռը:

Միջոցառման ընթացքում  ներկայացվեց նաև 125 մետր երկարություն ունեցող հայոց եռագույն դրոշը, որը պատրաստվել էր Պետական խորհրդանիշների օրվա առթիվ:

Ազատամարտիկ, ֆոտոլրագրող Մուշեղ Գասպարյանի խոսքով՝ 100-ը ցեղասպանությունն է խորհրդանշում, , 25-ը՝ Անկախությունը.

«Այն առաջինը ծածանել եմ Արտին լեռան վրա, որը շատ է սիրել Թաթուլ Կրպեյանը»,-մեզ հետ զրույցում հայտնեց Մուշեղ Գասպարյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին