«Նոր Հանրապետության հիմնադրման «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզը մշակել են Հիմնադիր խորհրդարանի, «Սասնա Ծռեր» խմբավորման և «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի ներկայացուցիչները:
Ճանապարհային քարտեզը մտահղացված է որպես ազգային-ազատագրական շարժման գաղափարական-ծրագրային հիմնարար փաստաթուղթ, որը նախատեսում է համախմբել հայությանը և Հայաստանի քաղաքացիներին և նրանց կամքի արտահայտմամբ ու իրագործմամբ սկիզբ դնել մարդկային երջանկության ապահովմանը և ազգային իղձերի կատարմանը կոչված հայրենի պետականության:
«Սասնա Ծռեր» անվանումը հուշում է, որ Ճանապարհային քարտեզի արժեհամակարգը, ռազմավարական ուղենիշները և ապագայի տեսլականը բխում են «Սասնա Ծռեր» հայոց էպոսի իմացաբանական ու հոգևոր-մշակութային համակարգից, իսկ նրա մեթոդի էությունն է հանուն ազատության ու արժանապատվության զոհաբերական պատրաստակամությամբ ընդվզումը:
Ճանապարհային քարտեզը Նոր Հանրապետության հիմնադրման տեսական հիմնավորումների, նպատակների նախանշման և խնդիրների առաջադրման համատեքստում ներկայացնում է Հայաստանի ապագաղութացման ու ինքնիշխանության հաստատման, Արցախը Հայաստանին դե յուրե միավորման և Հայաստանում ժողովրդի իշխանության վերականգնման ծրագիրը:
Ճանապարհային քարտեզը կենդանի և ապրող փաստաթուղթ է, ուստի ենթակա է մշտական լրամշակման ու կատարելագործման:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
- Նոր Հանրապետություն. ինչու և ինչպես
- Նպատակներ և խնդիրներ
- Սուբյեկտներ
- Միջոցներ
- Ժամկետ
- Հավելվածներ
- Նոր Հանրապետություն. ինչու և ինչպես
- Ինչու
- Իրավաքաղաքական հիմքերի պրոբլեմ
- Ներկա Հանրապետության իրավաքաղաքական հիմքերը լեգիտիմ չեն: Նրա հիմնադրման փուլում խախտվել և ոտնահարվել է հայության, որպես մարդու իրավունքների ամբողջական և անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտի, ինքնորոշման իրավունքը, երբ ՀՀ անկախության հանրաքվեն անցկացվել է առանց հայության մասնակցության և Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու վերաբերյալ արդեն առկա և համայն հայության կամքն արտահայտող իրավական ակտերի՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին¦ 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման և Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներին հակառակ, իսկ այնուհետև նախաձեռնվել է Արցախի անկախացման գործընթաց՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմամբ և 1991թ. դեկտեմբերի 10-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի անցկացմամբ և դրանց հաջորդող համապատասխան արտաքին և ներքին քաղաքականությամբ: Այս գործողություններով արցախաբնակ հայությունը և նրա իրավունքը զատվել են համայն հայությունից և նրա իրավունքից ու հակադրվել են դրանց, մինչդեռ հայությունը մեկ միասնական և անբաժանելի ամբողջություն է որպես մարդու իրավունքների կոլեկտիվ իրավունքի սուբյեկտ:
- Ներկա Հանրապետության իրավաքաղաքական հիմքերը լեգիտիմ չեն նաև, քանի որ նրա իրավաքաղաքական կերպափոխումների բոլոր փուլերի իրավական արձանագրումներն արտահայտող սահմանադրական հանրաքվեների (1995թ., 2005թ. և 2015թ.)արդյունքների կեղծմամբ ոտնահարվել է հայության ինքնորոշման իրավունքն ու սահմանադրաիրավական կամքը:
- Ներկա Հանրապետության իրավաքաղաքական հիմքերը դրանց ժառանգորդության (այդ թվում՝ իրավահաջորդության) մասով թույլ և հեռանկարի առումով փակուղային են, ինչպես նաև հակասում են հայության և նրա պետականության շահերին: Ներկա Հանրապետությունն իր ծնունդն ազդարարել և իրեն դիրքավորել է ոչ թե որպես համայն հայությանը պատկանող Հայրենիքի իրավունքի և դրա իրականացման ճանապարհին ստեղծված նրա իրավաքաղաքական-կազմակերպական գրավականի՝ 1-ին Հանրապետության, այլ այդ իրավունքը չճանաչող ու ոտնահարող և 1-ին Հանրապետությունը զավթած, մասնատած ու ինքնիշխանությունից զրկած ռուս-թուրքական գործակցության մնացորդային արդյունք Հայկական ԽՍՀ-ի ժառանգորդ: Դրա հետևանքով ներկա Հանրապետությունը փաստացի ճանաչում է հայության Հայրենիքի իրավունքի ժխտումը և այդ գործակցությամբ ձևավորված ու հայկական պետականության գործոնը բացառող, ասել է թե՝ հայկական պետականության հեռանկարը խափանող տարածաշրջանային ճարտարապետությունը, հաշտվում այդ հանգամանքի հետ և հրաժարվելով Հայրենիքի իրավունքի ու 1-ին Հանրապետության իրավաքաղաքական ժառանգության ներուժից՝ ինքն իրեն զրկում է գործոն դառնալու և պետականությունը պահպանելու կարողությունից:
Բացի այդ՝ ներկա Հանրապետությունը որպես 3-րդ Հանրապետություն համարելը հակասում է նաև միջազգային իրավունքին, քանի որ Հայկական ԽՍՀ-ն իրավասուբյեկտություն չի ունեցել և չի համարվել միջազգային իրավունքի սուբյեկտ-պետություն:
Այս համատեքստում 1-ին Հանրապետության խորհրդանիշերի (դրոշ, հիմն, զինանշան) փոխառումը ծառայում է իմիտացիոն նպատակների և մոլորեցնող ազդեցություն ունի:
- Հակապետության պրոբլեմ
- Ներկա Հանրապետության քանակական և որակական հիմնական հատկանիշների համախումբը վկայում է, որ այն հակապետություն է: Այն ի սկզբանե ձևավորվել է հակապետության վերածվելու նպատակադրման համատեքստում և արդեն ամբողջանում է որպես այդպիսին:
Այսպես, նրա պետական կառավարման համակարգը, արտաքին հարաբերությունները և տնտեսությունը ի սկզբանե ձևավորվել են հիմնական պարամետրներով Ռուսաստանի Դաշնության առանցքի շուրջ կառուցվող նորգաղութային ձևաչափերի մեջ՝ որոշակի փուլում վերստին գաղութի վերածվելու և Ռուսաստանի մաս կազմելու հեռանկարով: Ներպետական, ներազգային և միջազգային չափումներում տեղի ունեցող բոլոր մյուս գործընթացներն ու գործողությունները այս ծրագրի տեսակետից ժամանակավոր, իմիտացիոն, հարկադրված, երկրորդական և/կամ այլ ածանցյալ նշանակություն ունեն:
Այս հիմնական պատճառով ներկա Հանրապետությունը պետությանը բնորոշ՝ ազգի քաղաքական-տնտեսական ու հոգևոր-մշակութային զարգացման, նրա և ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության և պետության ինքնիշխանության, տարածքի ու բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման գործառույթն իրականացնելու փոխարեն վերածվել է այդ արժեքների հաշվին օտար գաղութարարի և իր կառավարման համակարգի ղեկավար շերտի շահերն ապահովելու գործառույթ իրականացնող հակապետության՝ ըստ էության աշխատելով որպես ցեղասպանության, պետականազրկման և հայրենազրկման յուրօրինակ գործիք:
Նրա բազմաթիվ արատներն ու հիվանդությունները՝ ժողովրդի իշխանության յուրացում, պետության իրավասուբյեկտայնության, ուստի նաև՝ ինքնիշխանության բացակայություն, կոռուպցիա, ոստիկանաքրեական ռեժիմ, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների համակարգված խախտումներ, մենաշնորհներ, քաղաքական դաշտի անզորություն, կուսակցությունների խամաճիկություն և/կամ չկայացածություն, վերնախավի գերակշիռ մասի գործակալացում, գաճաճություն և եսակենտրոնություն, առհասարակ պետության՝ որպես համակարգի, ձախողվածություն և չկայացածություն, վատ կառավարում և այլն, պայմանավորված են ներկա Հանրապետության հակապետություն լինելու հանգամանքով:
- Եզրակացություն
Ներկա Հանրապետության իրավաքաղաքական հիմքերի և հակապետություն լինելու պրոբլեմները համակարգային են, ուստի հնարավոր չէ այդ պրոբլեմները լուծել դրանց ծնող համակարգի ներսում և նրա միջոցով: Դրանք հնարավոր է լուծել միայն նոր համակարգ, տվյալ դեպքում՝ Նոր Հանրապետություն ստեղծելով, որը պետք է հիմնվի Հայրենիքի իրավունքի և 1-ին Հանրապետության իրավաքաղաքական ժառանգության վրա, ինչպես նաև իր մեկնարկը տա և հետագա ընթացքն ապահովի հայության, որպես ամբողջական և անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտի, ինքնորոշման իրավունքով ու սահմանադրական կամքով:
- Ինչպես
- Ինչպես¦ հարցի պատասխանը հիմնականում տրված է Ճանապարհային քարտեզի նպատակների, խնդիրների և, համապատասխանաբար, դրանք իրագործելու ու լուծելու համար մշակված փաստաթղթերի միջոցով:
- Միևնույն ժամանակ՝ Ճանապարհային քարտեզի մշակման տրամաբանությունը ամբողջական կերպով ըմբռնելու և առավել արդյունավետ կերպով կյանքի կոչելու համար կարիք կա ներկայացնելու Ճանապարհային քարտեզի մշակման հետևյալ մեթոդական մոտեցումները
- Շարժվել նվազագույն դիմադրության և հնարավորինս քիչ ջանքեր գործադրելու սկզբունքով՝ առավելագույնս օգտագործելով եղածի ռեսուրսը և հենվելով նրա արդեն առկա ռելիեֆի¦ վրա:
- Գտնել և կիրառել այն օպտիմումը, որը հնարավորություն է տալիս հավատարիմ մնալ նպատակներին և պահպանել ուղենիշերը, սակայն տալիս է նաև հետագայում ռազմավարական որոշումներ կայացնելու ազատություն:
- Ընտրել հիմնական նպատակները և դրանց լուծման համար անհրաժեշտ խնդիրների այն 20 տոկոսը, որոնց լուծմամբ կլուծվեն առկա պրոբլեմների 80 տոկոսը:
- Նպատակների և խնդիրների համակարգը կազմելիս և, համապատասխանաբար, դրանք իրագործելիս ու լուծելիս նկատի ունենալ, որ հարկավոր է շարժվել հակառակ հերթականությամբ: Ժողովրդի իշխանության յուրացումը և առկա պրոբլեմների հիմնական մասը գաղութացման հետևանք է, սակայն ապագաղութացման առաջին քայլը պետք է լինի ժողովրդի իշխանության հաստատումը, քանի որ առանց գաղութային վարչակազմի հեռացման, դրա առաջին քայլով՝ ազգային կամքի գերակայության հաստատման ու այն իրականացնող ազգային կառավարության ձևավորման Հայաստանը չի կարող հանդես գալ որպես սուբյեկտ և անհրաժեշտ քայլեր կատարել իր ազատագրման համար:
- Հաշվի առնել, որ մինչ վարչախմբի հեռացումը և ժողովրդի վստահության կառավարության ձևավորումը Ճանապարհային քարտեզի իրականացման համար մարդկային, այդ թվում՝ առաջնորդային-ռազմավարական և կադրային-մասնագիտական, ինչպես նաև տեղեկութային, նյութատեխնիկական և այլ ռեսուրսները խիստ սակավ են լինելու, ուստի այդ ժամանակահատվածում անհրաժեշտ է շարժվել քանակի նկատմամբ որակի գերակայության և ակնկալվող արդյունքների հիմնական մասը վարչախմբին հեռացնելուց հետո ընկած ժամանակահատվածի համար պլանավորելու տրամաբանությամբ:
- Նկատի ունենալ, որ պետության իրավասուբյեկտային կամքի ու իրավունքի և ինքնիշխանության միավորը քաղաքացին է, ուստի Նոր Հանրապետության հիմնադրման իրավաքաղաքական մեկնարկը անհրաժեշտ է տալ քաղաքացու կամքի և իրավունքի գործադրումն արտահայտող համապատասխան որոշմամբ:
- Նպատակներ և խնդիրներ
- Նպատակներ
- Ժողովրդի իշխանության հաստատում:
- Ապագաղութացում և ինքնիշխանության հաստատում:
- ՀՀ-ին Արցախի դե յուրե միավորում (Արցախի սահմանադրական տարածքով):
- Պետության կենսունակության ապահովում:
- Նպատակներ
- Խնդիրներ (նշելով այն նպատակը/նպատակները, որին/որոնց տվյալ խնդիրը վերաբերում է):
- Ազգային-ազատագրական շարժման ծավալում և կազմակերպական կայացում (2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4):
- Ճանապարհային քարտեզի նպատակները և խնդիրները ընդունող առաջնորդային թիմի ձևավորում:
- Առաջնորդային թիմի գլխավորությամբ ճանապարհային քարտեզի դրույթներին համապատասխան նախ՝ գաղափարական, ապա նաև՝ կազմակերպչական, տեղեկութային, նյութատեխնիկական և իրավապաշտպան բաղադրիչներ ունեցող քարշակի ձևավորում:
- Շարժման ցանցային համակարգի ձևավորում Հայաստանում և արտերկրում:
- Շարժումը սնուցող և նրա ընթացքն ապահովող գործողությունների կատարում և իրադարձությունների հարուցում:
- Վարչախմբի հեռացում (2.1.1, 2.1.2):
- Ժողովրդային ընդվզման լոկալ և զանգվածային գործողությունների կատարում,
- Վարչախմբին կամք պարտադրելու համար անհրաժեշտ մեթոդների որդեգրում և կենսագործում:
- Ժողովրդի վստահության կառավարության ձևավորում (2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4):
- Ժողովրդի վստահության կառավարության ծրագրի մշակում և իրագործում (2.1.1, 2.1.2, 2.1.4):
- Համազգային ներուժի համախմբում և արդյունավետ կերպով կիրառում (2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4):
- Նոր Հանրապետություն հիմնադրելու հարցի վերածում համահայկական օրակարգի գերակայության:
- Գաղութային վարչակազմի նկատմամբ արտերկրի հայկական կառույցների շրջանում իրատեսական և ճշմարիտ տեսակետների արմատավորում:
- Արտերկրի հայկական կառույցների և հայտնի հայերի հնարավոր ներգրավում Ճանապարհային քարտեզի իրականացման գործում:
- Մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորում (2.1.1, 2.1.4):
- Դատարանների անկախության երաշխավորում (2.1.1, 2.1.4):
- Պետական կառավարման համակարգի և տնտեսության ապամենաշնորհացում (2.1.1, 2.1.4):
- Քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիաների (գաղտնազերծումների) անցկացում (2.1.1, 2.1.2, 2.1.4):
- Պետական կառավարման համակարգի, առաջին հերթին՝ նրա արտաքին հարաբերությունների, անվտանգային, պաշտպանական և ոստիկանական բաղադրիչների ապագաղութացում և միջազգային չափանիշների ու ազգային առանձնահատկությունների հաշվառմամբ՝ վերակազմավորում և օպտիմալացում (2.1.1, 2.1.2, 2.1.4):
___________________________________________________________________
- §Ռուս-թուրքական երկընտրանք¦ ձևակերպումը մեր ներմուծումն է: Այն նկատի ունի հայության և Հայաստանի համար ռազմավարական (ծայրահեղ դրսևորումների ժամանակ՝ գոյութենական) մարտահրավերներ առաջացնող արտաքին հարաբերությունների ձևաչափ, որը պայմանավորված է թուրքական լծից ազատվելու համար ինքնիշխան պետություն ստեղծելու փոխարեն ավելի մեղմ ռուսական լծի ընտրությամբ: Այդ երկընտրանքը հայության զգալիորեն լայն շրջանակներում ստեղծել է ռուսական գաղութատիրությունը և մեր շահերի հաշվին կատարվող ռուս-թուրքական գործարքները որպես ճակատագիր ընդունող մտածելակերպ և վարքագիծ, ինչը հայկական կողմին զրկում է ինքնիշխան պետություն ստեղծելու և արտաքին հարաբերությունների սուբյեկտ ու գործոն դառնալու հնարավորությունից, իսկ ռուսական և թուրքական կողմերին էապես օժանդակում է հայության և Հայաստանի շահերի հաշվին իրենց շահերն ապահովել, ընդ որում՝ իրենց համար առավել բարենպաստ՝ հայկական գործոնը բացառող տարածաշրջանային ճարտարապետություն ձևավորելու տարբերակով:
- Արտաքին հարաբերությունների ապագաղութացում ռուս-թուրքական երկընտրանքի1 հաղթահարման, այդ թվում՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի նկատմամբ ազգային շահերի դիրքերից վերաբերմունքի արտահայտման և գործողությունների կատարման միջոցով, Ռուսաստանի հետ կնքված և ՀՀ շահերին հակասող միջազգային պայմանագրերի վերանայում, ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդրի լուծում, Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և եվրոպական կառույցների հետ հարաբերությունների որակական սերտացում, Իրանի հետ ռազմավարական գործընկերության հաստատում, ինչպես նաև ռազմավարական ենթակառույցների և օբյեկտների ազգայնացում կամ դրանց նկատմամբ ազգային վերահսկողության հաստատում (2.1.1, 2.1.2, 2.1.4):
- Ապախորհրդայնացում (ապակոմունիզացում)՝ կոմունիստական գաղափարախոսության և կոմունիստական շրջանի խորհրդառուսական բացասական ժառանգության հետևանքների չեզոքացում (2.1.2, 2.1.4):
- Կոռուպցիայի վերացում (2.1.1, 2.1.4):
- Նոր Սահմանադրության ընդունում (2.1.1, 2.1.2, 2.1.4):
- Արցախը ՀՀ-ին դե յուրե միավորման ապահովում (2.1.2, 2.1.3, 2.1.4):
- Նոր Սահմանադրությանը համապատասխան ընտրությունների անցկացում (2.1.1, 2.1.4):
- Սուբյեկտներ
- Ազգային-ազատագրական պայքար մղող ժողովուրդ:
- ՀՀ քաղաքացիներ:
- ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայեր:
- Ազգային-ազատագրական պայքար մղող ժողովրդի ձևավորած կառավարման մարմիններ և կառույցներ:
- Միջոց
- Մինչ վարչախմբի հեռացումը՝ ժողովրդային ընդվզում:
- Վարչախմբին հեռացնելուց հետո՝ Անցումային ժողովրդավարություն և Անցումային արդարադատություն (վերջինը՝ անհրաժեշտության դեպքում):
- Ժամկետ
- Երկու տարի, որն ընդգրկում է ժողովրդի վստահության կառավարության կազմակերպած ընտրությունների միջոցով ընտրված Անցումային խորհրդարանի գումարման պահից մինչև Նոր Սահմանադրության համապատասխան ընտրված խորհրդարանի գումարման պահը:
Ժամկետի հաշվարկը պայմանավորված է հետևյալ երկու չափանիշներով.
- Ճանապարհային քարտեզի նպատակների իրագործմամբ և խնդիրների լուծմամբ Նոր Հանրապետության հիմնադրման պայմաններ և նախադրյալներ ձևավորելու համար անհրաժեշտ և բավարար ժամանակահատված,
- Ժողովրդավարության փոխարեն բռնապետություն ծնելու վտանգ պարունակող անցումային իրավիճակի սահմանափակ ժամանակահատված:
Երկամյա ժամկետը նախատեսվում է բաշխել հետևյալ ժամանակահատվածների.
- 3 ամիս՝ Ճանապարհային քարտեզի նպատակների իրագործման և խնդիրների լուծման համար անհրաժեշտ ծրագրային փաստաթղթերի ու իրավական ակտերի մշակում և ընդունում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ դրանց կատարումն ապահովող մարմինների ձևավորում,
- 12 ամիս՝ այդ փաստաթղթերի և իրավական ակտերի կատարում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա, պետական կառավարման համակարգի օպտիմալացում, տնտեսության և արտաքին հարաբերությունների ապագաղութացում, ապակոմունիզացում, ինչպես նաև զուգահեռաբար՝ Նոր Սահմանադրության նախագծի մշակում և դրա ընդունման հանրաքվեի անցկացում,
- 3 ամիս՝ Նոր Սահմանադրությանը համապատասխան անհրաժեշտ օրենքների, առաջին հերթին՝ Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի և նոր խորհրդարանի Կանոնակարգի մշակում և ընդունում, ինչպես նաև կուսակցությունների գրանցում (վերագրանցում),
- Նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով ընտրությունների անցկացում և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորում:
- Հավելվածներ
- Նոր Հանրապետություն հիմնադրելու մասին¦ ՀՀ քաղաքացու որոշման նախագիծ
- Անցումային սահմանադրական հիմնադրույթներ¦-ի նախագիծ
- Ժողովրդի վստահության կառավարության ծրագրի նախագիծ (Ճանապարհային քարտեզի դրույթներին համապատասխան լրամշակում և հաստատում է ժողովրդի վստահության կառավարությունը)
- Անցումային փուլի ծրագրի աշխատանքային նախագիծ (Ճանապարհային քարտեզի դրույթների հաշվառմամբ մշակում և Անցումային փուլի ժամանակահատվածի կառավարությանն է ներկայացնում ժողովրդի վստահության կառավարությունը):
- Նոր Հանրապետություն հիմնադրելու մասին¦ ՀՀ քաղաքացու որոշման նախագիծ
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության քաղաքացու
Որոշում Նոր Հանրապետություն հիմնադրելու մասին
Արձանագրելով, որ
ա) Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեն առանց արցախաբնակ հայերի անցկացնելը և Արցախի անկախացման գործընթացը, այդ թվում՝ Արցախի անկախության հանրաքվեն, հակասում են համայն հայության կամքն արտահայտող ու իրավապատշաճ ձևով ընդունված իրավական ակտերի՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման և Հայաստանի անկախության մասին 1990թ. օգոստոսի 23-ի՝ Հայաստանին Արցախի վերամիավորման վերաբերյալ դրույթներին, ինչպես նաև համայն հայությունից զատում և նրան է հակադրում նրա արցախաբնակ հատվածին, ինչը ոտնահարել է հայության, որպես մարդու իրավունքների ամբողջական ու անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտի, ինքնորոշման իրավունքը,
բ) ներկա Հանրապետության հետագա իրավաքաղաքական կերպափոխումներն արձանագրող բոլոր (1995, 2005 և 2015 թ.թ.) սահմանադրական հանրաքվեների արդյունքները կեղծվել են, ինչը ոտնահարել է հայության ինքնորոշման իրավունքը և ժողովրդի սահմանադրաիրավական կամքը,
փաստելով, որ այս հանգամանքների բերմամբ ներկա Հանրապետության գոյության և գործունեության իրավաքաղաքական հիմքերը դարձել են խախուտ և ոչ լեգիտիմ,
արձանագրելով, որ ներկա Հանրապետությունն իր ծնունդն ազդարարել և իրեն դիրքավորել է ոչ թե որպես համայն հայությանը պատկանող ամբողջական Հայրենիքի իրավունքի և դրա իրականացման ճանապարհին ստեղծված նրա իրավաքաղաքական-կազմակերպական գրավականի՝ 1-ին Հանրապետության, այլ այդ իրավունքը չճանաչող ու ոտնահարող և նրա գրավական 1-ին Հանրապետությունը զավթած, մասնատած և ինքնիշխանությունից զրկած, ինչպես նաև միջազգային իրավունքին հակասող ռուս-թուրքական գործակցության մնացորդային արդյունք և իրավասուբյեկտություն չունեցած Հայկական ԽՍՀ-ի ժառանգորդ,
փաստելով, որ այս հանգամանքի բերմամբ ներկա Հանրապետությունն ինքնակամ կերպով հրաժարվում է համայն հայությանը պատկանող Հայրենիքի իրավունքի ու 1-ին Հանրապետության իրավաքաղաքական ժառանգության ներուժից՝ ինքն իրեն զրկելով տարածաշրջանում հայկական գործոն ստեղծելու և պետականությունը պահպանելու կարողությունից,
արձանագրելով, որ
ա) ներկա Հանրապետությունն ի սկզբանե իր պետական կառավարման համակարգը, տնտեսությունը և արտաքին հարաբերությունները ձևավորում է հիմնականում Ռուսաստանի Դաշնության առանցքի շուրջ կառուցվող նորգաղութային ձևաչափերի մեջ, ինչն արդեն պետությունը դարձրել է արտաքին կառավարման օբյեկտ, իսկ նրա կառավարման համակարգը՝ որպես խամաճիկային քաղաքական վերնախավ ունեցող գաղութային վարչակազմ՝ առաջացնելով Արցախի օտարման, պետության ինքնիշխանության կորստի և ներկա Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ ներառելու իրական սպառնալիք,
բ) գաղութային վարչակազմը 1995թ. Ազգային ժողովի ընտրություններից սկսած կեղծել է բոլոր ընտրությունների արդյունքները և յուրացրել ժողովրդի իշխանությունը, իսկ իր իշխանությունը վերահաստատելու նրա բոլոր ընդվզումները ճնշել է բռնությամբ,
գ) գաղութային վարչակազմը համակարգված կերպով խախտում է մարդու և քաղաքացու իրավունքները՝ որպես պետության կառավարման հիմնական մեթոդներ դարձնելով ոստիկանաքրեական բռնությունը, կեղծիքը, ապօրինությունը, կոռուպցիան, անարդարությունը, մարդու շահագործումն ու բնական պաշարների գիշատչային օգտագործումը, ինչպես նաև հաստատել է քաղաքական և տնտեսական մենաշնորհային իրականություն,
փաստելով, որ այս հանգամանքների բերմամբ ներկա Հանրապետությունը պետությանը բնորոշ՝ մարդու իրավունքների պաշտպանության, ազգի քաղաքական-տնտեսական ու հոգևոր-մշակութային զարգացման, ինքնիշխանության, տարածքի ու բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման գործառույթն իրականացնելու փոխարեն անդառնալի կերպով վերածվել է այդ արժեքների հաշվին օտար գաղութարարի և գաղութային վարչակազմի շահերն ապահովելու գործառույթ իրականացնող հակապետություն, որի գործունեությունն արդեն հանգեցրել է կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող կեղեքման, արդարության ճգնաժամի, սոցիալ-տնտեսական փլուզման, հոգևոր-մշակութային հետընթացի, մարդաթափության աստիճանի հասնող արտագաղթի, բնական միջավայրի անապատացման ու աղտոտման, բնական ռեսուրսների զգալի մասի սպառման, ազգային արժանապատվության, իրավունքների ու շահերի ոտնահարման, արտաքին ռազմական աճող սպառնալիքների համեմատությամբ պաշտպանունակության անհամաչափության ու շարունակական նվազման, տարածքային կորուստների ու ինքնիշխանության կորստի կայուն միտման՝ տեսանելի ապագայի համար ստեղծելով պետականության, հայրենաբնակ հայության և Հայրենիքի այս վերջին հատվածի գոյության իրական մարտահրավերներ,
նպատակ ունենալով ստեղծել տարածաշրջանում հայկական գործոն ձևավորելու ունակ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն և դրա միջոցով հաղթահարել նշված գոյութենական մարտահրավերները, երաշխավորել համայն հայության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսական շահերն ու հիմնարար իրավունքները՝ այդպիսով պայմաններ ստեղծելով ազգի և անհատի երջանկության բնական իղձի կատարման, նրանց ազատ ու արժանապատիվ գոյության ու ստեղծագործ զարգացման համար,
հանդես գալով որպես Հայրենիքի իրավունքի, ազգային պետականության իրավաքաղաքական ժառանգության ու ինքնիշխանության կրող և իրականացնելով ինքնորոշման իրավունքս ու Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ինձ պատկանող իշխանության մասը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Հիմնադրել նոր Հանրապետություն ներկայիս Հայաստանի Հանրապետության պաշտոնական տարածքի և Արցախի սահմանադրական տարածքի վրա՝ Հայաստանի Հանրապետություն¦ անվանմամբ,
- Հաստատել սույն որոշմանը հավելված և նրա բաղկացուցիչ մասը կազմող Անցումային սահմանադրական հիմնադրույթները,
- Անցումային սահմանադրական հիմնադրույթներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանձնարարել հետևյալ նպատակների իրագործմամբ ապահովել նոր Հանրապետության հիմնադրման համար անհրաժեշտ պայմանները և նախադրյալները,
- ժողովրդի իշխանության հաստատում,
- ապագաղութացում և ինքնիշխանության հաստատում,
- Հայաստանի Հանրապետությանը Արցախի դե յուրե միավորում (իր սահմանադրական տարածքով),
- Պետության կենսունակության ապահովում:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում, եթե այն հանրաքվեի ժամանակ դրա օգտին կողմ քվեարկելու միջոցով կայացրել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների (արցախաբնակ քաղաքացիները ներառյալ) կեսից ավելին:
- Սույն Որոշման գործողության ժամկետը սահմանել երկու տարի՝ մինչև նոր Սահմանադրությանը համապատասխան ընտրված նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի բացման պահը: Եթե ռազմական կամ արտակարգ դրության պատճառով նոր Սահմանադրության հանրաքվեն և/կամ նոր խորհրդարանի ընտրությունը հետաձգվում է, ապա Որոշման գործողության ժամկետը երկարաձգվում է Անցումային սահմանադրական հիմնադրույթներով և նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով:
Հավելված 1.1
- Նոր Հանրապետություն հիմնադրելու մասին¦
Հայաստանի Հանրապետության քաղաքացու որոշման
Անցումային սահմանադրական հիմնադրույթներ
Հոդված 1
- Նոր Հանրապետություն հիմնադրելու մասին¦ Հայաստանի Հանրապետության քաղաքացու որոշմամբ հաստատված Անցումային սահմանադրական հիմնադրույթները (այսուհետև՝ Հիմնադրույթներ) ժողովրդի կամքն արտահայտող և բարձրագույն իրավական ուժ ունեցող իրավական ակտ է: Հիմնադրույթների նորմերը գործում են անմիջականորեն:
Հոդված 2
Հիմնադրույթները ներառում են 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը և 1-14-րդ գլուխների նորմերը՝ բացառությամբ 91, 92, 115, 123-127-րդ հոդվածների, 130-րդ հոդվածի, 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 140-145-րդ հոդվածների, 157-րդ հոդվածի, 168-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերի և 169-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերի նորմերի:
Հոդված 3
Հիմնադրույթների իմաստով §Հիմնադրույթներ¦ և Սահմանադրության նախաբանում ու 1-14-րդ գլուխներում նշված §Սահմանադրություն¦ բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը նույնիմաստ են:
Հոդված 4
Սահմանադրության նորմերը գործում են այնքանով, որքանով վերաբերելի են և չեն հակասում Հիմնադրույթներին:
Հոդված 5
Սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ու պաշտոնատար անձանց պաշտոնավարման ժամկետները սահմանափակված են Հիմնադրույթների գործողության ժամկետով:
Հոդված 6
Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքի ղեկավարի (Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքաներում՝ նաև ավագանու) միջոցով այն իրականացնելու սահմանափակմամբ:
Կառավարությունը Հիմնադրույթների գործողության ժամկետով լիազոր ներկայացուցիչների կարգավիճակով նշանակում է համայնքների ղեկավարներ:
Կառավարությունը կարող է դադարեցնել Երևան, Գյումրի և Վանաձոր համայնքների ավագանու անդամների մինչև մեկ երկրորդի լիազորությունները և նրանց փոխարեն ավագանու անդամներ նշանակել լիազոր ներկայացուցիչների կարգավիճակով:
Հոդված 7
Սահմանադրության 1-ին, 5-րդ, 48-րդ, 89-րդ, 90-րդ, 93-րդ և 105-րդ հոդվածների, 129-րդ հոդվածի, 147-րդ, 149-152-րդ հոդվածների, 158-րդ հոդվածի, 168-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 170-րդ հոդվածի նորմերը Հիմնադրույթներում ներառվում են հետևյալ խմբագրությամբ.
Սահմանադրություն, հոդված 1
Հայաստանի Հանրապետությունը անցումային ժողովրդավարության միջոցով §Նոր Հանրապետություն հիմնադրելու մասին¦ Հայաստանի Հանրապետության քաղաքացու Որոշմամբ սահմանված նպատակների իրագործմամբ պայմաններ և նախադրյալներ է ձևավորում ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն ստեղծելու համար:
Սահմանադրություն, հոդված 5
Իրավական նորմերի աստիճանակարգությունը
- Սահմանադրական օրենքները, օրենքները և ենթաօրենսդրական իրավական ակտերը պետք է համապատասխանեն Հիմնադրույթներին:
- Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:
- Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի բաղկացուցիչ մասն են: Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո:
- Վավերացված միջազգային պայմանագրի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը, եթե այդ պայմանագրի մյուս կողմը (կողմերը) ընդունում է (են) իր (իրենց) ազգային օրենքների նորմերի նկատմամբ դրա նորմերի գերակայությունը:
- Հիմնադրույթներին հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել: Օրենքներին հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող հաստատվել:
Սահմանադրություն, հոդված 48
Ընտրական իրավունքը և հանրաքվեի իրավունքը
- Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը:
- Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող, հայերենին տիրապետող և Սահմանադրության 95-րդ հոդվածով և (կամ) ժողովրդի վստահության կառավարության որոշմամբ սահմանված պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
- Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
- Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ընտրություն կամ հանրաքվե չի անցկացվում:
Սահմանադրություն, հոդված 89
Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը
- Ազգային ժողովը կազմված է վաթսունհինգ պատգամավորից:
- Ազգային ժողովում երկու տեղ հատկացվում է եզդիների և մեկական տեղեր՝ ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ քանակությամբ մշտական բնակչություն ունեցող մյուս երեք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
- Ազգային ժողովն ընտրվում է մեծամասնական ընտրակարգով՝ ժողովրդի վստահության կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:
Սահմանադրություն, հոդված 90
Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը
- Ազգային ժողովն ընտրվում է Հիմնադրույթների գործողության ժամկետով, եթե Հիմնադրույթներով այլ բան սահմանված չէ:
- Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նրա առաջին նստաշրջանի բացման պահին և ավարտվում նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով ընտրված խորհրդարանի առաջին նստաշրջանի բացման պահին:
Սահմանադրություն, հոդված 93
Ազգային ժողովի ընտրությունների նշանակումը
Ազգային ժողովի ընտրությունները նշանակում է ժողովրդի վստահության կառավարությունը՝ Հիմնադրույթներն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան երեսուն և ոչ ուշ, քան քառասուն օր հետո:
Սահմանադրություն, հոդված 105
Ազգային ժողովի խմբակցությունները
Խմբակցությունները կազմավորվում են ըստ գաղափարական ընդհանրությունների՝ Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը նպաստելու նպատակով:
Սահմանադրություն, հոդված 129
Օրենքի ստորագրումը և հրապարակումը
Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի ընդունած օրենքը:
Սահմանադրություն, հոդված 147
Կառավարության կազմը և կառուցվածքը
- Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետից և նախարարներից: Վարչապետը և փոխվարչապետը կարող են լինել նախարար:
- Նախարարությունների ցանկը և Կառավարության գործունեության կարգը Ազգային ժողովի խորհրդի ներկայացմամբ սահմանվում են Ազգային ժողովի որոշմամբ:
Սահմանադրություն, հոդված 149
Վարչապետի և փոխվարչապետի ընտրությունը
- Վարչապետին ընտրում է Ազգային ժողովը՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման, վարչապետի հրաժարականի կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
- Վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն Ազգային ժողովի խորհուրդը և պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման, վարչապետի հրաժարականի կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում:
- Վարչապետ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե վարչապետ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում վարչապետ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե վարչապետ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլը, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել թվով ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում վարչապետ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
- Վարչապետի թեկնածուն Ազգային ժողովին է ներկայացնում փոխվարչապետի թեկնածուին, որը նրա ընտրվելու դեպքում համարվում է ընտրված: Եթե վարչապետը և (կամ) փոխվարչապետը պետք է նաև նախարարի պաշտոն զբաղեցնեն, ապա վարչապետի թեկնածուն Ազգային ժողովին ներկայացնում է, թե ընտրվելու պարագայում որ նախարարի (նախարարների) պաշտոնը (պաշտոնները) կզբաղեցնեն ինքը և (կամ) փոխվարչապետը: Ընտրվելու պարագայում վարչապետը (փոխվարչապետը) ընտրված է (են) համարվում այն նախարարի (նախարարների) պաշտոնին (պաշտոններին), որի (որոնց) համար ներկայացվել է (են):
- Եթե վարչապետ չի ընտրվում, ապա նույն կարգով և ժամկետում անցկացվում է վարչապետի նոր ընտրություն:
- Վարչապետի ընտրության կարգի մանրամասները կանոնակարգվում են օրենքի անալոգիայի կարգով՝ Հանրապետության Նախագահի ընտրության կարգի վերաբերյալ Ազգային ժողովի կանոնակարգին համապատասխան:
Սահմանադրություն, հոդված 150
Կառավարության կազմավորումը
- Վարչապետի առաջարկությամբ Կառավարության մյուս անդամներին Ազգային ժողովը ընտրում կամ փոփոխում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
- Վարչապետը Կառավարության անդամի մյուս թեկնածուներին Ազգային ժողովին ներկայացնում է ամբողջ կազմով կամ անհատապես:
Կառավարության կազմում որպես Կառավարության անդամի թեկնածու ներկայացվելը խոչընդոտ չէ նույն անձին անհատական կարգով որպես կառավարության անդամի թեկնածու ներկայացնելու համար:
- Վարչապետը Ազգային ժողովի ընտրությանը Կառավարությունն ամբողջ կազմով կամ անհատական կարգով կարող է ներկայացնել մինչև երեք անգամ: Եթե երրորդ անգամ Կառավարություն չի կազմավորվում, վարչապետը հրաժարական է ներկայացնում և տասնօրյա ժամկետում անցկացվում է վարչապետի նոր ընտրություն:
Սահմանադրություն, հոդված 151
Կառավարության ծրագիրը
- Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:
- Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ յոթնօրյա ժամկետում հավանություն է տալիս Կառավարության ծրագրին կամ այն իր առաջարկություններով և դիտողություններով վերադարձնում է Կառավարությանը: Կառավարությունը տասնօրյա ժամկետում Ազգային ժողովի առաջարկությունների և դիտողությունների հաշվառմամբ լրամշակում է իր ծրագիրը և ներկայացնում Ազգային ժողովին, որն այն հաստատում է հնգօրյա ժամկետում՝ օրենքների նախագծերի ընդունման համար սահմանված երկրորդ և երրորդ ընթերցումների ընթացակարգով:
Սահմանադրություն, հոդված 152
Վարչապետի և կառավարության մյուս անդամների իրավասությունները
- Վարչապետը.
1) Կառավարության ծրագրի շրջանակներում Կառավարության որոշմանն է առաջարկում Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները և դրանց համապատասխան Կառավարության անդամներին տրվող կոնկրետ հանձնարարականները,
2) ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում Կառավարության անդամների աշխատանքը,
3) գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով,
4) Կառավարության որոշմամբ կնքում է միջազգային պայմանագրեր,
5) ընդունում է որոշումներ՝ Հիմնադրույթներով կամ օրենքներով իրեն վերապահված իրավասությունների իրականացման հարցերով:
- Փոխվարչապետը.
1) Կառավարության որոշմամբ իրականացնում է Կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը,
2) վարչապետի բացակայության կամ պաշտոնը թափուր մնալու դեպքերում կատարում է վարչապետի պարտականությունները:
- Նախարարը.
1) ինքնուրույն կառավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը,
2) ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ և այլ բնույթի իրավական ակտեր:
Սահմանադրություն, հոդված 158
Կառավարության, ինչպես նաև վարչապետի և կառավարության մյուս անդամների լիազորությունների դադարումը և դադարեցումը
- Կառավարության լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների դադարեցման պահին: Մինչև նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով նոր Կառավարության կազմավորումը Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունները կատարել պաշտոնակատարի կարգավիճակով:
- Վարչապետի լիազորությունները դադարում են նրա դիմումի համաձայն կամ նրա ներկայացրած Կառավարության չկազմավորվելու պարագայում: Վարչապետի հրաժարականն ընդունում է Ազգային ժողովի խորհուրդը՝ երկօրյա ժամկետում:
Վարչապետի լիազորությունները դադարեցվում են Ազգային ժողովի խորհրդի եզրակացության հիման վրա՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ ծանր հիվանդության և (կամ) լիազորությունների կատարումն անհնարին դարձնող այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքում:
Վարչապետը կարող է նաև զբաղեցրած պաշտոնից ազատվել Ազգային ժողովի խորհրդի կամ պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Նման առաջարկություն ներկայացնողը առաջադրում է նաև նոր վարչապետի թեկնածություն: Սույն կարգով վարչապետին պաշտոնից ազատելու դեպքում պաշտոնից ազատված է համարվում նաև փոխվարչապետը:
- Կառավարության մյուս անդամների լիազորությունները կարող են դադարեցվել Ազգային ժողովի խորհրդի և Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետի առաջարկությամբ Կառավարության անդամների լիազորությունները դադարեցվում են Ազգային ժողովի ձայների պարզ մեծամասնությամբ:
Կառավարության մյուս անդամների հրաժարականներն ընդունում է վարչապետը:
- Վարչապետի հրաժարականի կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում Կառավարության լիազորությունները չեն դադարում: Նոր վարչապետը անհրաժեշտության դեպքում Հիմնադրույթներով սահմանված կարգով առաջարկում է կառավարության կազմի փոփոխություն:
Սահմանադրություն, հոդված 168
Սահմանադրական դատարանի լիազորությունները (կետ 2-րդ և 5-րդ)
2) մինչ հանրաքվեի դրվող իրավական ակտերի (բացառությամբ նոր Սահմանադրությունից) նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը,
5) լուծում է հանրաքվեի և Ազգային ժողովի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը:
Սահմանադրություն, հոդված 169 (կետ 3)
Սահմանադրական դատարան դիմելը
3) Ազգային ժողովի խմբակցությունը՝ հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով:
Սահմանադրություն, հոդված 170
Սահմանադրական դատարանի որոշումները
- Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
- Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ:
- Սահմանադրական դատարանը Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված հարցով որոշումներն ընդունում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, իսկ մյուս որոշումները՝ Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 8
- Սահմանադրության 131-րդ հոդվածով և դրան համապատասխան օրենքներով սահմանված՝ Հանրապետության Նախագահի լիազորությունները վերապահվում են Ազգային ժողովին:
- Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 133-139-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և դրանց համապատասխան օրենքներով սահմանված Հանրապետության Նախագահի լիազորությունները վերապահվում են Ազգային ժողովի խորհրդին:
- Սահմանադրության 128-րդ հոդվածով, 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և դրանց համապատասխան օրենքներով սահմանված Հանրապետության Նախագահի լիազորությունները վերապահվում են Կառավարությանը:
- Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և դրան համապատասխան օրենքներով սահմանված Հանրապետության Նախագահի լիազորությունները վերապահվում են վարչապետին:
Հոդված 9
- Նոր Սահմանադրության նախագիծը մշակվում է համաժողովրդական մասնակցության և քննարկման ձևաչափով:
- Նոր Սահմանադրության նախագծի մշակումը համակարգելու և դրա տեքստը կազմելու ու Ազգային ժողովին ներկայացնելու նպատակով Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում է մինչև տասներկու անդամից կազմված հանձնաժողով, ինչպես նաև սահմանում է նրա աշխատանքային կանոնակարգը:
Հանձնաժողովի անդամների թեկնածություններ առաջադրելու իրավունք ունեն Ազգային ժողովի խորհուրդը, խմբակցությունները, ինչպես նաև առնվազն տասը պատգամավորներից բաղկացած խմբերը:
Տասներկուսից ավելի թեկնածուներ առաջադրվելու դեպքում ընտրվում են առավել շատ ձայներ ստացած տասներկուսը:
Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի է դրվում Հիմնադրույթների գործողության ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ:
Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ Հիմնադրույթներով և Հանրաքվեի մասին օրենքով սահմանված կարգով և ժամկետում: Բոլոր դեպքերում նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն պետք է անցկացվի ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան ինն ամիս հետո:
Հոդված 10
- Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով:
- Ազգային ժողովը հանրաքվե անցկացնելու մասին որոշմամբ նաև նշանակում է հանրաքվեն: Հանրաքվեն անցկացվում է հանրաքվե նշանակելուց ոչ շուտ, քան հիսուն և ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո:
- Հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:
Հոդված 11
- Հիմնադրույթների ուժի մեջ մտնելու պահից դադարեցվում են Սահմանադրությամբ նախատեսված բոլոր մարմինների անդամների և պաշտոնատար անձանց լիազորությունները, բացառությամբ ավագանու անդամների: Առաջին ատյանի վերաքննիչ, վճռաբեկ և սահմանադրական դատարանների դատավորների, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների, վճռաբեկ դատարանի պալատների և վճռաբեկ դատարանի նախագահների, Սահմանադրական դատարանի դատավորների և Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը և Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով այդ պաշտոններում նոր ընտրությունների ժամկետը որոշում է Ազգային ժողովը:
- Սահմանադրական օրենքները և օրենքները Հիմնադրույթներին համապատասխանեցվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում:
- Բարձրագույն դատական խորհուրդը կազմավորվում և իր լիազորություններն ստանձնում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս հետո:
Արդարադատության խորհրդի լիազորությունները դադարում են Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման պահին:
- Սահմանադրական դատարանի անդամները ընտրվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս հետո:
- §Ազգային վիճակագրության մասին¦ և §Քաղաքացիական ծառայության մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված Հանրապետության Նախագահի լիազորությունները վերապահվում են Ազգային ժողովի խորհրդին:
Հավելված 2
Ծրագիր
Ժողովրդի վստահության կառավարության
Ժողովրդի վստահության կառավարությունը 100-օրյա ժամկետով ստանձնում է գործող Սահմանադրությամբ և օրենքներով ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ Կառավարությանը վերապահված լիազորությունները և այդ ընթացքում մշակում և իրականացնում է (վերաբերելի մասով և հնարավորության չափով) ճանապարհային քարտեզի նպատակների իրագործման և խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում.
- ապահովում է պետության ներքին կայունությունը, արտաքին անվտանգությունը և տնտեսության անխափան աշխատանքը,
- ապակուսակցականացնում և օպտիմալացնում է պետական կառավարման համակարգը,
- ապամենաշնորհացնում է տնտեսությունը, վերացնում է ստվերային տնտեսությունը և երաշխավորում ազատ ձեռներեցությունը,
- կասեցնում է անիրավ օրենքների գործողությունը, բանկային վաշխառուական տոկոսադրույքները և դրանց մարման գործընթացը,
- կասեցնում է ոռոգման ջրի վարձի, կարմիր գծերի, ճանապարհային երթևեկության տուգանքների և տույժերի, փոքր բիզնեսի հարկերի և տուգանքների ու տույժերի գանձման գործընթացը, ինչպես նաև ներում է դրանց չվճարված գումարները,
- հայտարարում է ազգային շահերի և մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործություններից բացի ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված այլ հանցագործություններ կատարած այն անձանց համաներում, ում նկատմամբ արդեն իրականացվել է քրեական հետապնդում,
- սկսում է ազգային շահերի և մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վերանայման գործընթաց,
- մեկնարկում է Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի դուրսբերման և նրանց պահպանած պետական սահմանի հատվածների պահպանությունը ՀՀ սահմանապահ զորքերի պահպանմանը հանձնելու գործընթաց (սկսելով օդանավակայաններից և Իրանի հետ սահմանի հատվածից).
- համալրում է ՀՀ Զինված ուժերի և Սահմանապահ զորքերի ռեսուրսը ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների ռեսուրսի հաշվին,
- ապահովում է հանցավոր համագործակցության վերածված ՀՀԿ-ի և նրա արբանյակ կազմակերպությունների պատասխանատվությունը,
- Հայաստանը հայտարարում է որպես համայն հայության Հայրենիք և պարտավորվում է նրա տարածքում ընդունել, ինչպես նաև բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել ու աջակցել բոլոր հայերին՝ անկախ նրանց բնակության վայրից, քաղաքացիությունից, կրոնական կամ այլ պատկանելությունից,
- ձեռնամուխ է լինում Ազգ-բանակ¦ պաշտպանական համակարգի ձևավորման գործին և անհապաղ սկսում է իրականացնել պետության, առաջին հերթին՝ Արցախի պաշտպանության ապահովման կազմակերպական, տնտեսական, ֆինանսական, նյութատեխնիկական, սոցիալական, իրավական և այլ անհրաժեշտ միջոցառումներ,
- մեկնարկում է ազատագրված տարածքները և սահմանամերձ հատվածը հարկային և վարկային արտոնություններով օժտված և կլաստերային տրամաբանությամբ ձևավորվող վարչատնտեսական գոտու վերածելու գործընթաց,
- սկսում է հայրենադարձության գործընթաց՝ առաջին հերթին ապահովելով մասնագետների, այդ թվում՝ կառավարման մասնագետների հայրենադարձությունը,
- մշակում է Նոր Հանրապետություն հիմնադրելու մասին ՀՀ քաղաքացու որոշման¦ (նրա մաս կազմող §Անցումային փուլի սահմանադրական հիմնադրույթներ¦-ով հանդերձ) նախագիծ և հանրաքվե է անցկացնում այն ընդունելու հարցով:
- ապահովում է Անցումային խորհրդարանի (Անցումային սահմանադրական հիմնադրույթներին համապատասխան ընտրվող Ազգային ժողովի) ձևավորումը,
- մշակում է Անցումային փուլի աշխատանքային ծրագիր և իր լիազորությունների ավարտին ներկայացնում Անցումային խորհրդարանի ձևավորած Անցումային կառավարությանը,
- Նոր Հանրապետություն հիմնադրելու մասին ՀՀ քաղաքացու որոշման¦ հանրաքվեի բացասական արդյունքի դեպքում առկա Սահմանադրությամբ սահմանված կարգով անցկացնում է արտահերթ ընտրություններ:
- Ժիրայր Սեֆիլյան – Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող
- Գարեգին Չուգասզյան – Հիմնադիր խորհրդարանի նախագահ
- Ալեք Ենիգոմշյան – Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգողի տեղակալ, «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ
- Կարո Եղնուկյան – Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր
- Արմենակ Կյուրեղյան – «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ
- Արմեն Միքայելյան – «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր
- Վահրամ Պետրոսյան – «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ
«Սասնա Ծռեր» խմբավորում ի դեմս՝
- Մխիթար Ավետիսյան – «Սասնա Ծռեր» խմբավորման շտաբի պետ
- Վարուժան Ավետիսյան – «Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ, «Սասնա Ծռեր» խմբավորման շտաբի անդամ, Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ
- Պավել Մանուկյան – «Սասնա Ծռեր» խմբավորման շտաբի անդամ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր