Հայկական պատվիրակությունն նոյմեբերի 28-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Ադիս Աբեբայում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 11-րդ նիստին:
Պատվիրակության անդամներից ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն ու ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանն այսօր մանրամասներ ներկայացեցին նիստից, անդրադարձան Ադրբեջանի գլխավորությամբ 4 երկրների կողմից լավաշի ու Թուրքիայի կողմից ներկայացրած հախճապակու հայտերին:
«5 երկրների՝ Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի ու Ղրղզստանի կողմից ներկայացվել էր «Տափակ հացի պատրաստման ու տարածման մշակույթը» կոչվող հայտը: Հիշեցնեմ, որ 2 տարի առաջ ընդունվել էր Հայաստանի կողմից ներկայացված լավաշի պատրաստման հայտը: Ադրբեջանի պատվիրակությունն այդ ժամանակ բողոքում էր, դժգոհում ու հենց այդ ժամանակ իրենց ԱԳՆ-ն ու մշակույթի նախարարությունը լուրեր են տարածում, թե կոմիտեն հրաժարվել է գրանցել Հայասատնի հայտը և Ադրբեջանին կոչ է արել հավաքել տարածաշրջանի երկրներին ու նոր հայտ ներկայացնել: Սա, իհարկե, կեղծիք էր, որը հերքվեց անմիջապես ու կոմիտեն կոչ արեց քարտուղարության ու կոմիտեի անունից որևէ կեղծիքներ չտարածել:
Փաստորեն, 2 տարի անց, Ադրբեջանը հավաքագրեց 5 երկրների, պատրաստեց այս նոր հայտը: Նշեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի յուրահատկությունն այն է, որ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել ցանկացած հայտ ու փորձագիտական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում դրանց իսկությունը ճշգրտելը: Կոմիտեի փորձագիտական մարմինը միայն ներկայացված հայտի համապատասխանությունն է ստուգում:
Իսկ մենք տրամադրված գնացել էինք առնվազն երկու՝ 5 երկրների կողմից տափակ հացի պատրաստման և Թուրքիայի կողմից ներկայացված չինի տեխնիկայի (Սա չայնա բառից է գալիս, նշանակում է հախճապակի) մասին հայտերի վերաբերյալ քննարկում սկսելու համար, քանի որ ներկայացված հայտերում պատմական, քաղաքական բազմաթիվ անճշտություններ կային:
Թուրքիայի հայտում խոսքը Քյոթահիայում, Չանաքկալեում, Իզնիքում հախճապակու արտադրության մասին էր: Ինչպես հայտնի է՝ պատմականորեն Քյոթահիայի հախճապակին հայկական արտադրություն է եղել, հայերը տարածքը Ցեղասպանության հետևանքով լքել են 1920-21թթ., բայց սրա 3 ճյուղերը շարունակություն են ունեցել Երուսաղեմում, Աթենքում և ներկայիս Հայաստանում:
5 երկրների դեպքում մեր բանակցություններն ընթանում էին Իրանի և Ղազախստանի պատվիրակությունների հետ, ներկայացրել էինք բազմաթիվ ուղղումներ: Թուրքիան էլ առաջարկել էր հայտը ընդունել, վստահ լինելով, որ անցնելու է, բայց մենք դա թույլ չտվեցինք ու խնդրեցինք հետաձգել քննարկումը, արդյունքում Ադրբեջանի ու Թուրքիայի նախատեսած բլից ընդունումը տապալվեց:
Մենք քարտուղարությանն ասել էինք, որ անընդունելի է նոր հայտ ընդունել, որտեղ նշվում է լավաշ բառն ու հղում չի կատարվում ՀՀ կողմից 2 տարի առաջ արդեն գրանցված լավաշի հայտին: Երկար բանակցություններից հետո 5 երկրները հայտնեցին, որ պատրաստ են որոշման նախագծի տեքստում ներառել մի պարբերություն, որտեղ հղում կկատարվի մեր հայտին, կնշվի, որ այս մշակույթը 5 երկրներից բացի այլ տեղերում էլ է տարածված»,-մանրամասնեց Վահրամ Կաժոյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից հախճապակու մասին ներկայացված հայտին, ապա հայկական պատվիրակությունը խոսել է Քյոթահիայի հայ համայնքի, խեցեղենի պատմության մասին:
«Պարոն Կաժոյանն անգամ իր ելույթում նշեց, որ իր նախնիները հենց Քյոթահիայից են ու հայտի հետ կապված ամբողջ խնդիրը ներկայացրեց ու պնդեց, որ Թուրքիան չի կարող խոսել այս ամենի եզակիության մասին»,-հավելեց Արև Սամուելյանը:
Ավելին, պատվիրակության անդամների փոխանցմամբ, քննարկումից հետո շատ դեսպաններ են մոտեցել իրենց, հայտնել զարմանքն ու զայրույթը, թե ինչո՞ւ են խեղաթյուրում իրականությունը: Նրանցից մեկն անգամ ասել է, թե ինչպե՞ս Թուրքիան չի ամաչում, հայկական մշակույթը ներկայացնում է որպես իրենը: Պարզապես կարելի էր բղավել ու նրանց դուրս շպրտել դահլիճից:
Անի Կարապետյան