▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազդանի 2 բնակչի դաժան սպանության նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 33-ամյա բնակչին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի բնակչին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Հրազդան քաղաքի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի դիերը հայտնաբերվել են 2017թ. նոյեմբերի 2-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են երկու անձի սպանության հանգամանքները, սպանության վայրը, դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հրազդան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1985թ.:



Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Հրազդան քաղաքի երկու բնակիչներ՝ Սամվել Ալիխանյանը և Վարդուհի Սիմոնյանը, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են 2017թ. սեպտեմբերի 18-ին՝ Հրազդան քաղաքում գտնվող առանձնատներից մեկում՝ նույն քաղաքի` 1985թ. ծնված բնակչի կողմից կիրառված բռնության հետևանքով: Պարզվել է, որ տուժողները և Հրազդանի բնակիչը եղել են ծանոթներ, և դեպքի օրը վերջինիս հայրական տանը նրանց միջև գումարային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ 1985թ. ծնված տղամարդը ծեծել է նրանց, ապա մետաղական լարով խեղդամահ արել Սամվել Ալիխանյանին, այնուհետև մետաղական կշռաքարով հարվածներ հասցրել Վարդուհի Սիմոնյանի գլխին՝ սպանելով նրան:

 

 

 

 

 

 

Պարզվել է, որ Հրազդանի բնակիչը այնուհետև հափշտակել է Վ.Սիմոնյանի ոսկյա ապարանջանը` ոսկյա կախազարդով, ոսկյա ականջօղերը, ոսկյա թևնոցը և մատանին, իսկ պայուսակից՝ կանխիկ գումար, ինչպես նաև՝ Վ.Սիմոնյանի և Ս.Ալիխանյանի անձնագրերը: Բացի այդ, տղամարդը Վ.Սիմոնյանի պայուսակից վերցրել է նրա բնակարանի բանալին, գնացել այնտեղ և փնտրել գումար և ոսկյա զարդեր, սակայն, ոչինչ չհայտնաբերելով, հեռացել է:

Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ առանձնապես ծանր հանցանքի հետքերը վերացնելու նպատակով դիակները փաթաթվել են պոլիէթիլենային թաղանթով, կպչուն ժապավենով և ավտոմեքենայով տեղափոխվել Երևան-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածից աջ գտնվող դաշտավայր, որտեղ դաշտամիջյան ակոսի մեջ փոս են փորել և թաքցրել դիերը: Քննությամբ պարզվել է դիակների տեղափոխմանն աջակցած անձանց ինքնությունը։

Բացի այդ, Հրազդան քաղաքի բնակչի բնակության վայրից հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող 4 հատ գործարանային արտադրության 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի՝ 1985թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

 

 

 

 

 

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Կարդացեք նաև՝ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են հայտնաբերվել Հրազդանի 2 բնակչի դիերը՝ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին