«Խոսքը գնում է գազալցակայանների մոտ եղած ապարատների մասին, որտեղ մենաշնորհ ունի կոնկրետ «Գուդվին-ԲԵՏ» բուքմեյքերական ընկերությունը: Մնացած չորս ընկերություններից ոչ մեկն այդ ապարատներով գործունեություն չի ծավալում: Իրենց պահանջը, խնդրանքն այն է, որ ժամկետը երկարացվի, որի հետ կապված ես մեծ վերապահում ունեմ: Թող առաջարկներ ներկայացնեն, բայց մեր համաքաղաքացիները պետք է շարունակեն տարբեր գազալցակայններում խաղային ապարատներից օգտվել, ինչը ես չարիք եմ համարում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով բուքմեյքերական ընկերությունների այսօրվա բողոքին:
«Ես վստահ եմ, որ փողոցում գտնվող մարդկանցից շատերին մոլորության մեջ են գցել, բերել այստեղ, թե աշխատանքը կորցնում են...Կարծում եմ, որ մեր համաքաղաքացիների բացարձակ մեծամասնությունը կողմ է, որ այդ ապարատները փակվեն: ԱԺ-ում մենք ունենք կոնսենսուս, որևիցե մեկը դեմ չի արտահայտվել ապարատների վերացմանը: Ինչ վերաբերում է ժամկետներին, ես ժամկետներից կառչած չեմ, ընդհակառակը՝ կառավարությունն ավելի սեղմ ժամկետներ էր ներկայացրել, ես փորձել եմ այն երկարացնել, բայց պետք էր մի հատ հակահերոս գտնել՝ ինձ մեղադրել: Թող մեղադրեն իրենք իրենց, թող մեղադրեն իրենց գործունեությունը: Ինչ վերաբերում է վիճակախաղի օնլայն տիրույթին՝ ես առաջարկում եմ, եթե կա առաջարկ, բերեք քննարկենք, եկեք օնլայնն էլ սահմանփակենք, ես կողմ կքվեարկեմ, խնդիր չեմ տեսնում: Բայց 2020 թվին ինտերնետն ամբողջությամբ սահմանփակելն անհնար է և մասնակի կապված է մեծ գումարների հետ»,- նշել է Սիմոնյանը:
Անդրադառնալով ցուցարարների այն մեղադրանքին, թե «Վիվառո Գրուպ»-ի տնօրենն իր ընկերն է, Ալեն Սիմոնյանը հաստատեց. «Այո, նա իմ ընկերն է, բայց ես 10 տարի է հանրային ոլորտում բաց աշխատում եմ և իմ ազնվությունը ոչ մեկ չի կարա կասկածի տակ դնի, առավել ևս նման շահարկումներով»:
Հիշեցնենք, որ այսօր ցուցարարները փակել էին Բաղրամյան փողոցը: Ակցիայի մասնակիցները նշում էին, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի: Նրանց խոսքով՝ եթե փակվեն բուքմեյքերական գրասենյակները՝ իրենք առանց աշխատանքի կմնան:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից: