▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Հերիքյան. «Արցախյան սիրո պատմությունը սիրվեց, ինչն ամենաուրախալին է մեր անսեր օրերում»

25 տարի առաջ` այս օրերին,  ծնունդ առավ Արցախյան ազգային-ազատագրական շարժումը: Արցախցի հայի արդարացի պահանջը, հուժկու ալիքի վերածվելով, Հադրութից հասավ Ստեփանակերտ, ապա Երևան, վերածվեց  համազգային հզոր շարժման: Իսկ արդյունքը` փառահեղ հաղթանակն էր: Հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը հաղթանակած, վերակառուցվող Արցախի մասին է: Ֆիլմի հիմնական շեշտադրումների, արձագանքների մասին ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Արտակ Հերիքյանի հետ:

-Ո՞րն էր  ֆիլմի ստեղծման  նպատակը: 

 -«Մեր Արցախը»  հեռուստատեսային պատմություն է, մոտ մեկ ժամանոց պատմություն`  Արցախը  բացահայտելու ու  սիրելու համար: Այն Արցախը, որտեղ ուղիղ  քսանհինգ տարի առաջ սկիզբ առավ  Շարժումը:

Խաղաղ կոչերով սկսված, զենքով պաշտպանված  այդ  շարժումն այսօր   վերածվել է պետականություն ստեղծելու, տնտեությունը ոտքի կանգնեցնելու,  ազգային  մշակույթը վերաբացահայտելու շարժման: Նպատակն էր`  ցույց տալ պատերազմի հարևանությամբ ապրող, աշխատող   ու իր ապագային հավատացող Արցախը:

-Որո՞նք են հիմնական շեշտադրումները, առանձնահատկությունները:  Ֆիլմը տարբերվում է Արցախի մասին պատմող ֆիլմերից, և որպես ամենակարևոր առանձնահատկություն` այստեղ  ներկայացված  է ոչ թե վիճելի տարածք, հակամարտության գոտի համարվող,  այլ փառահեղ հաղթանակ տարած,  ծաղկող ու վերակառուցվող Արցախը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

 - Մեկ շաբաթ առաջ, երբ նորից  Ստեփանակերտում էի, հանդիպեցի իտալացի լրագրողների, եւ նրանք, քաղաքում շրջելիս,  կես կատակ,   կես լուրջ հարցնում էին. «Դուք վստա՞հ եք, որ այստեղ է  պատերազմ  եղել… »:  Ավելի վաղ` աշնանը,   դարձյալ   Ստեփանակերտում   հանդիպել էի կիսաճանաչված պետություն Աբխազիայի ֆուտբոլի հավաքականի անդամներին (ի դեպ` նրանք երեք- զրո հաշվով պարտվեցին Արցախի ազգային հավաքականին): Նրանք Արցախի մայրաքաղաքով   այնքան հիացած ու զարմացած էին, որքան իննսունականների սկզբին հայաստանցուն  չէր  կարող  ապշեցնել նույնիսկ  Փարիզը: Երբ իտալացին ու աբխազն են անսպասելի բացահայտում  Արցախը, հասկանալի է: Բայց տարօրինակ էր, երբ  Երեւանում ապրողներն էլ  հաճախ  զարմանքով էին լսում  իմ ոչ պատերազմական պատմություներն  Արցախից: Դրա համար ցանկացա ցույց տալ Արցախը առանց արցունքի:

- Կխնդրեի անդրադառնալ նաև լսարանին: Կարելի՞ է համարել, որ ֆիլմն ինչ- որ տեղ ուղղված է նաև միջազգային հանրությանը, ինչու ոչ, նաև հակառակորդին:  Կարելի՞ է այն համարել քայլ`  քարոզչական ճակատում:

- «Մեր Արցախը» նկարահանել է «Պանարմենիան մեդիա գրուպ»-ը:Ի սկզբանե  որոշվեց, որ այս պատմությունը  մեզ համար է` հայաստանցիներիս, արցախցիների ու սփյուռքահայերի: Սա մի համեստ փորձ էր`  ինքներս մեզ ցույց տալու, թե  ուր է հասել Արցախը, որի  ազատության  համար քառորդ դար առաջ   մոլորակի  հայերը ոտքի  էին կանգնել: Հենց  դրա համար էլ  այս փաստագրությունը կոչվում  է «Մեր Արցախը»: Թեեւ ֆիլմի հերոսներից մեկը` սերբ բանաստեղծուհին,  ևս Արցախը  համարում է իրենը: Նրա ձայնով խոսում է միջազգային հանրության այն հատվածը, որն անկեղծորեն պաշտպանում է  Արցախի ինքնորոշման պայքարը: Ինչ վերաբերում է քարոզչական լինել- չլինելուն `  որպես լրագրող, իմ նպատակն է  ցույց տալ, ոչ թե քարոզել:

-Ի՞նչ արձագանքների, գնահատականների է արժանացել ֆիլմը`  հատկապես Արցախում:

-«Մեր Արցախ»-ի շնորհանդեսը տեղի ունեցավ Ստեփանակերտում` դեկտեմբերին: Ներկա էին նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Մոտ մեկ ամիս առաջ ցուցադրվեց «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: Բավական լավ վարկանիշ ունեցավ:  Հետո հայտնվեց համացանցում ու երեք շաբաթվա մեջ ունեցավ  ավելի քան չորս հազար հինգ հարյուր դիտում: Ջերմ արձագանքներ եմ ստանում, ինչի համար շատ շնորհակալ է  մեր ամբողջ ստեղծագործական թիմը:

Արցախյան այս սիրո պատմությունը  սիրվեց: Դա ամենաուրախալին է մեր այս անսեր օրերում: Ինչպես գիտեք, Հայաստանը սիրո հարցում հետ է մնում աշխարհի շատ պետություններից: Միջազգային սոցհարցումներն են պարզել բոլորովին վերջերս:

Հարցազրույցը`  Հասմիկ Գյոզալյանի

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին