▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ԱՄՆ-ից կասեն «երեք ու չորս», այնժամ այստեղ կասեն «հինգն ու վեցը»...

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հունվարի 30-ից մեկնարկող Ցեղասպանության  100-ամյակին նվիրված  2015-ի  համերգաշարը  սկսելու  է իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի «Սիփանա քաջեր» ստեղծագործությամբ, որը  հեղինակն  ավարտել  է  2005 թվականի  ապրիլի 24-ին:  Թե ինչո՞ւ «Սիփանա քաջեր», ո՞վ է կատարելու այն և ինչո՞ւ: Ահա, այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք հեղինակի հետ:

Պարոն Ասլանյան, ինչո՞ւ  «Սիփանա քաջեր».արդյո՞ք այն Կոմիտասի նույնանուն ստեղծագործության ժամանակակից մշակումն է:

-2005թվականի ապրիլի 24-ին ավարտված, Ցեղասպանությանը  եւ «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելին, նաև ծնողներիս հիշատակին նվիրված Կոնցերտ պոեմը (փողի և նվագախմբի համար) կոչել եմ «Սիփանա քաջեր», իհարկե, ոչ պատահաբար:

Նախ ստեղծագործությունը ծրագրային է, և չնայած իր տեղ-տեղ ողբերգական մասերին, այնուամենայնիվ,  ավարտվում է հույս ու հավատ ներշնչող, գալիք սերնդին պատգամ թողնող հաղթական քայլերգով: Իսկ ողջ ստեղծագործության ընթացքում զգացվում է ժողովրդական, կոմիտասյան, այսինքն՝ ազգային երաժշտության շունչը, ներառյալ հայտնի «Տեր ողորմեան»՝ առաջին մասում(Կոմիտաս Պատարագից) և նույն Կոմիտասի «Սիփանա քաջեր» հերոսական խմբերգի մոտիվները ստեղծագործության երրորդ մասում, դրանով իսկ ընդգծում ստեղծագործության հերոսական բնույթն ու վերնագիրը:

Հայ  ժամանակակից  երաժշտության  փառատոնի շրջանակներում ներկայացրեցիք տրոմբոնի և նվագախմբի համար նախատեսված «Մենք» կոնցերտը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես եկավ իսրայելցի Դենիս Վուլլը: Ո՞վ է լինելու «Սիփանա  քաջեր»-ի մենակատարը: Մի՞թե կրկին իսրայելցի:

-Սկզբնական տարբերակով մենակատարը պետք է լիներ Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի փողային բաժնի շրջանավարտ որդիս՝ Արմենը:  Ստեղծագործության պարտիտուրը ներկայացրել էի Հայֆայի սիմֆոնիկի դիրիժորի Նոամ Շերիֆին (երբ կարդաց պարտիտուրը՝ ցույց տվեց նվագախմբի երաժիշտներին և ասաց. «այ, պարտիտուրը էսպես պետք է գրել»...ես շատ ոգևորվեցի...):

Հետո, երբ հավաստիք ստացանք, որ Երևանում պետք է կատարվի(ավելի շուտ,քան Իսրայելում)ապա, որպես առաքինություն, (թե ով էր քեզ ասում առաքինի լինեիր... միամիտ…) տեղյակ պահեցի Շերիֆին: Արդյունքում Շերիֆն այլևս ուշադրություն չդարձրեց ստեղծագործության վրա, չնայած ամեն տարի խոստանում էր...եւ այսպես յոթ տարի: Հետո ստացվեց այնպես, որ Հայաստանում էլ չկատարվեց (որդուս գործոնը բնավ կապ չուներ): Ու մնացի կոտրած տաշտակի առջեւ...Տարիներ անց ստացվեց, որ Իսրայելի հանրահայտ ֆիլհարմոնիկ նվագախմբի թիվ մեկ փողհար Ռամ Օրենը ցանկություն հայտնեց նվագելու իմ Կոնցերտինը՝ գրված փողի եւ լարային նվագախմբերի համար: Առաջին կատարումը Թել Ավիվի թանգարանի դահլիճում էր, ընդունվեց գերազանց: Հետո Ռամը մի քանի անգամ կատարեց Իսրայելի այլ քաղաքներում (նաև իմ 70 ամյակին նվիրված հոբելյանական համերգում): Օգտվելով մեր մտերմությունից և ինչու չէ՝ հաշվի առնելով նրա հեղինակությունը, առաջարկեցի ծանոթանալ «Սիփանա քաջեր»-ի հետ: Սիրով համաձայնեց  և ծանոթանալուց հետո ցանկություն հայտնեց կատարելու: Մինչ այդ Երեւանում արդեն լուծված էր «Սիփանա քաջեր»-ի կատարման հարցը և, բնական էր, որ որպես մենակատար արդեն պիտի առաջարկեի Ռամի թեկնածությունը: Եվ, կարծում եմ՝ շատ խորհրդավոր է, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործությունը կատարում է մի երաժիշտ, որի պետությունը(պետություն և ոչ թե ժողովուրդ) «ինչ-ինչ» պատճառով, «նեյնիմ-մեյնիմ» խաղեր տալով, չի ընդունում  հայոց ողբը:

Սա մեծ պլյուս է Հայաստանի համար և ինչու չէ՝ ապտակ Իսրայելում  Հայոց ցեղասպանությունը չնդունողներին: Այնպես որ՝ Ռամի արարքը հերոսություն է: Կուզենայի, որ ժողովուրդն ու իշխանությունները գնահատեին Ռամի սխրանքը...:

Ինչ վերաբերում է «Մենք» կոնցերտին, սա էլ ունի իր «արդարացումը».Եթե խոսքերս բարձր չհնչեն՝ Տրոմբոնի համար Կոնցերտ գրելու խնդրանք -առաջարկությունը եղել է Հայֆայի սիմֆոնիկի տրոմբոնահարների կոնցերտմայստեր Դենիս Վուլլի կողմից(նույն օրկեստրում նվագում է նաեւ որդիս,ընկերներ են)իրենց սիմֆոնիկի հետ նվագելու համար: Միշտ մտածում էի՝ «այսօր, վաղը»: Անցավ երկու տարի և, վերջապես, մի օր ձեռնամուխ եղա և մոտ երկու ամսում ավարտեցի ստեղծագործությունը:

Անվանումն իմ կողմից նպատակային էր, որովհետեւ, նախ այն ծրագրային է, երկրորդ՝ տրամաբանական պիտի լիներ, որ առաջին կատարողը լիներ նա, ում համար գրված է:  Մյուս կողմից, իհարկե, կուզեի, որ կատարողը հայ լիներ(փառք Աստծո՝ պակաս  չկա): Ստացվեց այնպես,որ շաբաթը շուտ եկավ , քան ուրբաթը՝ ստեղծագործությունս ընդգրկվեց Հայաստանի Կոմպոզիտորների միության աշնանային փառատոնի ծրագրում՝ ավելի շուտ, քան կկատարվեր Հայֆայում: Հիմա ինչ՝ Դենիսն ասեի «կներես, Հայաստանում ավելի շուտ են կատարելու, մենակատարը պիտի լինի տեղի՞ց»: Այսինքն, առաջին կատարողը կլիներ ուրիշը և ոչ Դենիսը: Կարծում եմ՝ իմ կողմից  կլիներ արդեն «շան տղություն», և Հակոբ Պարոնյանի ասած «Քաղաքավարության վնասները»-ին  զոհ գնալով Դենիսին բերեցինք Երեւան: Ասում եմ բերեցինք, որովհետև ես ժամանակ չպիտի ունենայի Դենիսով զբաղվելու, ուստի որդիս որպես «հայ կարգին, նամուսով տղա» նույնպես ժամանեց Երևան եւ այդ բոլորը մեր վրա նստեց... «օթուզբեշ» ... (ասեմ, ֆիլհարմոնիկը վճարեց իմ ճանապարհածախսը), Կոմպոզիտորների  միությունն  էլ՝ Դենիսի միմիայն համեստ հոնարարը...Ես գնահատում եմ մեր երբեմնի հայտնի տրոմբոնահար, այսօր, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Օմար Պապիկյանի՝ ինձ հղած նամակը, որտեղ, ստեղծագործությունս լսելուց հետո  գրել էր, որ «այս գործը պիտի կատարի հայի ոգով երաժիշտը»: Է,դե՞մ եմ...Թող կատարեն: Երջանիկ կլինեմ:

 «Սիփանա քաջեր» -ը Իսրայելում կատարվելո՞ւ է:

-Չնայած ես Իսրայելում գործերիս կատարման մեջ խնդիր չունեմ, բայց այս ստեղծագործությունը չեմ կարծում, որ կատարվի՝ քաղաքական առումով:

Ապրում և ստեղծագործում եք մի երկրում, որը չի ընդունել Հայոց Ցեղասպանությունը, ի՞նչ եք կարծում, ինչի՞ հետ է սա կապված, որտե՞ղ է մեր իշխանությունը թերացել և թերանում, ըստ Ձեզ:

Իսրայել պետության կողմից Հայոց ցեղասպանության չնդունելու մեջ հայատանյան իշխանավորները գրամ իսկ մեղավորություն չունեն: Այսօրվա վիճակում կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ այդ են պահանջելու Իսրայել պետության շահերը: Նաև չմոռանանք, որ ամերիկյան Սենատում և Կոնգրեսում բավականին մեծ քաշ ունեն հրեաները: Երբ նրանք «այնտեղից» կասեն «երեք ու չորս», այնժամ այստեղ Իսրայելը կասի «հինգն ու վեցը»...

Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի   

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին