▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր մի նստվածքը «ջրի երես» բարձրացնես

1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում ընդունված որոշման համաձայն մարտի 21-ը նշվում է որպես պոեզիայի միջազգային օր: Ժամանակակից պոեզիայի, առկա խնդիրների և այլ հարցերի շուրջ զրուցել ենք երիտասարդ բանաստեղծ, արձակագիր Դավիթ Սամվելյանի հետ:

Ամեն գիրք կարդալուց հետո ուզես, թե չուզես, մեջդ նստվածք է մնում:

-Չի եղել բանաստեղծ կամ, թեկուզ, արձակագիր, որի ստեղծագործությունը կարդալուց հետո հենց որոշել եմ, որ պետք է անպայման գրեմ:

Ամեն գրող իր արժանիքն ունի և ասելիքը՝ նայած, թե ինչ տարիքում ես ու ինչ հոգեվիճակում: Եթե օրինակ վերցնենք բանաստեղծներին՝ Տերյանն աչքի է ընկնում մելամաղձությամբ ու նրբությամբ. Սևակը՝ կյանքի փիլիսոփայությամբ, Չարենցն ավելի պայքարող է ամեն բնագավառում և այլն: Ամեն գիրք, գրողի կարդալուց, ուզես, թե չուզես, մեջդ նստվածք է մնում, այ այդտեղ  դու պետք է որոշես, թե որ մի նստվածքը բարձրացնես «ջրի երես»:

Ինձ մոտ մի քիչ խառն է ստացվել, բայց ավելի շատ կյանքի, մարդկային հարաբերությունների ու մարդ-Աստված կապի փիլիսոփայությունն է գերակշռում: Դրա վրա երևի թե ազդել է նաև մասնագիտությունս: Կոնկրետ գրելաոճս սկզբում եղել է զուտ բանաստեղծական, ու այդ մի փոքր լուրջ սկիզբն ու փորձը եղել է 2004 թվականին, երբ դեռ ուսանող էի: Հետո ասելիքս ավելի ընդլայնվեց ու դարձավ, ինչպես գրականագետներն են բնորոշում, արձակ պոեզիա, բայց ոչ արձակ բանաստեղծություն:

Գրողը պետք է պատասխանատվություն զգա:

-Այսօր շատերի մոտ չափանիշ է առանց չափանիշների գրելը: Արվեստի բոլոր ճյուղերում են այնպիսի մոտեցումներ առաջացել, որ նրանց համար, ովքեր, եթե փոքր-ինչ կոնսերվատիվ են ու վերապահումով են մոտենում, ապա անընդունելի են համարում դա: Անհանգ գրելու ոճն, իհարկե, ավելի շատ վերցված է Արևմուտքից ու զուտ մոդայիկ է դարձել, ոմանք էլ պնդում են, որ ասելիքն այդպես ավելի լավ են կարողանում հասցնել ընթերցողին: Ուղղակի, իմ կարծիքով, եթե խոսքն այնքան դիպուկ ու բովանդակալից է, որ համարում են հրապարակելու արժանի, ապա կարող է դա գրվել նաև երկար տողով, ոչ թե «ջարդել» տողերի: Մոտեցման խնդիր է ու նաև ակնահաճո դարձնելու: Բայց, իրականում, դա հոգ չէ: Այ, ուրիշ հարց է կետադրական նշաններ չօգտագործելը: Եթե անգամ դրա մեջ են փորձում հոգեվիճակ ու մոտեցում արտահայտել, յուրօրինակ երևալ ու ընթեռնելի դառնալ, արդեն ցավում եմ: Դեմ եմ նաև ժարգոնին: Քաղաքային լեզվի ֆոլկլորն ու ժարգոնը տարբեր բաներ են: Եթե դիպվածային, իրավիճակային է, ուղիղ խոսքի մեջբերում,դա դեռ ոչինչ, հասկանալի է, իսկ եթե մի ամբողջ ստեղծագործություն կամ գիրք ժարգոնով է գրված, դա արդեն քննադատելի է:

Եվ, ընդհանրապես, գրողը պետք է պատասխանատվություն զգա, քանի որ յուրաքանչյուր գրվածք, գիրք առաջին հերթին դաստիարակչական, գեղագիտական ճաշակի ու աշխարհայացքի, մտածելակերպի ձևավորման գործառույթ է կատարում՝ որ տարիքում էլ լինի ընթերցողը: Պետք է գրել պարզ, բայց ոչ պրիմիտիվ:

 

Ժամանակակից բանաստեղծի խնդիրները:

Հիմա խնդիր ունեն բոլորը: Գրողի խնդիրներն առաջ են գալիս այն պահից սկսած, երբ որոշում է ստեղծագործությունը հրատարակել: Ոմանց մոտ դա սկսվում է հենց ֆինանսականից, մինչև ճիշտ՝ օբյեկտիվ, գրաքննադատի «ձեռքն ընկնելը»: Հետո գալիս է ճիշտ ներկայանալու խնդիրը, որն, իհարկե, արդեն իր խնդիրն է, և կախված չէ ուրիշներից: Ամենամեծ խնդիրներից մեկն առաջանում է գրախանութներում: Մեր գրախանութները մտնելիս այնպիսի տպավորություն է, որ գնորդը նախօրոք պետք է կողմնորոշված մտնի և կոնկրետ գիրքը գնի: Իսկ ինքնուրույն ուսումնասիրելու, մի քիչ գոնե կարդալու հնարավորություն չկա: Հարցնելուց էլ հաճախ նրանց վրա «բրթում» են իրենց իմացածների կամ իրենց մոտ կանգնած հրատարակությունների կամ գրողների գրքերը: Խնդիրներն էլի ավարտվում են ֆինանսականով, որովհետև օբյեկտիվ պատճառներով այսօր Հայաստանում հնարավոր չէ այնքան գիրք վաճառել, որի հասույթով հեղինակը կկարողանա ապրել մինչև հաջորդ գրքի հրատարակումը: Այսինքն, պրոֆեսիոնալ աշխատանքի առումով, և ոչ թե որակական, գրող դառնալու հնարավորությունը չկա:

 Զրույցը՝ Անի Կարապետյանի

Կարդացեք նաև՝  «Մեղավորը» Պարույր Սևակն էր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին