▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրեբունիում կկարողանաք ծանոթանալ ուրարտական խոհանոցին, շրջել ռազմակառքերով

«Էրեբունի-Երևանի 2800-ամյակին ընդառաջ կփորձենք կարգի բերել քաղաքի միջնաբերդը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Նրա փոխանցմամբ՝ հում աղյուսով արվող շինությունները բարդ ու փխրուն են, անհրաժեշտ է դրանք ստանալ ու ճիշտ վերականգնել:

«Համագործակցում ենք Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի Հում աղյուսի միջազգային ասոցացիայի հետ, որի մասնագետները երկու տարի է ՀՀ-ում կազմակերպում են ուսումնական դասընթացներ, սովորեցնում են պատրաստել հում աղյուս և այլն»,-նշեց Գագիկ Գյուրջյանը:

Asekose.am-ի թղթակցի հարցին՝ որքա՞ն գումար է անհրաժեշտ վերականգնողական աշխատանքների համար, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը պատասխանեց.

«Մոտավորապես 1.5 միլիարդ դրամի գումար է անհրաժեշտ մի շարք նախագծեր իրականացնելու համար՝ ամֆիթատրոն, ուրարտական խոհանոց, միջնաբերդ, ավտոկանգառներ, ընդունելության սրահներ, սրճարան և այլն: Ցանկանում ենք վերականգնել նաև ռազմակառքերը: Մենք վերականգնում ենք ուրարտական տների ձևերը:  Պեղել ենք ուրարտական տներ, որոնք վերակառուցում ենք՝ իր ներքին բակով, թոնիրով: Գտել ենք խաղողի տեսակներ, որոնք մինչ օրս կան.օրինակ՝ «Ոսկեհատ»-ը: Հիմա եթե դրանից գինի պատրաստենք, մտովի կգնանք ուրարտական ժամանակաշրջան: Մենք սափորների մեջ սալորի ու ձավարի հետ հայտնաբերել ենք գառան ոսկոր: Հնագիտության ինստիտուտում կա հատուկ բաժին, որտեղ վերականգնում են հնագույն ուտեստները, ու եթե տան մեզ բաղադրատոմսերը, կարող ենք դրանք մատուցել: Այս ամենը ոչ նյութական մշակութային ժառանգություն է: Ունենք նաև վիրտուալ Ուրարտուի ստեղծման գաղափար, որի համար մոտ 8 միլիոն դոլար է անհրաժեշտ, սարքավորումները թանկ են»:

Գագիկ Գյուրջյանի տեղեկացմամբ՝ «գործը գլուխ բերելու» համար 3 տարի կպահանջվի:

«Արտերկրի մեր հայրենակիցներին էլ է սա շատ հետաքրքրում, անգամ պիեսներ են գրում»,-նկատեց արգելոց-թանգարանի տնօրենը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին