Անցած շաբաթ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը իր աղմկահարույց` «Հայ Աթեստը Հայ չէ» արտահայտության վերաբերյալ Asekose.am-ի թղթակցին պարզաբանում տալիս, խոստացել էր ավելի հանգամանալից անդրադառնալ հեռուստահարցազրույցից կտրված և համացանցում տարածված այն հատվածին, որտեղ նա հնչեցնում է վերոհիշյալ արտահայտությունը:Այսօր նա իր ֆեյսբուքյան էջում ներկայցրել է հետևյալ պարզաբանումը.
Խոստմանս համաձայն, սիրով և ամենայն պատասխանատվությամբ, անդրադառնում ենք մեր հեռուստահարցազրույցի ձայնագրությունից կտրված և օրեր առաջ շրջանառության մեջ դրված այն հատվածին, որը, երբ հատվում է զրույցի թեմայի ամբողջականությունից, ինքնին դառնում է անհասկանալի:
Անկեղծորեն կուզենք նշել, որ չափազանց տարօրինակ է, երբ ամիսներ առաջ ներկայացված հեռուստահաղորդումից հատվում է խոսք, արտահայտություն և նույնիսկ գտնվում են մարդիկ, ովքեր «ջանասիրաբար» կարծիքներ են բարձրաձայնում, հոդվածներ գրում: Մեզ համար միանշանակ է, որ այս ամենը որոշ անձանց չարամտության արդյունք է:
Հույժ զարմանալի էր նաև այն աղմուկը, որ համացանցում ստեղծեցին իրենց աթեիստ ու հեթանոս համարողները. անտարակույս, նման կերպ կարող են արձագանքել միմիայն նրանք, ովքեր իրապես կասկածներ ունեն իրենց համոզմունքների, իրենց նկարագրի, իրենց ինքնության:
Արդարև, ամեն մարդ ի վերուստ օժտված է ազատ կամքով և իր տեսակետն անկաշկանդ հայտնելու իրավունքով, ուստի սիրով և ներողամտությամբ, նաև շնորհակալությամբ ենք ընդունում այն բոլոր կարծիքներն ու մեկնաբանությունները, որոնք գրվեցին:
Իսկ այժմ նույն սիրով հրավիրում ենք ընթերցելու և ունկնդրելու մեր կարծիքը, մեր համոզմունքը, որն անձնական չէ, այլ դարերով հաստատված ճշմարտություն է, այլև այն արդար ու վավերական նժարն է, որով կշռվում է մեզանից յուրաքանչյուրի տեսակետն ու համոզմունքը:
Ազգային պատկանելությունն ունի հստակ կառուցվածք, որի բաղադրիչներն են հոգեշունչ ու սրբազան հողը՝ Հայրենիքը, մարդու կենսաբանական ծագումը, մայրենի լեզուն, հավատքը և մշակույթը: Այս բաղադրիչները հիմնասյուներ են, որոնց վրա կառուցվում է անձի ազգային պատկանելությունը, նկարագիրը, ինքնությունը: Եվ եթե չկա այդ հիմնասյուներից գեթ մեկը, ապա վնասվում է ազգային շինվածքը, խաթարվում և թերի է դառնում ինքնությունը:
Շուրջ երկու հազար տարի է, որ հայ ժողովուրդը՝ մերժելով մոլոր կռապաշտությունը, դավանում է միակ ճշմարիտ Աստծուն՝ դառնալով Հիսուս Քրիստոսի հետևորդը:
Քրիստոնեական հավատքի սուրբ պատվիրաններն ու պատգամները դառնում են այն բարոյական հենքը, որի վրա էլ խարսխվում է հայ անհատի, հայ ընտանքի, հայ հասարակության կյանքը: Հայ քրիստոնյան՝ ճշմարիտ աստվածաճանաչողությամբ այլակերպված ու պայծառակերպված իր հանճարով, մեծ լիցք է հաղորդում հազարամյակների խորքից եկող հայ մշակույթին: Հայ իրականության մեջ հավատքը նույնականանում է հայ ինքնությանը, դառնում հայի մաշկի գույնը: Հայ ժողովուրդը մշտապես մնում է այն համոզմունքին, որ առանց սուրբ մկրտության և հայաշունչ մյուռոնադրոշմի՝ հայկականությունը թերի է: Այդ մասին են վկայում նաև ժողովրդական ասույթները, որոնք դարեր շարունակ հնչում են հայ օջախներում, զոր օրինակ՝ «Հայոց հիմք` երկինց հեղված սուրբ մյուռոն», «Տանենք մեր զավակին մկրտենք, որ հայ դառա», «Ահա, հիմա, հայացա´վ մյուռոնով»: Եվ այսօր համայն աշխարհը հայ ժողովրդին ճանաչում է որպես քրիստոնյա ժողովուրդ, իսկ հայոց քրիստոնեական մշակույթը` որպես մեծ ավանդ համաշխարհային քաղաքակրթության մեջ:
Հիրավի, կենսաբանական ծննդյամբ տրված ազգային պատկանելությունը դեռ բավարար չէ, քանի որ ազգային ինքնության ամբողջականության ընդունման դեպքում միայն անձը կարող է լինել ՀԱՅ:
Հայոց պատմությունն է փաստում, որ բոլոր նրանք, ովքեր ուրացել կամ հեռացել են Աստծուց, իրենց հայրերի սուրբ հավատքից՝ կորցրել են իրենց ազգային ինքնությունը, դարձել են կամ չարագործ, կամ ուծացել են և կորչել անհետ...: Ոչ հեռավոր անցյալում՝ Խորհրդային Հայաստանում, 1920-30-ական թվականներին, հենց աթեիստ հայն էր, որ իր ազգի մեջ թշնամիներ էր որոնում և կորստյան մատնում, պայթեցնում ու քանդում էր իր պատմամշակութային հուշարձանները՝ իր պապերի ու հայրերի կառուցած եկեղեցիներն ու վանքերը, գնդակահարում ու աքսորում էր հոգևորականներին և հավատքը չուրացող հայորդիներին: Իսկ այսօր, բոլոր մոլորյալ հայորդիք, ովքեր խաբեության ու անգիտության զոհը դառնալով հարել են աղանդներին՝ ուրանում են ոչ միայն իրենց հայրերի հավատքը, այլև մերժում են Հայրենիքը, լեզուն, մշակույթը...
Հետևաբար, այն հայը, ով մասամբ կամ ամբողջապես հեռանում է իր ազգային արժեքներից՝ օտարանալով, խորթանալով հայկականությունից, նա բնավ չի կարող հայ ինքնության լիարժեք կրողը լինել և ծառայել Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերին:
Հայոց ազգային եկեղեցին հայ ինքնության կերտողն է եղել և շարունակում է մնալ: Հետևաբար, նա, ով իրեն դուրս է համարում Հայոց Եկեղեցուց՝ հեռու է ազգային ինքնությունից:
Ահա սա է մեր՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորիս տեսակետը, համոզմունքը և առաքելությունը: Այո, առաքելությունը, քանի որ կոչված ենք նաև դեպի ազգային ինքնությանը վերադարձնելու այն հայորդիներին, ովքեր այս կամ այն կերպ պարպվել են հայկականությունից:
Մնում ենք սիրով և հանապազօրյա աղոթքով, որ բոլոր հայորդիները ճանաչեն և անխաթար պահեն իրենց ազգային ինքնությունը և շեն ու պայծառ լինի Հայոց աշխարհը:
Ասողիկ քահանա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների և արխիվի տնօրեն