Երևանից 35 կմ հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին է գտնվում Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին, որը համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է:
1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին:
Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. XI-IX դդ.) Մեծամորը քաղաք էր: Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակելի թաղամասերը զբաղեցնում էին մոտ 100 հա տարածք: Ամրոցում կենտրոնացվել են պալատական շինությունները, տաճարական համալիրը` յոթ սրբատեղիներով, և արտադրական համալիրները: Միջնաբերդից 0,5 կմ հյուսիս-արևելք տարածվող դամբարանադաշտում պեղվել են կարմիր տուֆակերտ կրոմլեխներով օղակված հսկայածավալ դամբարաններ: Այստեղ թաղվել են ցեղային առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել և թաղվել են նաև բազմաթիվ նժույգներ, խոշոր և մանր եղջերավոր անասուններ, շներ և նույնիսկ` ծառաներ ու ստրուկներ: Դամբարաններում թաղված առարկաներից ուշագրավ են ջնարակված կավամանները, քանդականախշ փայտե զարդատուփերը, ոսկուց, արծաթից և կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված պերճանքի առարկաները:
Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը բաբելոնյան թագավոր Ուլամ Բուրարիաշի ագաթից պատրաստված գորտ-կշռաքարն է (մ.թ.ա. XVI դ.) և բաբելոնյան մեկ այլ տիրակալ Կուրիգալզուին պատկանող եգիպտական հիերոգլիֆ տեքստով սարդոնիքսե կնիքը (մ.թ.ա. XV դ.): Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով և կապել են իրար Առաջավոր Ասիան և Հյուսիսային Կովկասը:
Մեծամորի աստղագիտական նշանակության մասին զրուցել ենք աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանի հետ:
Ինչո՞ւ որոշեցիք մեկնել Մեծամոր:
Մեծամոր գնացել եմ պատահական: Երկար դիտումներից հետո հոգնել էի, ուզում էի հանգստանալ և, քանի որ շատ էի սիրում հնագիտությունը, գնացի ընկերոջս՝ հայտնի պատմաբան Խոնդկարյանի մոտ ու խնդրեցի, որ ինձ մի տեղ ուղարկի՝ պեղելու: Ասաց՝ գնա Մեծամոր:
Երբ գնացի այնտեղ՝ Էմմա Խանզադյանը (հնագետ) պեղում էր մ.թ.ա 1-ին հազ. սքանչելի Մեհյանը և բոլորը հետևում էին, թե ինչպես էին գետնի տակից դուրս գալիս մեհյանի 7 գլուխները: Ղեկավարը երկրաբան Կորյուն Մկրտչյանն էր, ով չթողեց, որ հետևեմ դրան: Մի տղա կար՝ անունը Վարդան, երևի 10-րդ դասարանցի կլիներ, Կորյունը ասաց, թե տար Էլմային Փոքր բլրի աստղերի նշանները ցույց տուր, որոնք հայտնաբերվել էին մեկ տարի առաջ:
Փոքր բլուրը 100 մետր հեռու էր հիմնական բլուրից: Առաջինը, որ ինձ զարմացրեց՝ աստիճաններն էին: Դրանք 7-ն էին: Երբ որ բարձրացա՝ զգացի, որ աստիճանները միջօրեականի հարթության մեջ են:
Փոքր բլուրն ամփոփում է մի շարք ժայռահարթակներ, որոնցից հատկապես լավ են պահպանվել երեքը: Առաջինը եռանկյունաձև է, սուր անկյունով ուղղված դեպի հարավ: Այդ անկյան կիսորդը համընկնում է հյուսիս-հարավ ուղղության հետ: Եռանկյան արևելյան կողմում, ժայռերի մեջ փորված է սեղան, որի ներսում պատկերված են 4 աստղեր: Նշաններն արևելյան կողմում փորագրելը որոշակի նպատակ է ունեցել: Այն փաստը, որ աստղերի պատկերներով սեղանը գտնվում է արևելյան կողմում՝ լուսատուի կամ Արեգակի ծագման ուղղությունն են հուշում:
Երկրորդ հարթակն առաջինից 2.5մ բարձր է, այն նույնպես եռանկյունաձև է և կողմնորոշված՝ միջօրեականի երկայնքով՝ գտվում է հյուսիս-հարավ ուղղությամբ անցնող հարթությունում: Երրորդ հարթակի մակերեսը նույնպես ծածկված է տարատեսակ պատկերներով, որոնց մեջ դարձյալ հեշտությամբ զատվում են շրջանաձև դասավորված փոսիկները:
Հյուսիս-հարավ ուղղությամբ ժայռում փորված 7 աստիճանները տանում են դեպի հարթակը, որոնք նույնպես գտնվում են միջօրեական հարթության մեջ:
Իսկ վերջին աստիճանների վրա հայտնաբերվեց հյուսիս-հարավ-արևելք նշանը՝ կողմնորոշիչը, որն ամենապարզ աստղագիտական դիտումներ կատարելու հնարավորություն է տալիս:
Չկար արևմուտքը, քանի որ հնում այն նշանակում էր լուսատուի մահվան ուղղություն. Արևը ծնվում է արևելքում, մայր է մտնում արևմուտքում:
Դեռևս 1964 թվականին Կորյուն Մկրտչյանը Մեծամորի միջնաբերդից 200մ դեպի հյուսիս գտնվող ժայռերի խմբի վրա նկատել էր աստղի նշաններ, իսկ 1966 թվականին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գործ ունենք ժայռակերտ կառուցվածքների համալիրի հետ, որոնք հնում դիտարահարթակների դեր են կատարել:
Մեզ թվում է, որ ամենահավանական լուսատուն, որին դիտել և երկրպագել են Մեծամորի հնագույն բնակիչները՝ Սիրիուսն է: Մ.թ.ա 2800-2600թթ. ամառային արևադարձի օրերին Սիրիուսը կարելի էր դիտել լուսաբացին:
Այսինքն, աստիճանների ուղղությունը պատահական ընտրված չի եղել:
-Եթե աստիճաններն ուղղված լինեին արևելք-արևմուտք գծով, ապա տվյալ դեպքում մենք գործ կունենայինք զուտ պաշտամունքային կառուցվածքի հետ:
Աստիճանների հյուսիս-հարավ ուղղվածությունն ամենաբարենպաստն է աստղագիտական դիտումների համար: Աստղագիտական դիտումների համար պետք է ամբողջ հարավային հորիզոնը բաց լինի, սա առաջին պայմանն է, որն առկա է Մեծամորում: Եթե աստիճաններն ունենային հակառակ ուղղություն, այսինքն՝ հարավից հյուսիս, այդ դեպքում մենք չենք կարող դիտել մոլորակները, Լուսինը, համաստեղությունները:
Արդյոք պատահակա՞ն եք համարում Ձեզ այնտեղ ուղարկելը:
-Կորյունը որ ինձ տեսավ՝ ասաց, որ այնտեղ աստղի նշաններ կան, գնա՛, նայիր, քանի որ նրանք դրանից 2 տարի առաջ այդ նշանները ներկայացրել էին որպես հիերոգլիֆ: Թե՛Զորաց քարերի, թե՛ Մեծամորի աշխատանքներն իմ նվերներն են Հայրենիքիս:
Աստղագիտական առումով Մեծամորը կարո՞ղ ենք ուսումնասիրված համարել:
-Չեմ կարծում, որ այնտեղ նոր բաներ գտնվեն, իսկ ինչ վերաբերում է այդ վայրին՝ տարիներով էլ ուսումնասիրեն՝ հետաքրքիր բաներ կգտնեն:
Հ.Գ Այսօր լրանում է ԷլմաՊարսամյանի 85-ամյակը:
Նա ծնվել է 1929թ. դեկտեմբերի 23-ին Երևանում: 1954-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետն աստղաֆիզիկա մասնագիտացմամբ և աշխատանքի է ընդունվել ԲԱ: 1957-1960-ին սովորել է ասպիրանտուրայում։ 1963-ին պաշտպանել է ֆիզ․-մաթ․ գիտ․ թեկնածուական թեզ «Որոշ գիսավորաձև միգամածությունների գունաչափական և բևեռաչափական ուսումնասիրություններ» թեմայով (ղեկավար` Գրիգոր Գուրզադյան), իսկ 1983-ին դարձել է ֆիզ․-մաթ․ գիտ․ դոկտոր: 1989-ից՝ պրոֆեսոր է, 2000-ից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ։ Ներկայումս ԲԱ գլխավոր գիտաշխատող է (2000-ից) և գիտական խմբի ղեկավար։ 2007-ից գիտական աստիճանների շնորհման ԲԱ մասնագիտական խորհրդի նախագահն է, ԲԱ գիտական խորհրդի անդամ։ Եղել է «Պատմա-աստղագիտական ուսումնասիրություններ» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ (1988-1992), 2000-ից «Աստղաֆիզիկա» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ է։ Եղել է նաև մի շարք միջազգային մասնագիտական հանձնաժողովների անդամ։ 1968-1969, 1976-1977 և 1991-1995 թթ․ Պարսամյանը որպես բարձրագույն՝ «C», կարգի հետազոտող աշխատել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում (UNAM) և Տոնանցինտլայի աստղադիտարանում, ինչպես նաև դասավանդել է նշված համալսարանում։ 1965-ին և 1996-ին որպես այցելու աստղագետ աշխատել է Գերմանիայի Տաուտենբուրգի աստղադիտարանում և Մաքս-Պլանկի աստղագիտության ինստիտուտում (Հայդելբերգ): 1982-ին աշխատել է նաև Իտալիայի Ասիագոյի աստղադիտարանում։ Մասնակցել է ավելի քան 50 միջազգային գիտաժողովների, այդ թվում Միջազգային աստղագիտական միության 4 գլխավոր ասամբլեաների։ 1967-ից Պարսամյանը դասավանդել է ԵՊՀ-ում, իսկ 1983-1987-ին՝ Հայկական մանկավարժական համալսարանում և գլխավորել է Աստղագիտության և տեսական ֆիզիկայի ամբիոնը: Հանդիսանում է բազմաթիվ դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական և թեկնածուական թեզերի ղեկավար:
Հետազոտությունների հիմնական թեմաներն են գիսավորաձև միգամածությունները, բռնկվող և T Ցուլի տիպի աստղերը, ֆուօրները և ենթաֆուօրները, ինչպես նաև հնագույն աստղագիտությունը: Նրա կարևորագույն գիտական արդյունքներն են աստղակույտերի և նրանցում գտնվող աստղերի տարիքի գնահատման եղանակի առաջարկունը, երիտասարդ աստղակույտերում և աստղասփյուռներում մեծ թվով բռնկվող աստղերի հայտնաբերումը, գիսավորաձև միգամածությունների (1965, 1979) և Hα առաքումով աստղերի (1982) կատալոգների հրատարակումը, նոր մոլորակաձև միգամածությունների հայտնաբերումն ու ուսումնասիրությունը, աստղասփյուռներում դանդաղ բռնկումների ուսումնասիրությունը, Օրիոնում աստղային բռնկումների հաճախությունների բաշխման ֆունկցիայի հետազոտումը, ֆուօրների և ենթաֆուօրների ուսումնասիրությունը, NGC 2261 փոփոխական գիսավորաձև միգամածության և նրա կենտրոնական աստղի՝ R Միեղջյուրի, մանրակրկիտ լուսաչափական, բևեռաչափական և սպեկտրալուսաչափական ուսումնասիրությունը և Մեծամորի ու Զորաց Քարերի հնագույն աստղադիտարանների բացահայտումը և ուսումնասիրությունը։ Արդյունքում Պարսամյանը հրատարակել է ավելի քան 150 գիտական հոդված, այդ թվում աստղաֆիզիկայի միջազգային կարևորագույն ամսագրերում, միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուներում և մի շարք կատալոգներ:
Միջազգային աստղագիտական միության (1976), Եվրոպական (1990), Եվրասիական (1996) և Հայկական (2009) աստղագիտական ընկերությունների անդամ է: Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» (1971) և Անանիա Շիրակացու անվան (2003) մեդալներով, ՀՀ ԳԱԱ պատվոգրով (1981)։ Աստղագիտության մեջ ունեցած վաստակի համար 2009-ին արժանացել է ՀԱԸ/ԲԱ Լյուդվիկ Միրզոյանի անվան մրցանակի։
2009 թվականին ՄԱՏ 2009-ի առթիվ ՀԱԸ հայտարարեց մրցանակներ՝ աստղագիտության մեջ լավագույն դիտողական, վիճակագրական և տեսական արդյունքների, աստղագիտության մեջ մեծ ներդրման և լավագույն կին աստղագետների համար՝ հայ մեծ աստղագետների անվան մրցանակներ: Վերջին մրացանակին արժանացան Էլմա Պարսամյանն ու Ելենա Նիկողոսյանը:
Որքան էլ տիկին Պարսամյանը հորդորեց չգրել լավագույն կին աստղագետ անվանակարգում ստացած մրցանակի մասին՝ ասելով, որ ինքը մենակ չի ստացել, ուրիշներն էլ են եղել ու խնդրեց գրել, որ Բյուրականի աստղադիտարանում միշտ էլ աշխատել են հայ կին աստղագետներ, խոստումս դրժում եմ՝ բարձրաձայնելով այս մասին, ինչի համար ներողություն եմ խնդրում, քանի որ չգրելն անարդար կլիներ, եթե մրցանակակիրն իրոք արժանի է եղել:
Շնորհավորում ենք նրան՝ մաղթելով առողջություն, նորանոր գիտական աշխատանքներ:
Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի