▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 դիտողություն Հայաստանի ԵՏՄ-ին միանալու հարցի հետ կապված

Հայաստանի ԵՏՄ-ին միանալու հարցի հետ կապված ես ունեմ հետեւյալ դիտողությունները․

 1. ԵՏՄ-ին միանալու որոշումը պետական կյանքին վերաբերվող կարեւորագույն հարցերից է, որը շոշափում է ներկա եւ ապագա սերունդների կարեւորագույն իրավունքները եւ պարտականությունները։ Սահմանադրության 2-րդ կետի եւ «Հանրաքվեի մասին» օրենքի 8.1 հոդվածի համաձայն կառավարությունը պարտավոր էր Սերժ Սարգսյանի հետ քննարկելուց հետո այդ հարցը դնել հանրաքվեի՝ հասարակական կարծիքը բացահայտելու համար։ Կառավարությունը չի կատարել իր սահմանադրական պարտականությունը, արդյունքում որոշումը ընդունվել է մարդկանց նեղ շրջանակի կողմից։

2. ԵՏՄ-ին միանալու պայմանագրով Հայաստանը իր վրա է վերցրել պարտավորություն՝ միանալ ոչ միայն ԵՏՄ շրջանակում հիմա գործող միջազգային պայմանագրերին, այլ նաեւ դեռ չկնքված պայմանագրերին։(ԵՏՄ-ին միանալու պայմանագրի 1-ին հոդվածի վերջին մաս)։ Այդ պարտավորությունը հակասում է Հայաստանի օրենքով սահմանված միջազգային պայմանագրերի վավերացման ընթացակարգին։ Ըստ էության դա նշանակում է, որ Հայաստանը ստորագրում եւ վավերացնում է դատարկ թուղթ, որի բովանդակությունը Բելոռուսը, Ռուսաստանը եւ Ղազախստանը կարող են լրացնել առանց Հայաստանի մասնակցության։ Այնինչ, միջազգային իրավունքի տրամաբանությամբ, Հայաստանը ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրելուց հետո պետք է ձեռք բերեր այդ պայմանագրերի շուրջ բանակցություներում մասնակցելու իրավունք գոնե դիտորդի կարգավիճակով։

3. ԵՏՄ պայամանագրի հիմնարար սկզբունքներից է անդամ պետությունների իրավահավասարությունը (ԵՏՄ-ի պայմանագրի 3 -րդ հոդված)։ Հայաստանի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը հակասում է այդ սկզբունքին՝ որովհետեւ սահմանում է, որ Հայաստանը բավականին երկար ժամանակ զրկված է լինելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կառավարմանը հավասար սկզբունքով մասնակցելու հնարավորությունից։ Հայաստանը ունենալու է այդ հանաժողովի կոլեգիայում 3 անդամ, որոնք բոլորը միասին ունենալու են մեկ ձայն եւ չեն վերահսկելու ԵՏՄ-ի կարգավորմանը վերաբերվող որեւէ ոլորտ։ (ԵՏՄ-ին միանալու պայմանագրի 3 հավելված ի 1 կետ)

4. Հայաստանի միջազգային պարտավորությունները Արցախի առջեւ ներառում են մարդասիրական միջանցքի ապահովում։ Ուստի ԵՏՄ-ին միանալու որոշման հետ զուգահեռ, Հայաստանը պարտավոր էր ընդուներ որոշում Արցախի հետ ազատ առեւտրի պայմանագիր կնքելու համար։ Ըստ ԵՏՄ պայմանագրի 102 հոդվածի, անդամ պետությունների կողմից երրորդ կողմերի հետ նման պայմանագրերը, որոնք կնքված են մինչեւ 2015թ հունվարի 1-ը, գործելու են նաեւ ԵՏՄ-ի պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո։ Հայաստանը առայսօր որեւէ քայլ այդ ուղղությամբ չի կատարել, հետեւաբար վտանգում է Արցախի միջազգային իրավունքով պաշտպանված օրինական շահերը։

5. Հայերը հանդիսանում են Թուրքիայի բնիկ ժողովուրդ։ Հայաստանը Թուրքիայի հետ միասին ունի միջազգային պարտավորություն վերականգնել պատմական հայրենիքում ազատ ապրելու հայերի իրավունքը։ (Մակ-ի հռչակագիր բնիկ ժողովուրդների իրավունքների մասին) ԵՏՄ պայմանագիրը սահմանափակում է Հայաստանի ազատությունը Թուրքիայի հետ այդ ոլորտում անհրաժեշտ պայմանագրեր կնքելու հարցում եւ կախյալ է դարձնում հայ ժողովրդի էական նշանակության շահերի բավարարմանն ուղղված գործողութունները՝ Բելոռուսի, Ռուսաստանի, Ղազախստանի կամքից։

6. ԵՏՄ պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ ԵՏՄ կարգավորող մարմինների որոշումները չեն կարող նորմատիվ բնույթ կրել Հայաստանի տարածքում՝ իրավունքներ եւ պարտավորութուններ սահմանեն ՀՀ քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ այն ոլորտներում, որտեղ իրավահարաբերությունների կարգավորումը ըստ ՀՀ Սահմանադրության կարող է իրականացվել բացառապես օրենքով։ Այսինքն, ՀՀ սուբյեկտները իրավունք են ունենալու բողոքարկել իրենց իրավունքները սահմանափակող կամ շահերը ոտնահարող ԵՏՄ կարգավորող մարմինների որոշումները Հայաստանի դատարաններում։ Հայաստանի դատարանները կանգնելու են փաստի առաջ․ Կամ կայացնել Սահմանադրությանը ակնհայտորեն հակասող վճիռներ կամ՝ ի չիք դարձնել հայաստանի ԵՏՄ-ի առջեւ միջազգային պարտավորությունները։

7. ԵՏՄ-ին անդամակցելը ունենալու է կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ բացասական ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա։ 
Կարճաժամկետ․ Թանկանալու են ԵՄ-ից ներմուծվող ապրանքները ինչը բերելու է բարեկեցության վատթարացման։ 
Միջնաժամկետ․ Ուժեղանալու է արտագաղթը, ինչը ստեղծելու է ճգնաժամ աշխատանքի շուկայում եւ մյուս շուկաներում՝ սպառման ֆիզիակական անկում եւ որպես հետեւանք ՀՆԱ-ի կրճատում։ 
Երկարաժամկետ․ Տնտեսվարող սուբյեկտներին հարկադրելու են լրացուցիչ ծախսեր կատարել ապրանքների արտադրության գոյություն ունեցող տեխոլոգիաները ԵՏՄ-ի տեխնիկական ստանդարտներին համապատասխանեցնել համար։ Դա նույնպես բերելու է ապրանքների գների բարձրացմանը։

8. ԵՏՄ-ին անդամակցությունը բացասական է ազդելու Հայաստանի պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա։ Շատ հավանական է , որ 2016 թ-ից սկսաց Հայաստանը փոխանցելու է ԵՏՄ պետություններին իր տարածքում հավաքած մաքսատուրքերի մի մասը։ Հայաստանը իր վրա է նաև վերցնում պարտավորություն՝ հատուցել ԵՏՄ անդամ պետութունների առողջապահական ծախսերը իրենց տարածքում ՀՀ քաղաքացիներին տրամադրված շտապօգնության ծառայությունների դիմաց։

9. ԵՏՄ-ին անդամակցելը բացասական հետեւանք է ստեղծելու երկրի անվտանգության համակարգի համար։ ԵՏՄ տարածքից դուրս ռազմական նշանակության ապրանքներ ձեռքբերելու ժամանակ Հայաստանը կիրառելու է մաքսեր, որոնց գումարի 98,87 տոկոսը փոխանցելու է ԵՏՄ մյուս անդամ պետություններին։ Այսինքն մեր պետության պաշտպանության պատվերը սպասարկելու ծախսերը ավելանալու են։ Միաժամանակ արտագաղթի հետեւանքով նվազելու է Հայաստանի մոբիլիզացիոն պահեստազորը։

10. ԵՏՄ-ին անդամակցելը ստեղծելու է բացասական հետեւանք գեոպոլիտիկ ոլորտում։ Ռուսաստանը եւ Արեւմուտքը գտնվում են աճող հակադրության մեջ, որը մեծ հավանականություն ունի վերաճել զինված հակամարտության։ Հայաստանը ներքաշված է դառնում այդ հակամարտության մեջ, ինչը վտանգ է ստեղծում ապագայում երկրի համար ՆԱՏՕ-ի կողմից օկուպացված լինելուն։ Այնինչ, Հայաստանը չունի քաղաքական, իրավական կամ բարոյական պարտավորություն՝ ներքաշված լինել 3-րդ համաշխարհային պատերազմում, որպես Ռուսաստանին աջակցող երկիր։

Անդրիաս Ղուկասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее