1998-ի այս օրը հրաժարական տվեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանը անմիջապես հրաժարականից հետո կազմակերպված ընդունելության ժամանակ դիմում է նախագահականի աշխատակիցներին՝ կոչ անելով նրանց չունենալ որևե բարոյական պարտավորվածոություն և շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Ստորև կարող եք ծանոթանալ Լևոն Տեչ-Պետրոսյանի հրաժարակնի տեքստին. Սիրելի հայրենակիցներ, Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ: Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը: Զերծ եմ մնում որեւէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, եւ ով է իրականում ծախում այն: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել։ Բարդույթների մեջ չպետք է ընկնել. խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում։ Բայց ե՛ւ Իսրայելում, ե՛ւ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր նահանջ։ Միեւնույն է, վաղ թե ուշ խաղաղությունը հարթելու է իր ճանապարհը: Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը եւ անցկացնել նոր Նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ։ Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը եւ արտաքին վարկի պահպանման գրավականը: Նոր Նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ եւ ի բարօրություն մեր ժողովրդի: Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության եւ աջակցության համար: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան եւ մնում են իմ կողքին: Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր: Եթե արել եմ ինչ‑որ լավ բան, չեմ ակնկալում որեւէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը: Բարին ընդ ձեզ: