▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

17 օր անդադար բանակցել են մեկ սենյակում

Վիեննայում Իրանի ու վեց գերտերությունների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանի արտգործնախարարը գործարքն անվանել է «պատմական»։ Երկրի նախագահ Ռուհանին, հանդես գալով հեռուստատեսությամբ, ասել է, թե այն նոր էջ է բացում աշխարհի հետ Իրանի հարաբերություններում ու ավելացրել, թե իրանցիների աղոթքները ի վերջո «իրականացան»։

Իրանի բաժնի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Գոհար Իսկանդարյանի կարծիքով սա դարի պայմանագիրն է.

«10 տարի է այդ բանակցություններն ընթանում են և կարելի է ասել, 17 օր անդադար բանակցել են մեկ սենյակում և  սա նշանակում է քաղաքական կամք.այսինքն՝ հավաքվել էին որոշում կայացնելու, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծեն Իրանի միջուկային ծրագիրը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  իրանագետը:

Իսկ, թե այս ամենից  ի՞նչ են շահում Իրանն ու Արևմուտքը, Գոհար Իսկանդարյանը նկատեց.

«Առաջին. Արևմուտքը հասավ նրան, որ Իրանում պետք է  ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության) 130-150 աշխատակիցներ ուսումնասիրություններ կատարեն: Սակայն  Իրանի կողմից առաջ քաշվեց այն, որ կգան միայն այն մասնագետները, որոնց հետ Իրանը դիվանագիտական հարաբերություններ ունի: Մենք գիտենք, որ ԱՄՆ-ն և Իրանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, այսինքն, ԱՄՆ քաղաքացին չի կարող որպես  ՄԱԳԱՏԷ-ի  տեսուչ  մտնել Իրան:

Երկրորդ. Իրանին թույլ է տրվում  հարստացնել ուրանը: Իսկ սա Իրանի ամենամեծ հաջողությունն է, սակայն չի կարող գերազանցել 3.5 տոկոսի շեմը:

Երրորդ.Պայմանագրի համաձայն՝ 5 տարի Իրանը հնարավորություն չի ունենա ներմուծել ռազմական տեխնիկա, սակայն, եթե ինչ-որ իրավիճակ ստեղծվի, և խիստ անհրաժեշտ լինի ռազմական տեխնիկա, ապա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով կարող են կասեցնել այս կետը: Իսկ սա կլինի օրինակ Իսլամական պետության դեմ պայքարի դեպքում, քանի որ Իրանը միակ պետությունն է դառնում, որ պետք է պայքարի  ԻՊ–ի դեմ, որը չարիք է տարածաշրջանի համար:

Եվ, եթե 65-րդ օրվա ընթացքում Իրանը չի իրականացնում ձեռքբերված պայմանավորվածությունները, ապա կրկին ուժի մեջ են մտնում բոլոր պատժամիջոցները: Բայց կա մի կետ, համաձայն որի, եթե ինչ-ինչ պատճառներով պատժամիջոցները նորից կիրառվեն, ապա Իրանը մասնակի կամ ամբողջովին կարող է հրաժարվել այս պայմանագրից»:

Իրանագետը համոզված է՝ այս պայմանագիրը ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա.

Իրանը, համաձայնագրի արդյունքում, հետ վերցնելով իր սառեցված գումարները՝ կյանքի կկոչի բազմաթիվ դադարեցված ծրագրեր. «Օրինակ՝ Մեղրու ՀԷԿ-ը, որը կառուցվում-կառուցվում է ու չի ավարտվում: Գիտենք, որ ամբողջն Իրանի ֆինանսներով է իրականացվում»:

Ինչ վերաբերում է հայ-իրանական երկաթգծի կառուցմանը, ապա  Գոհար Իսկանդարյանի կարծիքով, ավելի շատ այս հարցում Հայաստանն է հետաքրքրված, որովհետև Իրանը ընդամենը 60 կմ պետք է կառուցի՝ Հայաստանի սահմանին հասնելու համար, իսկ Հայաստանը  400 կմ պետք է կառուցի, ինչը մեզ համար խնդիր է.

«Չունենք ֆինանսներ, մեր դեմ է նաև նաեւ ռելիեֆը, որովհետև լեռները հատելով, թունել, կամուրջ կառուցելով պետք է մոտենանք իրանական սահմանին, ինչը աշխատատար և մեծ ֆինանսներ պահանջող գործ է»,-եզրափակեց իրանագետը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее