Հունիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոնի ընդունարանում ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 63-ամյա Գեղամ Կ.-ն դանակը ձեռքին մտել է ընդունարան և հերթափոխային բուժքրոջ ներկայությամբ սպառնալիքներ է հնչեցրել, հայտարարելով ՝ ուր է բժիշկ Համարչյանը, որ նրան սպանելու է, ապա անհասցե հայհոյանքներ է հնչեցրել և մոտ կես ժամ խանգարել հիվանդանոցի բնականոն աշխատանքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից հետո Գեղամ Կ.-ն դուրս է եկել հիվանդանոցի բակ, կոտրել գարեջրի շիշը և վնասել իր ձախ նախաբազուկը: Հիվանդանոց ժամանած ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը վնասազերծել է Գեղամ Կ.-ին, տեղափոխել ոստիկանության Արարատի բաժանմունք և որոշ ժամանակ անց նրան բաց են թողել:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բսաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: