ԱԺ-ում քվեարկության դրվեց «Կուտակային կենսաթոշակի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Կողմ քվեարկեցին 67-ը:
Քվեարկությունից հետո վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրող ընդդիմադիր պատգամավորներին կրկին խոսք չէր տրվում: ԱԺ նախագահը շարունակում էր կարդալ ու քվեարկության դնել կառավարության կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Աղվան Վարդանյանը վերջապես ստացավ ձայնի իրավունք: Նա խոսքն ուղղելով խորհրդարանին և ՀՀԿ պատգամավորներին՝ ասաց. «Խնդրում և պահանջում ենք հարգել, պաշտպանել օրենքը: Երբ պահանջում են ցույց տալ քվեարկության պատկերը, ապա պետք է արվի: Տղամարդկությունն այն չէ, որ օրենքը խախտի, տղամարդկությունն այն է, որ ամեն մեկն իր գործն անի և պատասխան տա դրա համար: Այս մեթոդներով շատ հեռու չենք գնալու: Եղե՛ք ՀՀ օրենքի սահմաններում»,-ասաց նա՝ հայտարարելով, որ ՀՀԿ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը քվեարկել է կողքինի փոխարեն:
«Որը, ի դեպ, կատարում ենք»,-նետեց ԱԺ նախագահը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը:
«Բացի դա՝ ԱԺ-ում ՀՀԿ և անկախ պատգամավորների թիվը 64-ն է»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ քառյակը և անկախ պատգամավորները դեմ են այս օրենքին, դրա համար չեն քվեարկել:
«Խնդրում եմ 20 րոպե ընդմիջում՝ սիստեմատիկ խախտումները քննարկելու համար»,-ասաց պատգամավորը:
«Կարծում եմ՝ քաղաքական դաշտից դուրս եք եկել, մտել եք տեխնիկական դաշտ: Ձեր անկարողությունը չի կարելի տարածել ԱԺ-ի բնականոն աշխատանքի վրա»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Անի Կարապետյան