Այսօր հայկական համացանցի ամենաբուռն ու թեժ քննարկվող թեման, ամենայն հավանականությամբ, «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ, կուսակցության երիտասարդ ներկայացուցիչ Հրայր Մանուկյանի և ԱԱԾ աշխատակից ներկայացած անձի միջև տեղի ունեցած միջադեպն է:
Հիշեցնենք՝ Հրայր Մանուկյանը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ իրեն փորձել է հավաքագրել ԱԱԾ աշխատակից ներկայացած ոմն անձնավորություն: Նա նաև տեղադրել է ձայնագրություն՝ նշելով. «Հրապարակում եմ ԱԱԾ-ի աշխատակից ներկայացած մարդու հետ իմ զրույցը, որտեղ սպառնում էր ինձ, ընտանիքիս ու մոտիկներիս:
ASEKOSE.am-ի թղթակիցը վերոնշյալի մասին մեկնաբանություն է խնդրել ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանից.
«Նախ դեռ պետք է պարզել՝ ԱԱԾ աշխատակից ներկայացած անձն իսկապե՞ս ԱԱԾ աշխատակից է: Եթե անվտանգության աշխատակից է եղել, ես որևէ վտանգավոր կամ վատ բան չեմ տեսնում: Սովորական գործընթաց է: Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իր երկրին օգնել »,- մեզ հետ զրույցում նշեց Գուրգեն Եղիազարյանը:
Ի պատասխան մեր հարցին, թե ձայնագրությանը կամ դրա սղագրությանը ծանոթանալիս պարզ է դառնում, որ ԱԱԾ աշխատակից ներկայացած անձը նախ փորձում է գայթակղել, ապա սպառնում է, արդյո՞ք սպառնալիքը սովորական է, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց.
«Ես շատ վատ ձայնագրություն եմ լսել և հետևություններ կարող եմ անել միայն Ձեր ասածից: Եթե այդպես է աշխատել, ուրեմն վատ է աշխատել: Կրկնում եմ՝ եթե իհարկե աշխատող է: Իսկ ինչ վերաբերում է հավաքագրման ընդհանուր գործընթացին, չկա երկիր առանց այսպես կոչված՝ հավաքագրվողների: Ցանկացած պարկեշտ քաղաքացու պարտականություններից մեկը օգնելն է: Եթե իհարկե անվտանգությունը չի վերածվում գաղտնի ոստիկանության, որն աշխատում է միմիայն ընդդիմության դեմ»:
ԱԱԾ պետի նախկին տեղակալի խոսքով.
«Եթե տվյալ քաղաքացուն փորձեին հավաքագրել օտարերկրյա ծառայությունները, դա կլիներ հանցագործություն, որի համար պատիժ է հասնում»:
Իսկ այս դեպքում եթե պարզվի, որ հավաքագրման փորձ անողն իսկապես ԱԱԾ աշխատակից է, միակ բանը որ պետք է արվի, ըստ Գուրգեն Եղիազարյանի, պետք է ուղղված լինի նրան, որ ավելի պրոֆեսիոնալ աշխատեն:
Կարդացեք նաև` «Ժառանգության» հայտարարությունը՝ ԱԱԾ-ի սպառնալիքների մասին