▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամմանից Լիսաբոն մեկնելուց առաջ Արմեն Սարգսյանը հանդիպել է հորդանանահայ համայնքի հետ

Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում  աշխատանքային այցի վերջին օրը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 6-ի երեկոյան հանդիպել է Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Դիմելով տեղի հայերին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Այն փաստը, որ մենք ապրում ենք աշխարհի տարբեր երկրներում, սփռված ենք աշխարհի տարբեր մասերում, գուցե ոչ թե թերություն է, այլ ընդհակառակը՝ առավելություն, որովհետև մենք աշխարհի այն քիչ ժողովուրդներից ենք, որոնք կարող են շատ հստակ ասել. մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ»։

Նախագահի խոսքով՝ «մենք բոլորս հայ ենք և ունենք պարտականություն՝ ծառայելու մեր հայրենիքին»: Հպարտությամբ նշելով, որ Հորդանանի հայ համայնքը լիովին ինտեգրված է երկրի կյանքում՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Սա շատ էական է։ Մեր բոլոր համայնքներում մեր հայրենակիցները պետք է հետևեն մեծ պոետ, երգիչ և երգահան Շառլ Ազնավուրի օրինակին, որը միշտ ասում էր՝ ես հարյուր տոկոսով հայ եմ և հարյուր տոկոսով ֆրանսիացի։Սա այն մոդելն է, որով մեզնից յուրաքանչյուրը պետք է ապրի Սփյուռքում։ Լինել հարյուր տոկոսով հորդանանցի՝ լիովին ներգրավված այս երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին և միաժամանակ հարյուր տոկոսով հայ։ Սա է հաջողության բանաձևը»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշելով, որ Հորդանանի թագավորական ընտանիքը պատմականորեն միշտ էլ աջակից է եղել և ջերմ վերաբերմունք ունեցել հայ ժողովրդի նկատմամբ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրա վկայությունն է նաև Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հետ իր հանդիպումը։ «Մենք ունեցանք շատ ջերմ զրույց։ Քննարկեցինք մեր երկու ժողովուրդների պատմությունն ու երկու պետությունների հարաբերությունները՝ նկատելով, որ հսկայական ներուժ ունենք տարբեր ոլորտներում։ Մեր երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը և Հորդանանը կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսը»,- ասել է Արմեն Սարգսյանը և հավելել. «Մեր լավագույն բնական հարստությունը դուք եք՝ հայ ժողովուրդը»։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ 21-րդ դարում ամենաթանկ արժեքը լինելու է ստեղծագործ մարդը։ «Ես վստահ եմ, որ 21-րդ դարը մեր՝ հայերի դարն է լինելու, որովհետև մենք ստեղծագործ ժողովուրդ ենք, մեր ճանապարհը մտքի հզորության, մտքի արժեքի ճանապարհն է», - ասել է նա։

Նախագահ Սարգսյանը հորդանանահայերին նաև տեղեկացրել է, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին հրավիրել է այցելել Հայաստան։ 

Նշենք, որ Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել էր նաև  Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ: Շնորհակալություն հայտնելով համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Համաշխարհային տնտեսական համաժողովին իր երկարամյա մասնակցությունից դրական փորձառություն և տպավորություններ ունի։ Զրուցակիցները խոսել են նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին։ Նշելով «Չորրորդ արդյունաբերական հեղափոխության կենտրոն» կազմակերպության հետ համագործակցություն սկսելու մտադրության մասին՝ զրուցակիցներն ասել են, որ հաջող մեկնարկը փոխգործակցության նոր հնարավորություններ կբացի։ «Չորրորդ արդյունաբերական հեղափոխության կենտրոն»-ը գլոբալ, բազմակողմ համագործակցության հանգույց է, որի նպատակն է զարգացնել և առաջ մղել գիտության և տեխնոլոգիաների առավելությունների վրա հիմնված գործակցությունը։

 

 

 

Վերջում ավելացնենք, որ  Արմեն Սարգսյանն Ամմանից աշխատանքային այցով ապրիլի 7-9-ը մեկնել է Պորտուգալիայի Հանրապետություն:

Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս կմասնակցի Horasis վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է:

«Horasis»-ն անկախ միջազգային թինք-թանք է, որը համագործակցության ու գիտելիքներ փոխանակելու համար հարթակ է տրամադրում մասնավորապես զարգացած երկրներին ու զարգացող շուկաներին: Վերլուծական կենտրոնն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների հետ: Կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա հանդիպումների ընթացքում առաջարկվում են ռազմավարական լուծումներ այն խնդիրների ու մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և խոշոր ընկերությունները:

Հանրապետության նախագահը որպես բանախոս ելույթ կունենա «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող քննարկման շրջանակում:

Այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի և վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ:

Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ: Այն ստեղծվել է 1956 թվականին՝ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկայնի կտակի համաձայն: Հիմնադրամն իրականացնում է տարատեսակ ծրագրեր՝ ուղղված գիտության, կրթության ու արվեստի զարգացմանը, ամեն տարի կրթաթոշակներ և դրամաշնորհներ տրամադրում տարբեր ինստիտուտների, կազմակերպությունների ու անհատների՝ այս ոլորտներում գործունեություն իրականացնելու նպատակով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее