Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ապրիլի 9-ին ՀՀ նախագահի երդմնակալության արարողության և «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործելակերպի մասին, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասաց, որ անընդունելի է համարում, երբ ընտրություններից հետո արդյունքներից դժգոհ ընդդիմադիր թեկնածուն ինքն իրեն նախագահ է հռչակում:
«Ընտրությունների արդյունքում երկրում ձևավորել է վտանգավոր նախադեպ, երբ ընտրության արդյունքից դժգոհ որևէ թեկնածուն կարող է իրեն հռչակել երկրի նախագահ, թագավոր, ընդունելի չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Արթուր Բաղդասարյանը ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մի քանի հնարավոր ուղի է տեսնում: Առաջին ուղին այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չի ճանաչում ընտրությունների արդյունքները և շարունակում է պայքարել փողոցներում և հրապարակներում, կամ ճանաչում է ընտրությունների արդյունքներն ու իրեն ընդդիմադիր առաջնորդ հայտարարում: Ըստ ԱԽ քարտուղարի` հնարավոր է նաև երրորդ ուղի, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը համագործակցության եզրեր կփնտրի իշխանության հետ:
Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը խոսեց նաև այսօր մամուլում տեղ գտած սկանդալային այն դիտարկման վերաբերյալ, թե վերջինս կասկածի տակ է դնում ՀՀ իշխանությունների լեգիտիմությունը: «Իհարկե, ոչ, որովհետև ՕԵԿ-ը եղել է Սերժ Սարգսյանին սատարող հիմնական քաղաքական ուժերից մեկը»,- ասաց Ա. Բաղդասարյանը։ Ըստ նրա` նման դիտարկման հեղինակներն իր հայտարարությունը պարզապես դիտարկել են կոնտեքստից դուրս: