Վերջին օրերին իր գործողություններով իրադարձությունների գլխավոր հերոսը դարձած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օրենքով սահմանված մշտապես գործող անկախ մարմին է: Բայց այդպես է արդյո՞ք իրականում: Այդ կապակցությամբ թե սպառողները, թե նրանց շահերը պաշտպանելուն կոչված հասարակական կազմակերպությունները միշտ էլ ունեցել են բացասական կարծիք և գտել են, որ հանձնաժողովի գործողություններն անմիջականորեն ուղղորդվում են իշխանական ավելի բարձր ատյաններից:
Եվ ահա ի հայտ եկավ այդ դիրքորոշման ևս մեկ ապացույց: Հուլիսի 5-ի մամուլի ասուլիսում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է. «Դուք կարծում եք աշխատավարձերի բարձրացման այս փուլում նախագահ Սերժ Սարգսյանի կամ կառավարության համար ցանկալի՞ էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հրաման տալը»։
Այսպիսով, պարզվում է, որ անկախ համարվող հանձնաժողովին ոչ միայն ընդամենն ուղղորդում են, այլև ավելին՝ Նախագահը կամ կառավարությունն ուղղակիորեն հրաման են տալիս: Ոչ այն է՝ խնդաս, ոչ այն է՝ լաս, բայց, հավանաբար, բանախոսը այդ ասուլիսին ունեցել է անկեղծության պոռթկում: Չմոռանանք, որ նա ևս 3 տարի պաշտոնավարել է անկախ մարմնում (Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում) և պիտի որ գիտենար մշտապես գործող անկախ մարմնի գործունեության առանձնահատկությունները: Բայց ոչ՝ նա նախընտրում է խոսել հրամաններից: Հավանաբար, իրեն էլ են իր պաշտոնավարման ընթացքում հրամաններ տվել: Անտեղյակ ընթերցողին տեղեկացնենք, որ անկախ հանձնաժողովը հենց նրա համար է անկախ, որ որևէ այլ մարմնից որևէ մեկը իրեն հրամաններ և ցուցումներ տալու հնարավորություն չունենա:
Սակայն շարունակենք ընթերցել բանախոսի մտքերը. «Դրան առաջին հերթին դեմ էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (է՝ դեմ էր՝ թող դեմ քվեարկեր. հեղ.): «Ի՞նչ եք կարծում, կգտնվի՞ արդյոք ՀՀ մի քաղաքացի, որը կցանկանար էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում: Պատահական չէ, որ հանձնաժողովի նիստից առաջ երկար քննարկում տեղի ունեցավ նաեւ կառավարութունում, որտեղ ելք էին փնտրում այս վիճակից: Եվ բնականաբար, քանի որ այլ տարբերակ չկար, և քանի որ համոզվեցին, որ ստեղծված պայմաններում այլընտրանք չկա, հենց ՀՀԿ-ի առաջարկով ստեղծվեց համապատասխան հանձնաժողով` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեությունը ստուգելու նպատակով»:
Բաղդասարյանն ընդգծել է, որ բոլոր տարբերակներն ուսումնասիրելուց հետո, եզրակացրել են՝ թանկացումը պետք է կատարվի տվյալ փուլում:
Ավելի պարզ չես ասի: Մարդն անկեղծորեն ամեն ինչ շարադրել է:
Չի կարող անկախ համարվել այն մարմինը, որի բոլոր անդամներին նշանակում է մեկ անձ: Այդ օրենքը պետք է փոխվի: Ու որքան վաղ, այնքան լավ: