Հոկտեմբերի 27-ին, ժամը 08:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենայի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) գազաբալոնային համակարգը խողովակով միացվել է կենցաղային գազի բալոնին, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Տան բնակիչները՝ Նորիկ Մ.-ն (ծնված 1958 թ.) և Վարդուհի Գ.-ն (ծնված 1958 թ.), տեղում մահացել են, իսկ վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Այնուհետև տուժածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ:
Պայթյունի հետևանքով վնասվել է «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան, փլուզվել՝ տան քարե ցանկապատի մոտ 2 քմ հատվածը, ինչպես նաև կոտրվել են տան պատուհանները. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:
Փրկարարները հոսանքազրկել են «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
shamshyan.com-ը գրում է, որ պայթյունի պատճառը եղել է այն, որ ամուսիններն իրենց տան դիմաց կայանված Kia մակնիշի 10 NN 110 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնից ռետինե խողովակ են միացրել և այն երկարացված վիճակում բերել են, այգում տեղադրված օղի թորելու հարմարանքին են միացրել՝ փորձելով այդկերպ կրակ ստանալ, ինչն էլ, ցավոք, պայթյունի պատճառ է դարձել։
Կնոջ մարմինն ամբողջովին մասերի է բաժանվել, ամուսնու մարմինն էլ 2 մասի է բաժանվել։


