Հայաստանի զինված ուժերում անցած օրերին տեղի ունեցած 4 միջադեպի հետևանքով վիրավորվել է 6 զինծառայող։ Նրանք բոլորը կայուն վիճակում են՝ տարբեր աստիճանի վնասվածքներով։
Այսպես, շաբաթ օրն առաջնագծում ականի պայթյունից վիրավորվել են նրանցից երեքը։ Վիրավորվածներից Գևորգ Հովհաննիսյանը տեղափոխվել է Երևան։ Մուրացանի հոսպիտալից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ նրա ձախ ոտնաթաթն ամպուտացվել է, վնասվածք կա նաև դեմքի ձախ հատվածում, վիճակը ծանր կայուն է։

Նույն միջադեպի հետևանքով Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել զինծառայողներ Արայիկ Բալայանն ու Հրաչիկ Քոչարյանը։ Հոսպիտալից հայտնել են, որ զինծառայողների վիճակը բավարար է։
Նույն շաբաթ օրը մեկ այլ դեպքի պատճառով որովայնի հրազենային վնասվածք է ստացել Արցախի պաշտպանության բանակի մեկ այլ զինծառայող՝ Արգիշտի Հակոբյանը: Երեկ նա տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի հոսպիտալ։ Այնտեղից տեղեկացրել են, որ զինծառայողի վիճակը կայուն ծանր է։

Հաջորդ օրը՝ կիրակի, Արցախի առաջնագծում հրազենային վիրավորում է ստացել մեկ այլ զինծառայող՝ Ռաֆիկ Վահանյանը։ Աչքի շրջանում հրազենային վնասվածքով նրան այսօր Ստեփանակերտից տեղափոխել են Երևան։ Մուրացանի հոսպիտալում նախնական զննումից հետո նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Ավելի ուշ զինծառայողը տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ էլ նրան վերջնական կհետազոտեն նեղ մասնագետները։

Վեցերորդ զինծառայողը, որ տեղափոխվել է զինհոսպիտալ, Սյունիքի զորամասերից մեկից է։ Բուժման է ուղարկվել ձախ գոտկային շրջանում հրազենային վնասվածքով։
Միջադեպերի պատճառներն առայժմ չեն հրապարակվում։


