▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանձնատներ, բնակարան, ավտոմեքենա, 34 մլն դրամ եկամուտ․ Սիսակ Գաբրիելյանի և կնոջ ունեցվածքը

Գործադիրի իրենց գործընկերների նմանությամբ իշխանական խմբակցության պատգամավորները նախորդ 6 տարիների ընթացքում շեշտակի բարելավել են իրենց կենսամակարդակը, նրանցից շատերը դարձել են առնվազն դրամային միլիոնատերեր։

Օրագիրն է գրում ու հավելում․ «Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և նրա կնոջ՝ Անի Բաղդասարյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Սիսակ Գաբրիելյանը նախկին լրագրող է, նա աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանում։ 2018-ի և 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերջինս պատգամավոր է ընտրվել Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակներով։ 8-րդ գումարման խորհրդարանում նա ղեկավարում է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը։

Որպես անշարժ գույք՝ Սիսակ Գաբրիելյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ գնված 1987 թվականի հունվարի 1-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ 1 առանձնատուն՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքում, որը նա գնել է 2021 թվականի սեպտեմբերի 23-ին։ Տարեվերջին Գաբրիելյանի բնակարանն ու առանձնատունը պահպանվել են։

Որպես շարժական գույք՝ ՔՊ-ական պատգամավորը տարեսկզբին հայտարարագրել է 2018 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա՝ գնված 2021 թվականի հուլիսի 12-ին, որը 2023-ի նոյեմբերի 13-ին վաճառել է ոմն Սուրեն Սարգսյանի՝ 8․000․000 դրամով։ Մեքենան վաճառելու նույն օրը իշխանական պատգամավորը 12․000․000 դրամով գնել է 2022 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա՝ ոմն Ախիջանյան Գոհարից։

Սիսակ Գաբրիելյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 257․602, տարեվերջին՝ 598․975,83 դրամ։ Կանխիկ դրամ իշխանական պատգամավորը չի հայտարարագրել, ամբողջ տարվա ընթացքում դատարկ է եղել նաև iDram-ում նրա բացած էլեկտրոնային հաշիվը։

Գաբրիելյանի տարեկան եկամուտները կազմել են 25․870․660 դրամ, որից 11․930․530 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 8․000․000 դրամը՝ մեքենան օտարելու արդյունքում ստացած եկամուտը, 4․000․000 դրամ՝ Հայէկոնոմ բանկից ստացած փոխառությունը։ Պատգամավորը 1․940․130 դրամ եկամուտ էլ հայտարարագրել է Պետական եկամուտների կոմիտեից՝ քաղաքացիաիրավական պայմանագրերով։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24․044․000 դրամ։

Գաբրիելյանն իր եկամուտներից 3․800․000 դրամ հատկացրել է անշարժ գույքի վերանորոգման ծախսերին։

Պատգամավորի կինը՝ Անի Բաղդասարյանը, աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես խմբագիր։

Որպես անշարժ գույք՝ նա հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 սեփական տուն՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, որը նա գնել է 2021 թվականի սեպտեմբերի 25-ին։ Տարեվերջին այս տունը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Բաղդասարյանը չի հայտարարագրել։

Պատգամավորի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 380․805,26 դրամ, իսկ տարեվերջին 171․350 դրամ։ Ի տարբերություն իր պատգամավոր ամուսնու՝ Անի Բաղդասարյանը հայտարարագրել է նաև կանխիկ դրամական միջոցներ․ տարեսկզբին 900․000 դրամ, տարեվերջին՝ 1․500․000 դրամ։

ՔՊ-ական պատգամավորի կնոջ տարեկան եկամուտները կազմել են 8․424․554, որից 8․242․861 դրամը Հանրային հեռուստաընկերությունից, 181․693 դրամն էլ՝ Երևանի պետական համասարանից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2․140․866 դրամ։

Նա նույնպես իր եկամուտներից 2․100․000 դրամ հատկացրել է անշարժ գույքի վերանորոգման ծախսերին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее