G7-ի նոր որոշումը միայն կխորացնի Ուկրաինական ճգնաժամը, ոչ ավելին
Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատումը շարունակվում է առանց երկու կողմերի միջև առկա լարվածության թուլացման հեռանկարի: Ուկրաինայի ճգնաժամով պայմանավորված ինչպես հիշում եք G7-ի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան, Ռուսաստանի նկատմամբ կիրառել էին պատժամիջոցներ, հատկապես Ղրիմի` Ռուսաստանին միացման համատեքստում: Այս երկրները կրկին տարածել են հաղորդագրություն, որում պատրաստակամություն են հայտնում խստացնել Ռուսաստանի նկատմամբ արդեն իսկ սահմանված պատժամիջոցները: Դատելով հաղորդագրության բովանդակությունից `դրա հիմնական պատճառը, «հաջորդ ամիս Ուկրաինայում խաղաղ ընտրությունների ապահովման անհրաժեշտությունն է»: Ինչպես հաղորդվում է G7-ի երկրները նոր պատժամիջոցների սահմանման հարցում իրենք կգործեն արագ ու համատեղ։
Փաստորեն Ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ մոտեցումը, առնվազն Արևմուտքի կողմից չի փոխվում:
Հակամարտության առաջին իսկ օրվանից Արևմուտքտը խոսում է պատժամիջոցների սպառնալիքի և դրանց գործնական կիրառման լեզվով: Ռուսաստանն էլ դրան ի պատասխան, կա´մ պատասխանում է որոշ փոխադարձ պատժամիջոցներով, կա´մ էլ առհասարակ առհամարում է դրանք` առաջ տանելով իր քաղաքականությունը, անկախ նրանից դա ինչ-որ մեկին դուր գալիս է, թե` ոչ: Այս պարագայում չեմ կարծում, որ իրադարձությունների նման միտումը կարող է որևէ դրական արդյունքի հանգեցնել:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Արևմուտքը Ռուսաստանին պարզապես ցանկանում է «արյունաքամ» անելով ծնկի բերել և ոչնչացնել: Բայց գիտեք ինչ երբ ինչ-որ մեկին սկսում ես մեկուսացնել, ճնշել և թողնել անելանելի վիճակում, և ըստ երևույթին, փախչելու տեղ չես թողնում, ապա այդ մարդն ակամայից հավաքվում է և սկսում է կատաղի պայքար մղել քեզ հետ` չտեսնելով որևէ այլընտրանք: Սա շատ տարրական երևույթ է: Այս կոնտեքստում ցանկանում եմ մեջբերել անտիկ ժամանակաշրջանի չինացի մեծագույն ստրատեգ Սուն Ցզիին: Նա ասում էր, որ թշնամուն երբեք չի կարելի «դեմ տալ պատին», թշնամու զորքի համար մշտապես պետք է թողնել ետ նահանջելու, կամ էլ փախչելու հնարավորություն, այլապես նա քեզ հետ կմղի կատաղի պայքար և կանի դա մինչև, որ կսպառի արյան վերջին կաթիլը` հասկանալով որ դրան այլընտրանքը միևնույնն է մահն է:
Ասածս հետևյալ է` Արևմուտքը ստեծում է այնպիսի պայմաններ և փորձում է Ռուսաստանին թելադրել այնպիսի լուծում Ուկրաինական հակամարտության համար, որը վերջինիս ընդունել պարզապես չի կարող: Այլ կերպ ասած փոխարենն Արևմուտքն ու Ռուսաստանը փորձեն միմյանց հետ լեզու գտնել` հասնելու համար այնպիսի արդյունքի, որը թույլ կտա երկուսին էլ երեսները փրկած դուրս գալ այս ճահճից, ավելի են խորացնում իրենց միջև եղած անդունդը: Արևմուտքի կողմից պատժամիջոցների առավել խստացումը համենայնդեպս բնավ կառուցողական քայլ չէ: Այն կառուցողական չէ այն իմաստով, որ Ռուսաստանն էլ իր հերթին, կա´մ հակահարված կտա, կա´մ էլ կշարունակի արհամարել դրանք այնպես ինչպես մինչ այժմ էր անում: Պուտինն իր վերջին հայտարարություններում պարզ լեզվով հասկացնել է տալիս, որ պատժամիջոցների լեզվով Ռուսաստանին կամք թելադրելն անհնար է և ոչ արդյունավետ:
Այնպես որ վերը նշված G7-ի որոշումն ու դրանից բխող գործողություններն ընդամենը կխորացնեն ճգնաժամը, ոչ ավելին: