Երեկ՝ օգոստոսի 3-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Գալյա Յ-ն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս ծայրահեղ ծանր վիճակում նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 11-ին «Չարենցավան» բժշկական կենտրոնից։
Այդ օրը, ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Գևորգ Ա-ն ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս է եղել, երբ ավտոմեքենայի ջեռուցման համակարգը խափանվել է, և դրա հետևանքով առաջացել է գոլորշի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ինչը Չարենցավանի ոստիկաններն ու քննիչները պարզում են, ավտոմեքենայի առջևում նստած Գալյա Յ-ն, վախենալով, առջևի աջ դուռը բացել և իրեն նետել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» ԲԿ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։