Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
shamshyan.com-ն է գրում և նշում, որ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները, բացելով նշված փողոցի թիվ 14 տան դուռը, լոգարանում գազախողովակից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի, իսկ ննջարանում՝ անկողնում՝ մեկ այլ տղամարդու դի:
Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները և պարզում են մահացածների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են: Նրանք են՝ 80-ամյա Ալբերտ Կ.-ն և նրա որդին՝ 46-ամյա Կարեն Կ-ն: