Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ հունվարի 21-ին կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կոտայքի մարզի մի բնակիչ, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում անհայտ անձինք հրազենի գործադրմամբ շուն են վնասել։
Պարզվել է, որ Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 7-րդ փողոցում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը կրակելու միջոցով սատկացրել է «Գերմանական հովվաշուն» ցեղատեսակի շանը, ապա դիմել փախուստի։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ շունը պատկանում է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբաններից մեկին։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։