Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ կարճ հարցուպատասխանի ժամանակ գործարար Սամվել Կարապետյանը վստահեցրել է` հայ-ռուսական հարաբերություններում ինքը ոչ մի սրացում չի տեսնում: Սամվել Կարապետյանը խոսել է նաև ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու, ՀԷՑ-ն՝ իրենից խլելու խոսակցությունների մասին։ |
Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում՝ Մյուռոնօրհնության կնքահայրն այս անգամ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է: Նախորդ անգամ` 2015-ին, Սրբալույս Մյուռոնի օրհնության կնքահայրը դարձել էր Մայր Աթոռի բարերար Հայկ Տիտիզյանն Անգլիայից: Սրբազան ավանդության համաձայն, երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչը Սրբալույս Մյուռոնի օրհնություն կատարեց, Մյուռոնի կնքահայրության պատիվը շնորհեց հայոց Տրդատ արքային, ով ստանձնեց հայության համար պատրաստված հրաշազարդ յուղի պաշտպանությունն ու հովանավորությունը: Հայ եկեղեցու որոշ արարողակարգեր, ինչպիսին Ջրօրհնեքն է կամ Մյուռոնօրհնեքը, ունեն իրենց «կնքահայրերը»: Ջրօրհնեքի կնքահորն անվանում են «Խաչի քավոր», իսկ Մյուռոնօրհնության կնքահորը` «Մյուռոնի քավոր»: Վերջին շրջանում այս երկու արարողությունների կնքահայրերը եկեղեցանվեր աշխարհականներ են` ի նշան հավատացյալ ժողովրդի աղոթքների: Կնքահայրը ունի իր կարևոր դերակատարությունը Մյուռոնօրհնության ընթացքում: Մյուռոնօրհնության թափորի մեջ` Հայրապետի անմիջապես առջևում, ծիսական մետաքսե շապիկով քայլում է կնքահայրը, ով, սովորաբար բարձրանալով Բեմ, օգնում է բացել Կաթսան: Հայ առաքելական եկեղեցում Սրբալույս Մյուռոնի օրհնությունը սովորաբար տեղի է ունենում 7 տարին մեկ, սակայն, հանգամանքների բերումով, այս անգամ մյուռոնօրհնեքը հետաձգվեց 2 տարով |