«Երբ ՍԴ-ն հունվարի վերջին կասեցրել էր 76-րդ հոդվածի գործունեությունը, որը վերաբերում էր կուտակայինի բաղադրիչը չկատարելու համար նախատեսված տուգանքներին, պարտադրում էին կատարել փոխանցումը, հարց տվեցի Ձեզ` ասացիք, թե ճիշտ է ՍԴ-ն կասեցրել է, բայց հոդվածի մյուս դրույթները գործում են և յուրքանչյուր օրինապահ քաղաքացի պարտավոր է ենթարկվել օրենքին: Հիմա դուք եք բերել նախագիծ` այդ նույն 76-րդ հոդվածը կասեցնելու մասին: Հիմա էլի ասում եք, որ օրենքի մնացած դրույթները, այդ թվում` դրույթը, որ ասում է, թե 1974 թվականից հետո ծնվածները պետք է պարտադիր մասնակցեն պարտադիր կուտակային համակարգին: Հիմա դուք ասում եք, որ օրենքի մյուս դրույթնրեն ուժի մեջ են և օրինապահ քաղաքացիները պետք է ենթարկվեն դրան:
Կա խնդիր` աշխատողների իրավունքների հետ կապված: Հիմա, ասենք այս օրենքի ընդունումից հետո սոցապնախարարության աշխատակիցներն այդ պարտադիր մասհանումներն իրականացնելո՞ւ են, թե՞ ոչ: Մարդկանց հաճախ ընտրության առջև են դնում. կամ պահում ենք, կամ հեռանում եք աշխատանքից: Աշխատողը կարո՞ղ է արգելել իր գործատուին` վճարել պարտադիր բաղադրիչը»,-խոսքն ուղղելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` հարցրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` շարունակելով.
«Դուք ասում եք, որ պարտադիր բաղադրիչը չիրականացնելու համար իրավական հետևանքներ չեն լինի, բայց մենք այսօր ունենք էլեկտրոնային հաշվետվությունների ձևեր, որտեղ այդ պարտադիր կուտակային բաղադրիչի հաշվարկն, ըստ էության, պարտադիր է, որովհետև էլեկտրոնային համակարգն առանց այդ բաղադրիչի չի ընդունում հաշվետվությունները: Արդյունքում հաշվետվությունը չի ընդունի, առաջանում է իրավական խնդիր: Հիմա հաշվետվությունների այդ կետը լրացնելը պարտադիր է, թե՞ ոչ»:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ իրավական հետևանքներ չեն առաջանում, պարտադիր վճարներ փոխանցող անձը ազատվում է օրենքով նախատեսված պատասխանատվությունից` ուշացնելու կամ չկատարելու դեպքում:
«Ինչ վերաբերում է հաշվետվություններին` այն հետևյալն է. գործատուն ոչ թե առանձին-առանձին լրացնում է այդ դաշտերը, այլ ինքնաշխատ եղանակով է լրացվում»,-պատասխանեց Արտեմ Ասատրյանը:
Պատասխանը չգոհացրեց Ն.Փաշինյանին և նա հարցը ևս մեկ անգամ կրկնեց.
«Աշխատողը կարո՞ղ է ասել, որ չկատարեն պարտադիր վճարումներ ու պահումներ»:
«Դա գործատուի և աշխատողի որոշելիքն է»,-եղավ պատասխանը: