Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, բացահայտվել հանցագործությունների այլ դրվագներ ևս:
2016 թվականի նոյեմբերի 8-ին քաղաքացի Լիանա Եղիազարյանից հաղորդում էր ստացվել առ այն, որ 2016 թվականի նոյեմբերի 3-ին` ժամը 18:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի շենքերից մեկի շքամուտքում ենթարկվել է ավազակային հարձակման. 2 անձինք հարձակվել են իր վրա, դանակի սպառնալիքով և բռնություն գործադրելով հափշտակել են իր ոսկյա վզնոցը` 2 ոսկյա խաչերի հետ միասին, դրամապանակը և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցված քեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական մեծածավալ գործողությունների արդյուքնում պարզվել են դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, ինչպես նաև՝ բացահայտվել հանցագործության 2 այլ դրվագներ ևս:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ կնոջ նկատմամբ ավազակային հարձակումն իրականացրել են 20-ամյա երիտասարդը՝ 30-ամյա տղամարդու հետ նախնական համաձայնությամբ։ 2016 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, նշված երկու անձինք Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացի Լ.Եղիազարյանի հետևից մտել են վերելակ: Նախնական դերաբաշխման համաձայն՝ 20-ամյա երիտասարդը սեղմել է վերելակի «կանգ» սեղմակը, իսկ 30-ամյա տղամարդը հարձակվել է կնոջ վրա, դանակը պահելով պարանոցին՝ սպառնացել կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրել։ Ապա ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով կնոջ մարմնի տարբեր մասերին՝ հափշտակել են վերջինիս ոսկյա շղթան, 2 ոսկյա խաչերը, դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, և դիմել փախուստի։
Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են 30-ամյա տղամարդու կողմից կատարված այլ հանցագործություններ ևս։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս 2016թ. հոկտեմբերի 10-ին Շենգավիթ վարչական շրջանում կողոպտել է իր երկու անչափահաս երեխաների հետ տուն վերադարձող կնոջը. պարանոցից պոկել է նրա ոսկյա շղթան, իսկ 2016թ. նոյեմբերի 3-ին փորձել է կողոպտել մեկ այլ կնոջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցանք ավարտին հասցնել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, իսկ 30-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի, 34-176-րդ հոդվածի 1-ին մասի և 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: